Վահե Բաբաջանյանին վստահված է Նունե Սարգսյանի հեքիաթը ներկայացնել բալետարվեստում
Գրողներից, մեծամասամբ մանկագիրներից, մշտապես լսում ենք, որ դժվար է ստեղծագործել երեխաների համար։ Հայաստանյան, մասնավորապես՝ երեւանյան թատրոնների խաղացանկում ոչ մեծ թվով, բայց կան մանկական ներկայացումներ։
Դիտարկումը, իհարկե, չի վերաբերում մանկական թատրոններին։ Շուրջ երկու տարի առաջ՝ եթե չենք սխալվում, խամաճիկների թատրոնը Աննա Էլբակյանի ռեժիսուրայով իրականացրել էր ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնի» հեքիաթի բեմադրությունը։ Հեքիաթ, որը ժամանակակից է իր դրսեւորումներով եւ միեւնույն ժամանակ դասական՝ բառի իսկական իմաստով։
Ժամանակակից է, քանի որ հեքիաթում անտառի հերոսներն ապրում են մեր օրերում՝ համակարգչի ու համացանցի աշխարհում, իսկ դասական՝ քանի որ ստեղծագործությունը բարեկամության մասին է, հոգատարության, ազնվության ու նվիրվածության, ինչպես նաեւ բարի ու միմյանց նվիրված, անշահախնդիր կենդանիների մասին։
Կարդացեք նաև
Ի դեպ, Նունե Սարգսյանը, որը 20-ից ավելի մանկական գրքերի հեղինակ է, մի առիթով հարցին, թե ինչո՞ւմ է մանուկների համար ստեղծագործելու դժվարությունը, պատասխանել էր. «Այդ հարցին ավելի լավ կպատասխանի այն գրողը, որը չի գրում երեխաների համար։ Երեխայի համար գրելը լուրջ եւ բարդ գործ է։ Մանկական գրքերում անհնար է կեղծել։ Երեխան անմիջապես կզգա։ Կարծում եմ, որ լավ մանկագրի մոտ գրելը ստացվում է բնական ձեւով, ինքնահոս գրչի պես։ Եվ դա չի նշանակում, թե մանկագիրը մանկամիտ է։ Ընդհակառակն՝ այն, ինչ գրվել է երեխաների համար, հոգեբանորեն մտածված է եւ կշռադատված հեղինակների մեծ մասի կողմից»։
Անդրադառնալով հեղինակի «Քաչալ ոզնի» հեքիաթին, ուրախությամբ տեղեկացնենք, որ բալետարվեստի սիրահարները հիշյալ գործը կարող են դիտել Երեւանի պարարվեստի քոլեջի դահլիճում՝ բալետի երիտասարդ արտիստ Վահե Բաբաջանյանի խորեոգրաֆիայով։
Արտիստի անունը դեռեւս հայտնի չէ հանդիսատեսին։ Տեղեկացնենք, որ նա ավարտել է Երեւանի պարարվեստի քոլեջը (ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի դասարանը) եւ այժմ ուսանում է մանկավարժական համալսարանի «Պարարվեստի մանկավարժություն» բաժնում, միաժամանակ դասավանդում է քոլեջում։ Արվեստագետը 2018թ. մասնակցել է Վրաստանում անցկացված Վախթանգ Չավուկիանիի անվան բալետի արտիստների 5-րդ միջազգային մրցույթին՝ ստանալով միաժամանակ երկու մրցանակ. «Դասական պարաոճում» առաջին, իսկ «Ժամանակակից պարաոճում»՝ երկրորդ։ Նույն թվականին մասնակցել է նաեւ Տալլինում անցկացված միջազգային մրցույթին, 2019-ին էլ՝ Վիեննայում, որտեղ հասել է մինչեւ ֆինալ։
«Առավոտի» հետ զրույցում Վահե Բաբաջանյանն ասաց, որ իր շատ կարճ՝ շուրջ երկու տարվա գործունեության դեպքում, այն էլ որպես խորեոգրաֆ, հեքիաթը պարային ժանրում ներկայացնելու վստահության համար շնորհակալ է քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանին։
Հետո էլ անկեղծացավ՝ ասելով. «Խորեոգրաֆի դերում ինձ երբեք չեմ պատկերացրել։ Բայց աշխատանքի ընթացքում այն ինձ հետաքրքրեց եւ թույլ տվեք ասել, որ առաջին աշխատանքս դեռեւս հանդիսատեսին չներկայացրած, կարծում եմ, նման առիթներ կլինեն»։ Մտաբերեց Հովհաննես Դիվանյանի՝ իրեն տված խորհուրդը. մինչեւ ջուրը չմտնես՝ լողալ չես սովորի։
Մեկ գործողությամբ ներկայացման մեջ ընդգրկված է քոլեջի շուրջ 30 սան՝ 11-15 տարեկան։ Ըստ էության, սա երիտասարդական ներկայացում է. երաժշտության հեղինակն արդեն 16-ամյա Գրիգորի Բալասանյանն է, որը Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում ուսանելուց հետո այժմ մասնագիտական կրթությունը շարունակում է ԱՄՆ-ում։ Նա երաժշտությունը գրել է 13 տարեկանում: Զգեստներն արված են Լոնդոնում բնակվող դիզայներ Աիգանա Գալիի էսքիզներով, դեկորները մինիմալ լուծումներով են, օգտագործվել է նաեւ էկրանային համակարգ։
Մեր զրուցակիցը ժպիտով հավելեց, որ ունի աջակիցների իսկապես մեծ խումբ՝ հանձին իր ուսուցչի՝ Հովհաննես Դիվանյանի, քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանի, փոխտնօրեն Սվետլանա Ղազարյանի, ընկերների եւ գործընկերների։ Ասվածի առիթով զրույցի ընթացքում քանիցս նշեց, որ բեմադրական աշխատանքներում շրջապատված է աննկարագրելի հոգատարությամբ։
Ներկայացման մեջ գլխավոր կերպարները 6-ն են՝ ոզնին, որը մարմնավորում է 12-ամյա Էրիկ Մխիթարյանը, ոզնու ծնողները, տատիկը եւ աղվես ամուսինները։ Խնդրեցինք հակիրճ ներկայացնել հեքիաթի բովանդակությունը։ Մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, որ բոլոր հեքիաթների նման, այս հեքիաթում էլ կան չար կերպարներ՝ աղվեսները, որոնք առեւանգում են փոքրիկ ոզնուն ու նրա տատիկին։ Իսկ դարձյալ բոլոր հեքիաթների նման, այս հեքիաթն էլ ունի բարի ավարտ՝ առեւանգված ոզնուն փայտփորիկն ազատում է. «Հեքիաթի բարի կերպարներից են նաեւ ագռավը, սկյուռները, նապաստակները, որոնք հոգատարությամբ են շրջապատում ոզնիկին, գարնան գալուն պես իրենց ձմռան պաշարից բաժին են հատկացնում քաչալիկին, որպեսզի նրա վրա փշեր աճեն…»։
Նկատենք, որ պարարվեստի քոլեջում ուսումնական ընթացքին զուգահեռ բեմադրություններ են իրականացվում, ինչը ողջունելի է։ Օրինակ, 2014թ. քոլեջի 90-ամյա հոբելյանի առիթով Հովհաննես Դիվանյանի խորեոգրաֆիայով Չայկովսկու «Շչելկունչիկը» կամ՝ Մոցարտի, Բախի եւ մյուս կոմպոզիտորների երաժշտությունների համադրմամբ 2019թ. Արսեն Մեհրաբյանի խորեոգրաֆիայով «Փոքրիկ Իշխանը» եւ այլն։
Անդրադարձ եղավ Ազգային օպերային թատրոնում արտիստի նոր-նոր սկսվող կարիերային, ինչի ընթացքում «մեծ դերակատարում» ունեցավ համավարակը։ Հավանաբար դա է պատճառը, որ նրան չենք հանդիպել գլխավոր դերապարերով։ Այս առիթով երիտասարդն ասաց. «Եթե վստահեն գլխավոր դերապարեր՝ շատ լավ, բայց թատրոնում, մեծ հաշվով, ինձ ձգում է միջավայրը, որտեղ ես եփվում եմ կաթսայում»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2021