Կարող ենք և պետք է ձգտենք այնպես անել, որ տուրիզմը զարթնի և սկսի դինամիկ վերականգնվել ու զարգանալ:
«Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով ամենատուժած ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության հնարավոր հեռանկարներին: Նա հայտնեց, որ մի շարք պետական կառույցների հարցեր ու առաջարկներ են ներկայացրել:
«Առաջարկել ենք աշխատել այն ուղղությամբ, որ դիվանագիտական խողովակներում մեր երկրի մասին ճիշտ ինֆորմացիա լինի: Կարծես թե, այդ գործընթացն սկսվել է: Համենայն դեպս, ինձ այդպես են տեղեկացրել զբոսաշրջության կոմիտեից: Ասել են, որ ԱԳՆ-ի միջոցով արդեն դիմել են,և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա:
Հստակեցնելով խնդիրը՝ նա ընդգծեց.«Շատ երկրներում և հատկապես մեզ համար նպատակային ու պոտենցիալ շուկաներում, ինչ-որ տեղ նաև թյուրիմացաբար, Հայաստանը դեռ խորհուրդ չտրվող երկրների ցանկում է գտնվում: Դա պայմանավորված է թե՛ կորոնավիրուսի, թե՛ միգուցե նաև հետպատերազմյան իրավիճակով: Բայց, օրինակ՝ Ռուսաստանում իրենց զբոսաշրջության ոլորտի իրավասու մարմնի՝ «Ռոստուրիզմի» կայքում Հայաստանն արդեն ընդգրկվել է խորհուրդ տրվող երկրների ցանկում: Դիվանագիտական բոլոր ուղիներով, սփյուռքի ներուժն օգտագործելով՝ ամեն ինչ պետք է անենք, որ այլ երկրներում մեր երկրի մասին ճիշտ տեղեկատվություն լինի, և Հայաստանը չդասեն խորհուրդ չտրվող երկրների ցանկում: Մեզ հավաստիացրել են, որ մեր հարցադրումների վերաբերյալ աշխատանքներ են տարվում: Սպասում ենք, բայց ժամանակը քիչ է, պետք է արագացնել»:
Կարդացեք նաև
Մեխակ Ապրեսյանը նշեց, որ արդեն դրսից տարբեր հարցումներ ու հետաքրքրություններ կան: «Օտարերկրյա գործընկերներին հուզող հարցեր կան՝ հատկապես անվտանգության վերաբերյալ: Եվ եթե իրավիճակը Հայաստանում ու տարածաշրջանում կայուն լինի, կարծում եմ՝ զբոսաշրջությունը կսկսի կամաց-կամաց զարթնել, վերականգնվել ու զարգանալ»,-նշեց մեր զրուցակիցը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում