Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում թեժ աշուն է սպասվում՝ ընտրական առումով։ Հանրապետության ոչ թե մի շարք, այլ բազմաթիվ համայնքներում լրանում են համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետները, ու պետք է անցկացվեն ընտրություններ։
Ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրեն օրենքով վերապահված 4-ի փոխարեն այս պահին արդեն 3 օր է նախատեսել՝ մարտի 14, սեպտեմբերի 26, հոկտեմբերի 17։ Մնացածն արդեն պատկան մարմինները, այս դեպքում՝ մարզպետները պետք է որոշեն, թե իրենք կոնկրետ իրենց համայնքում այս երեք օրերից որ օրն են նշանակում ընտրություն։ Չի բացառվում, որ ԿԸՀ-ն չորրորդ ամսաթիվն էլ ավելացնի։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հերթական ընտրությունների նշանակման համար սահմանված է նվազագույնը 70-օրյա ժամկետ, այսինքն՝ քվեարկության օրվանից հաշված ոչ պակաս, քան 70 օր առաջ իրավասու մարմինը պետք է նշանակի ընտրության օրը։ Իսկ արտահերթի դեպքում այդ ժամկետը 40 օրն է, եւ արտահերթ ընտրություններ նշանակելու իրավասությունն էլ կառավարությանն է։
«Հիմա, մարտի 14-ի պարագայում, որպեսզի տեղի ունենային ընտրություններ, բնական է՝ դրանք պետք է նախապես նշանակված լինեին Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանմամբ։ Բայց քանի որ գտնվում ենք ռազմական եւ արտակարգ դրության պայմաններում, ըստ էության, մարտի 14-ի հետ կապված ընտրություններ ՏԻՄ-երում նշանակված չեն, եւ եթե հարցնեն՝ հնարավո՞ր է, որ նշանակվեն, պատասխանը միանշանակ «ոչ» է, որովհետեւ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներն արդեն սպառվել են։ Ուստի, այսօր կարող ենք փաստել, որ մարտի 14-ին, բնականաբար, ընտրություններ չենք ունենա, բայց ունենք նշանակված եւս երկու օր՝ սեպտեմբերի 26-ն ու հոկտեմբերի 17-ը, հիմա թե որ օրը որ համայնքներում կլինեն այդ ընտրությունները, դա կորոշեն իրավասու մարմինները»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։
Կարդացեք նաև
– Ձեր հաշվարկով՝ այս տարի քանի՞ համայնքում ընտրություն կունենանք։
– Համայնքների թիվը շատ մեծ է, որովհետեւ, պայմանականորեն ասած՝ սա մեծ ՏԻՄ-ի տարի կարելի է համարել, որովհետեւ մենք, ըստ էության, շատ ավելի մեծ թվով համայնքների ընտրություններ, որոնք ունեցել ենք սրանից առաջ, դրանց լիազորությունները լրանում են 2021 թվականին։ Եվ ես կարծում եմ՝ մի քանի հարյուր համայնքում կունենանք ընտրություններ։ Չի բացառվում, որ ունենանք նաեւ խոշորացումներ համայնքների։ Էստեղ պետք է նշեմ նաեւ մի շատ կարեւոր ու նոր ինստիտուտի մասին, որ մենք խոշորացված համայնքներում եւ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում նախատեսվում է ընտրություններն անցկացնել արդեն համամասնական ընտրակարգով։ Եվ էստեղ օրենքն ամրագրել է, որ նշանակման որոշման հենց այդ օրվա դրությամբ պետք է գրվի նաեւ ընտրակարգը՝ համամասնակա՞ն ընտրակարգով է, թե՞ մեծամասնական։ Բայց այս պահին զերծ կմնամ ինչ-որ թվեր կոնկրետացնելուց, թե որ համայնքում ինչ ընտրակարգ կլինի։ Այսօր ուղղակի կարող ենք փաստել, որ աշնանը ՏԻՄ ընտրությունների առումով բավականին ծանրաբեռնված տարի կլինի։
– Այս պահին հայտնի է, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Գյումրում, Վանաձորում, նաեւ՝ Իջեւանում։ Դրանցից բացի, էլ ո՞ր քաղաքներում, ըստ Ձեզ, ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։
– Դե, Իջեւանի հետ կապված՝ տեղյակ եք, որ այս պահին խոչընդոտում է, ըստ էության, ռազմական դրությունը, որն առկա է, իսկ մյուս քաղաքներից, որ կարող ենք արդեն միանշանակ ասել, որ Ստեփանավանում էլ կունենանք ընտրություններ, քանզի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցված են էնտեղ համայնքի ղեկավարի մահվան պատճառով։ Ինչ վերաբերում է խոշորացումներին, գիտեք, խոշորացումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով, եւ ավելի ամբողջական տեղեկատվության համար ավելի ճիշտ կլինի սպասել՝ ընտրություններին ավելի մոտ ժամանակ խոսել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում