Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի շուրջ ինչ-որ բան է նախապատրաստվում, օղակը սեղմվում է

Փետրվար 13,2021 13:30

«Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների»՝ 3 օր առաջ հայտարարություն տարածեց ԱԱԾ սահմանապահ զորքերը:

Ասվում էր. «Ստեղծված օպերատիվ իրավիճակով եւ անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաեւ՝ էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»:

Մի կողմ թողնենք ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակման հարցը սեփական երկրում, մի կողմ թողնենք ԱԱԾ-ի սահմանապահ զորքերին խմբագրական գաղտնիքի ակամա հայտնման մասին, երբ պետք է թույլտվություն ստանանք, խնդիրն այն է, որ Սյունիքի շուրջ ինչ-որ բան է նախապատրաստվում, օղակը սեղմվում է:

Որ դա այդպես է, ավելի է հաստատվում, երբ ՄԻՊ-ի երեկվա ահազանգն ենք կարդում: «ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաեւ դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել եւս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի եւ վերջ:

Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների եւ զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի սպառնալիքների հաշվին:

Ադրբեջանական զինվորականների ներկայությամբ շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի, առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ եւ այլն), խաղաղ կյանքն ու անդորրը: Հետեւաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել եւս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որեւէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»:
Ակնհայտ ահազանգ է հնչեցվում ազերիների տեղաշարժի, ինչու ոչ՝ ինքնագործունեության մասին, ինչը տեղեկացվում էր մարզում մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների կողմից:

Պատմությունը ինձ տեղափոխեց «Համազանգեզուրյան առաջին համագումար», երբ 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Զանգեզուրի բնակչության ցանկությամբ Տաթեւի վանքում հրավիրվեց պատմական համագումարը, որը հռչակեց Սյունիքի ինքնավարությունը։ Համագումարին մասնակցեց սպարապետ Գարեգին Նժդեհը, ընդհանուր՝ 118 մարդ։

Համագումարին ստեղծվեց Ինքնավար Սյունիքի պառլամենտ, կառավարություն, վերահսկիչ մարմին, տեղական ինքնակառավարման մարմիններ, որոշումներ ընդունվեցին արտաքին եւ ներքին քաղաքականության կարեւոր հարցերի վերաբերյալ, ընտրվեց ղեկավար մարմիններ, սահմանվեց ղեկավար մարմինների անդամների լիազորությունները եւ պարտականությունները: Ամեն ինչ արվում էր Սյունիքը պաշտպանելու համար, չկորցնելու:

Օրակարգում դրված էր Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին հարցը, արտաքին քաղաքականության մարտահրավերների, մասնավորապես, հարաբերությունների կարգավորման հարցը. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ հարեւան թուրքերի հետ եւ Պարսկաստանի կառավարության: Բնականաբար, բարձրաձայնվել է ինքնապաշտպանության մասին, պարենավորման, մասնավոր եւ խոշոր սեփականությունների պետականացման մասին:

Ըստ այդ ժամանակաշրջանի՝ Լեռնահայաստանի հերոսամարտը ուսումնասիրած պատմաբանների տասնյակ աղբյուրների, Զանգեզուրը միշտ ցանկացել եւ ձգտել է լինել մայր հայրենիքի կազմում, սակայն «քանի որ հայ ժողովուրդը չի կարող հաշտվել այդ վարչակարգի հետ, Զանգեզուրը որոշել է մինչեւ այդ վարչակարգի վերացումը գործել անջատ եւ ապրել ինքնուրույն կարգով»։
Համազանգեզուրյան համագումարի որոշումներից մեկն այն էր. Ադրբեջանի հետ լինել բարեկամական, սակայն չհաստատել որեւէ սերտ հարաբերություն կամ ազատ երթեւեկություն մինչեւ այն պահը, երբ երկու ազգերի միջեւ կլինի կատարյալ վստահություն։
Նախատեսվել էր, որ Ինքնավար Սյունիքը պետք է ունենար իր ներկայացուցիչը Պարսկաստանում, ով պետք է առեւտրական եւ հաղորդակցության տեսակետից ավելի սերտ հարաբերությունների մեջ մտներ պարսկական կառավարության հետ։

«Սյունիքը Հայաստանի կազմում պահպանելու խնդիրը Գարեգին Նժդեհի աշխատություններում» ուսումնասիրության հեղինակը՝ Կ. Սուքիասյանը գրում է. «Ադրբեջանի խորհրդայնացումը (1920թ. ապրիլի 28) նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում. Անդրկովկաս էր վերադարձել Ռուսաստանը` երկրամասը վերագրավելու եւ այդտեղ խորհրդային կարգեր հաստատելու անխախտ նպատակամղումով: Եթե մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության մեջ էր մուսավաթական Ադրբեջանի հետ, ապա այժմ նրան փոխարինեց Խորհրդային Ադրբեջանը: Իսկ վերջինի դաշնակիցն ու հովանավորը Խորհրդային Ռուսաստանն էր: Արդեն ապրիլի 30-ին Երեւան հասավ բոլշեւիկյան Ադրբեջանի վերջնագիրը. պահանջվում էր հայկական զորքերից մաքրել Ղարաբաղն ու Զանգեզուրը: Դա խոսում էր ոչ միայն մուսավաթական եւ բոլշեւիկ ադրբեջանցիների քաղաքականության նույնության, այլեւ խորհրդային Կարմիր բանակի ներկայությունից առաջ եկած մեծ ոգեւորության մասին: Ըստ այդմ էլ` 1920թ. ամռանը Կապարգողթի` խորհրդային ուժերի դեմ պայքարելու անհրաժեշտությունը Գ. Նժդեհը բխեցնում էր հետեւյալից. Կապանի ներկայացուցիչները 1920թ. հուլիսի 11-ին տեսակցել էին Կարմիր բանակի պատվիրակության հետ եւ տեղեկացել, որ նրանք եկել էին Զանգեզուրն ու Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին կցելու համար:
Ինչպես տեսնում ենք, խորհրդային ուժերի դեմ սյունեցիների պայքարը Գ. Նժդեհը հիմնավորում է երկրամասն Ադրբեջանին կցելու հեռանկարը բացառելու տեսակետից: Պարզաբանենք, որ իրականում Մոսկվան Սյունիքն Ադրբեջանին միացնելու խնդիր չէր դրել: Սա հաստատվում է բազմաթիվ վավերագրերով:
Ամենայն հավանականությամբ, խորհրդային զինվորական կազմավորումների հրամանատարները սոսկ Բաքվի բոլշեւիկների տեսակետն են ներկայացրել սյունեցիներին: Կանգնած լինելով հանրապետության համար կործանարար հայ-ռուսական պատերազմի վտանգի առաջ` 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրով ՀՀ-ն համակերպվեց, որ Խորհրդային Ռուսաստանի զորքերը ժամանակավորապես ռազմակալեն «վիճելի» համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը: Սահմանվում էր, որ «Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումով չի կանխորոշվում այդ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության իրավունքների հարցը»:
Համաձայնագրի այս դրույթը եւս ակնհայտորեն փաստում է հետեւյալ իրողությունը. «Խորհրդային Ռուսաստանը չէր ցանկանում իր համար ռազմավարական կարեւորություն ունեցող այդ տարածքները տալ ոչ խորհրդային Հայաստանին: Նա նաեւ այդ տարածքներն իրավական առումով չէր հանձնում Խորհրդային Ադրբեջանին` Հայաստանին իր քաղաքականության ծիրում պահելու եւ ամբողջությամբ Արեւմուտքի գիրկը չնետելու համար»:

Ինչպես գիտենք, օգոստոսի 15-ին Դրոյի միջոցով Գ. Նժդեհը ստացավ ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի օգոստոսի 10-ի հրահանգը` իր զորամասով թողնել Զանգեզուրը եւ գալ Երեւան: Սակայն նա չենթարկվեց այս կարգադրությանը: Պայքարը շարունակելուն զորավարին մղում էր իր հաստատ համոզումը, թե Թիֆլիսի համաձայնագրով ՀՀ-ն ոչ թե միայն Զանգեզուրն էր հանձնում կարմիրներին, այլեւ «Արարատյան Հայաստանը»:

«Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրների լուսաբանման խնդիրը Ռուբեն Տեր-Մինասյանի աշխատություններում» ուսումնասիրության մեջ հեղինակը գրում է. «Հայաստանի առաջին հանրապետության շրջանում տարածքային վեճերի չկարգավորման պատճառների համակողմանի մեր օրերում հատկապես արդիական նշանակություն ունի Ղարաբաղյան խնդրի հիմնավորման սկզբնավորման պատճառների բացահայտման համար: Այս խնդրում անուրանալի ներդրում են ունեցել առաջին հանրապետության անկումից հետո արտերկրում հայտնված նախկին ղեկավար գործիչները, որոնք առավել հաճախ հուշագրական բնույթ կրող իրենց աշխատություններում անդրադարձել են նաեւ Հայաստանի տարածքային խնդիրներին: Վերը հիշատակված գործիչների թվում է նաեւ ՀՀ եւ ՀՅԴ նշանավոր կուսակցական-պետական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը, որը իր մի շարք աշխատություններում հանդես է եկել մի շարք առաջարկներով, կարեւոր տեղ է հատկացրել հայ -ադրբեջանական տարածքային խնդիրների լուսաբանմանը»: Ի դեպ, ըստ Ռուբենի, Լեռնային Ղարաբաղի, Լեռնային Ղազախի, Լեռնային Գանձակի պատկանելության վիճելի հարցը հօգուտ հայերի լուծված կարելի էր համարել, քանի որ այս գավառները ենթարկվում էին տեղական հայոց Ազգային խորհուրդներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728