Քանի որ Արցախում ստեղծված իրադրությունը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, գոնե պետք է որ արցախահայությանը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու և Արցախի բնակավայրերը վերականգնելու հարցը մեր իշխանությունների կողմից համարվի առաջնահերթ միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու հարցում։
Եվ այս տեսանկյունից կարևոր հնարավորություն էր ստեղծում վերջերս տեղի ունեցած Դավոսի տնտեսական համաժողովը։ Ընդ որում, Փաշինյանից չէր պահանջվելու գումար ծախսել և ժամանակ կորցնել շվեյցարական Դավոս հասնելու համար, քանի որ համաժողովն ընթանում էր առցանց, և նա կարող էր արտերկրյա գործընկերներին տեղեկացնել թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունների և Արցախին օգնություն տրամադրելու խնդրի վերաբերյալ։ Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախընտրեց չմասնակցել համաժողովին։
Երևի թե ավելի կարևոր գործեր ուներ։ Իսկ մեր փոխարեն Արցախին օգնություն տրամադրելու հարցը բարձրացվեց ոչ Հայաստանի կողմից։ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ՌԴ նախագահ Պուտինը կոչ արեց մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին պահելու և նրանց խոշտանգման ենթարկելու փաստը պետք է հայկական դիվանագիտության համար հիմք դառնար Ադրբեջանին միջազգային պրեսսինգի ենթարկելու և այդ պետության հանցագործ էությունը ցույց տալու համար, բայց այս և մյուս ռազմական հանցագործությունների խնդրով պետության փոխարեն միջազգային իրավական հարթակներում զբաղված են միայն ՄԻՊ-ը և այդ հարցերով մասնագիտացված իրավապաշտպանները։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվում են Փաշինյանի իշխանության լուռ և կամազուրկ կեցվածքից ու պարբերաբար նոր պահանջներ են առաջ քաշում։ Եվ իրապես խաբուսիկ չէ այն տպավորությունը, որ այսօր մենք անիշխանության պայմաններում ենք ապրում։
Հակառակորդի ախորժակը զսպելու գործառույթը իրենց վրա են վերցրել ոչ թե Հայաստանի ինքնիշխանության մասին ճառեր ասող իմքայլականները, այլ ռուս խաղաղապահները։ Նոյեմբերի 9-ից ՀՀ իշխանությունները փաստացի ամբողջությամբ կապիտուլացվել են և ի վիճակի չեն պաշտպանել հայության շահերը, բայց, միևնույն ժամանակ, նրանք սոսնձվել են իրենց աթոռներին և չեն ցանկանում հեռանալ՝ թերևս վախենալով, որ անխուսափելիորեն պատասխանատվություն են կրելու իրենց ապաշնորհության համար։ Մեղմ ասած՝ ապաշնորհության:
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում