Համացանցում երեկ մի տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ոտքերով եւ ձեռքերով ծեծում երկու քաղաքացու: Դեպքը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսի 22-ին ոստիկանության «Փոսի ԳԱԻ» անվամբ հայտնի ստորաբաժանման դիմաց, բայց այդ մասին հայտնի դարձավ տեսանյութի տարածումից հետո:
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչ՝ Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը եւ Սեյրան Սարգսյանը: Առանցքային տուժողը Արթուր Մեսրոպյանն է եւ նրա ազգական Տիգրան Մեսրոպյանը:
Ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով (Բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել մեղադրյալներ Սարգիս Մնացականյանի եւ Սահակ Խաչատրյանի պաշտպան Սմբատ Մինասյանը:
Կարդացեք նաև
– Պարոն Մինասյան, ձեր պաշտպանյալներն ընդունո՞ւմ են առաջադրված մեղադրանքները, թե՝ ոչ: Ի՞նչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ:
– Առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Ընդհանուր մեր դիրքորոշումը եղել է այն, որ սա միջանձնային խնդիր է եղել, ոչ թե պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
– Ասացիք՝ չեն ընդունում մեղքը, կա հրապարակված տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները մի քանի րոպե անընդմեջ ծեծում տուժողին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-… Տուժողը հարաբերական է: Ես չեմ ասում հարվածել են կամ չեն հարվածել, ընդունենք՝ երրորդ անձի անունով եմ ասում. երբ որ ճանապարհային ոստիկանությունն իր ծառայությունն է իրականացնում եւ խախտում կատարած ավտոմեքենան տեղափոխում է տուգանային հրապարակ, վարորդը՝ ձեր ասած տուժողը, գալիս է ոստիկանություն եւ խմած վիճակում սկսում է հայհոյանքներ հնչեցնել ոստիկանների հասցեին, ոստիկանին ասում՝ մեր ու մանուկդ…, ըստ ձեզ, ոստիկանը, որը 25 տարեկան է, գոնե իրավունք ունի՞ իր կնոջն ու երեխային պաշտպանի՝ մարդկային առումով եմ ասում:
– Բայց չէ՞ որ ոստիկանը արդեն իսկ կրում է համազգեստ, համարվում է իշխանության ներկայացուցիչ:
– Որ համազգեստ է կրում, կնոջն ու երեխային հայհոյեն՝ նորմա՞լ է… Ոստիկանի հասցեին կարելի է հայհոյա՞նք հնչեցնել: Անձին եթե վիրավորում են, ի՞նչ կապ ունի՝ ոստիկան է, քննիչ, թե լրագրող: Երբ ինքը խոչընդոտում է ոստիկանի օրինական աշխատանքին, ու մի հատ էլ հայհոյում է կնոջը, ոստիկանը պետք է կո՞ւլ տա: Չի կարելի տենց: Դրա համար մեր իրականությունը սենց է գնում:
– Դա նշանակում է, որ ոստիկանը պետք է անդադար հարվածնե՞ր հասցներ:
– Բա հոգեբանական վիճակը: Նորմալ տղուն, որ հարցնես՝ իր կնոջն ու էրեխուն հայհոյեն, ինչ կանի, կապ չունի ինքը ոստիկան է, կարող է ոստիկան չի, դատախազ է, ինչի դատախազը գալու էր զեկուցագիր գրե՞ր: Իրենց մեղադրում են ՀՀ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման համար: Ես միջնորդել եմ վերաորակել մեղադրանքը՝ նշելով, որ սա միջանձնային հարաբերություն է՝ ըստ հետեւանքի:
Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում