Երբ Հայրենիքը ցավի ու վշտի մեջ է, երբ այդքան զոհ կա եւ կան գերության մեջ գտնվող հայորդիներ, որեւէ հոբելյանի մասին մտածել անգամ չեմ ցանկանում:
Մի առիթով Ալբերտ Էյնշտեյնը ասել է. «Կյանքը նման է հեծանիվի ընթացքին։ Հավասարակշռությունը պահպանելու համար պետք է առաջ շարժվել»:
Անսալով նրա խոսքին` այդպես էլ անում եմ: Այնքան գործ կա անելու, որ հոբելյանի առիթով չեմ ուզում ոչ մի րոպե կանգ առնել:
Հնարավոր է, որ 6 եւ 0 թվերը միասին տպավորիչ կնայվեին բեմում, բայց բեմի վրա դրված ոսկեզoծ բազկաթոռը, որի մեջ ընկղմվում է հոբելյարը, իրար հաջորդող ձոն-շնորհավորանքները, իրարից քիչ տարբերվող մեծ ու փոքր ծաղկեպսակները իմ խառնվածքը չեն: Այդ ամենի մեջ տխուր բան կա, ավելի ճիշտ՝ կյանք չկա:
Ընդգծված անտարբեր եմ նաեւ նման առիթներով շնորհվող կոչումներին եւ մեդալներին, որոնք ոչ միայն սպառել են իրենց, այլ նաեւ վաղուց արժեզրկված են:
Կարդացեք նաև
Իմ կոչումը ես ի վերուստ ունեմ:
«Ձգտեք ոչ թե հաջողության, այլ կյանքը իմաստավորելուն»,- ասել է նույն Էյնշտեյնը:
Ես իմ կողմից կհավելեի` ձգտիր ինքդ քեզ ճանաչելուն: Այնպես, որ ապրել, արարել ու ուժգին սիրել: Եվ պատրաստ լինել…
Այո, եւ պատրաստ լինել՝ քանզի աշխարհը փոխվում է եւ դեռ նոր ցնցումներ են սպասվում երկիր մոլորակին, մինչեւ որ այն վերջնականապես մաքրվի աղբից, ստից, բուծված, ներմուծված եւ հնարովի արժեքներից, պատեհապաշտներից… Փարիսեցիների ժամանակն ավարտվում է արդ: Նրանց վերջին ջղաձգումներն են, եւ մոտ են այն ժամանակները, երբ գերակայելու են բացարձակ արժեքները: Այլեւս մարդկությունը 100 տարի ապրելու է Ջրհոսի դարաշրջանում եւ անպայման լինելու են դրական փոփոխություններ ու լինելու են անբեկանելի: Եվ սրանք միայն սին խոսքեր չեն: Ես դա ասում եմ ձեզ, ոչ թե որպես մի մարդ, որը ծնվել է Ջրհոսի նշանի տակ, այլ որպես քիչ թե շատ այդ ոլորտը ուսումնասիրող անձնավորություն:
Հիշեցի հզոր գիտնական Վիկտոր Համբարձումյանին` նա ասում էր. «Երկինք նայեք, իրական աստղերը երկնքում են: Հաճախ նայեք աստղերին եւ նրանք ձեզ ամեն բան կհուշեն»:
Եվ որպես վերջաբան Շեքսպիր մեջբերեմ. «Նա է հասնում մեծագույն փառքի, ով ճիշտ թարգմանն է իր ժամանակի»:
Այս տողերը միայն անհատի համար չեն գրված, այն վերաբերում է նաեւ ազգերին ու երկրներին: Ով ճիշտ թարգմանի, նա էլ կհաղթի:
Այնպես որ՝ խաղաղություն ամենեցուն եւ առաջ դեպի լույս:
Բարին ընդ ձեզ, սիրելի բարեկամներ:
Արթուր ԷԼԲԱԿՅԱՆ
Ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, գրող, նկարիչ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2021