Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ
– Ընդդիմությունն անցած տարվանից միավորման փորձեր է անում, սկզբում «3-ի ֆորմատ»-ն էր, «17»-ի, Հայրենիքի փրկության շարժում։ Ձեր կարծիքով՝ ֆորմատներից ո՞րն էր ավելի գործուն, ավելի աշխատունակ, եւ ինչո՞ւ չի ստացվում ընդդիմության պայքարը, եւ ընդդիմությունը չի կարողանում հասնել իր դրած նպատակին, ինչպես հայտարարել է՝ իշխանափոխության։
– Հիմնական նպատակը եղել է երկրի փրկության, ազգի փրկության հարցը, որ բոլորը միավորվեն։ Այսօրվա իրավիճակը, որ բոլորս էլ հասկանում ենք, որ մենք անդունդի մեջ ենք, շատ ծանր վիճակում ենք, ահավոր ծանր, եւ օր-օրի ավելի վատանում է, եւ հիմնական խնդիրը՝ որ ցնցումներ չլինեն, բախումներ, արտագաղթ չլինի։
– Բայց ձեր տարաձայնությունները, որքան հասկանում եմ, տակտիկական բնույթի են։
Կարդացեք նաև
– Մենք տարաձայնություն չունենք, դե, անհամաձայնություններ․․․ հիմա 3 հոգով էլ նստենք․․․
– Դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը 6-ամսյա ճանապարհային քարտեզ դրեց շրջանառության մեջ, խոստացավ, որ կգնա արտահերթ ընտրությունների, բայց օրերս այդ գաղափարից հրաժարվեց։ Ինչպե՞ս եք գնահատում դա, եւ ի՞նչ է փոխվում ձեր գործողությունների մեջ։
– Մեր քայլերի մեջ ոչ մի բան չի փոխվում։ Ինչ որ ասել եմ, էդ ասածները ես պահել եմ։ «Ազգային համաձայնություն» ասածը պետք է լիներ հունիսի 5-ին։ Որ 100 տոկոս հրաժարական լիներ, մենք էս վիճակում չէինք հայտնվի, եւ պատերազմը չէր լինի։ Ամբողջը, ինչ ասել եմ, կատարվել է՝ ձախողումները, պատերազմը, հող հանձնելը, անորոշ կարգավիճակը․․․ էս իրավիճակում անիմաստ էր, անհնար է որեւիցե հաջողություն։ Կապրենք, կտեսնենք՝ 3 ամիս անցել է, 3-ն էլ կանցնի։ Ավելի է վատանալու, ավելի է ծանրանալու։
Ես կարամ գրեմ, ստորագրեմ։ 3 ամիս անցել է, ոչ մի ծրագիր, ոչ մի առաջարկ, եւ հիմա արդեն ունենք 800 միլիոն դոլար գումար։ Հա, թող ներկայացնեն՝ էդ գումարը ո՞ր ոլորտում է դրվում, ի՞նչ է արվում։ Մեր ժողովուրդն աշխատող ժողովուրդ է, պետք է կազմակերպվի, կապերն ամրացվի, զարգանա։ Ամենակարեւոր խնդիրը ես ասեմ՝ մենք պետք է ամրացնենք մեր բարեկամական կապերը՝ վերականգնենք Ռուսաստանի հետ։ Ոչ միայն խոսքով։ Խոսքով, հասկանում են, բայց իրական էդ բարեկամական կապը պետք է վերականգնվի, ավելի հզորանա, ավելի զարգանա։ Մենք լիարժեք մեկ անգամ եւս տեսանք, որ աշխարհում Ռուսաստանն է հայ ժողովրդի բարեկամը՝ սրտացավ է, մտահոգ է։
– Իսկ ճի՞շտ են լուրերը, որ Փաշինյանը Ձեզ համագործակցության առաջարկ է արել։
– Այսինքն՝ էդ լուրերը որտեղի՞ց։
– Փոքր երկիր է, լուրերն արագ տարածվում են։
– Դե, մարդիկ քնում-հելնում են, իրենց եզրակացությունն են անում։ Ասեմ, որ այդպիսի բան չկա եւ չի էլ կարող լինել։
– Նույնիսկ եթե առաջարկի․․․
– Բացառված է։ Ես նորից եմ ասում՝ իշխանությանը հնարավորություն տրված էր։ Ժամանակ տրված է եղել 3 տարի։ Ազգովի, բոլորը միասնական սպասել են։ Նույնն էլ չի մնացել՝ ավելի ու ավելի վատ․․․ Դա արդեն բոլորին է հասկանալի․․․
Եղել է հանդիպում Փաշինյանի հետ, ԱԺ-ում։ Հարցադրումը եղել է, որ ինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եւ հրավիրել էր քննարկելու։ Մեր հանդիպումը կարճ է եղել, բոլորը գիտեն, ես ասել եմ, որ մինչեւ Դուք հրաժարական չտաք, տվյալ թեմայով քննարկմանը չեմ մասնակցի։ Ու ավարտվել է։ Դիմել են, այո, ես ասել եմ՝ չեմ մասնակցելու։ Բայց ուզում եմ ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ երբ որ տեղի ունենան, «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, եւ բոլորն էլ թող իմանան՝ մենակ, առանց դաշինքի, առանց որեւիցե մի կուսակցության։ Ոչ թե մարդիկ պատերի տակից լսեն, եզրակացնեն, այլ ես ասել եմ, մեկ անգամ եւս կրկնում եմ։
– Մի քիչ էլ պատերազմի մասին խոսենք․ ո՞րն էր պարտության պատճառը։ Հնարավո՞ր էր խուսափել։
– Ասեմ եւ ինչ որ ասում եմ, հիմնավորված, ոչ թե ավել-պակաս խոսելով, այլ իրականություն է։ Այո, կարող էր պատերազմ չլինել։ Առաջինը՝ հունիսի 5-ին ես տեղյակ եմ պահել, որ մենք 3-4 ամիս ժամանակ ունենք։ Եվ իմ ձերբակալության օրը, ԱԱԾ շենքի մոտ եմ ասել, որ Ղարաբաղը կորցնելու ենք։ Սա բոլորի համար հասկանալի էր Տավուշի դեպքերով, գեներալ մահացավ, էս-էն, դրանից հետո սկսվեցին զորավարժությունները։ Մենք պետք է նախապատրաստվեինք, Ռուսաստանի հետ պետք է բանակցեինք, բարեկամական կապը վերականգնեինք, նախապատրաստական աշխատանքներ տանեինք։ 21-րդ դարում պատերազմը ավտոմատով կռիվը չի։ Հիմնականն անօդաչուներն են եղել, որ մեր զոհերի 99 տոկոսը բեկորային վնասվածքներից է մահացել։ Օդային համակարգը պետք է փակվեր, ու դրա համար 2 հատ ՏՕՌ համակարգ էր պետք, դիվիզիոն, ամեն մեկը՝ 12 մեքենա, որը մեր ամբողջ Արցախի տարածքը փակում էր։
– Դե, իրենք ասում էին, որ փակ է օդը։
– Ասել են, թող պատասխան տան, բայց, մեկ ա՝ պատասխան են տալու։ Դա փակվել է, երբ Ռուսաստանը եկավ, նրանք փակեցին, եւ դրանից հետո ոչ մի բան չեղավ։ Եվ ամենակարեւորը՝ անկազմակերպ էին․․․
– Բայց վարչապետը Ձեզ էր մեղադրում, Արթուր Վանեցյանին, ասում էր՝ չեկան, չկռվեցին․․․
– Ուրեմն ասեմ, մինչեւ էսօր չեմ ասել․ կազմակերպել եմ, հավաքել եմ, եւ շտաբի պետը՝ Օնիկ Գասպարյանը ասել ա՝ էդ 2 հազարին տեղ չկա, որ ուղարկեմ՝ ջոկատ․․․ ջոկատ ուղարկեք։ Փորձնական շրջան են անցել։ Ուղարկել ենք 50-ով, 30-ով։ Ասել եմ՝ ես խոսք եմ տվել, ես պետք է գնամ, ասել է՝ ուղարկենք, հետո կարող ես գնալ, շրջել։ Մեքենաների համար կազմակերպել ենք, բոլորը ուղարկվել են։ Նախագահն էլ է տեղյակ՝ Բակո Սահակիչը, գնդի հրամանատարներն էլ, որտեղ ինչի պահանջ կա․․․ սկսած գիշերային հեռադիտակներից, ռացիաներից․․․ չեմ ուզում մանրանալ։
Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին Վոլոդինը Գոսդումայում նիստ է հրավիրել, որ իրենք պատրաստ են 3 ժամվա մեջ լինել Հայաստանում։ Այդ թղթերն ԱԺ-ն էլ է ստացել, ինձ էլ են տեղյակ պահել․․․
․․․Ռուսաստանն ասել է՝ պատրաստ ենք 3 ժամվա մեջ գալու, խաղաղապահ զորքերը դնելու եւ բանակցային խոսակցություն սկսելու։ Մերժվել են։ Բա եթե կարող էին առանց էս զոհերի, կորուստների, առանց խայտառակ կապիտուլյացիայի, անհետ կորածների, գերիների․․․ եթե մերժում ես, դու պետք է էնքան վստահ լինես, որ հաղթելու ես։ Ինչ ասում եմ, իրականություն է, փաստացի՝ զանգն էլ, պատասխանն էլ, փաստաթուղթն էլ կա։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում