Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք դիմացանք` ճկունության հաշվին»

Փետրվար 13,2021 12:00

Terracotta studio-ի հիմնադիր տնօրեն Նանա Մանուչարյանը՝ խոչընդոտները համառությամբ եւ ստեղծարարությամբ հաղթելու մասին

«Կարծում եմ՝ 2020-ը ամենածանր թվականն էր, որ ունեցել ենք մեր աշխատանքային փորձի ընթացքում։ Այդ ընթացքում մեզ հաջողվեց անցնել օնլայն հարթակ` խեցեգործության ոլորտում։ Իրականում բավականին դժվար էր աշխատելը, բայց ի շնորհիվ դրա, կարողացանք աշխատել 2000-ից ավելի արցախցի բալիկի հետ եւ որոշ չափով լույսով լցնել նրանց առօրյան»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Terracotta studio արվեստանոցների ցանցի, «ԱրտիՉոք» տորթերի եւ «Բարի Կենդան» ծրագրի հիմնադիր Նանա Մանուչարյանը։

Terracotta studio-ն գործում է 2010 թվականից սկսած։ Սկզբնական շրջանում եղել է փոքրիկ խմբակ, իսկ այսօր արդեն արվեստանոցների մեծ ցանց է։ Իսկ թե ինչպե՞ս խմբակը վերածվեց բազմամասնաճյուղ ընկերության, մեր զրուցակիցը հետեւյալն է նշում. «Իրականում սկզբնական գաղափարն այնպիսին էր, որ պետք է լիներ խմբակ, որտեղ երեխաները կստեղծագործեին։ Ես էլ ունենալով աշխատանքային փորձ երեխաների հետ աշխատելու, որոշեցի այս կերպ իմ ունեցած բազում մտքերը փոխանցել երեխաներին եւ մեծահասակներին, որպեսզի միասին իրագործենք։ Սկզբում խմբակն անվանում էինք շատ պարզ ձեւով` Terracotta խումբ։ Terracotta նշանակում է այրված հող, այսինքն՝ թրծված կավ։ Իրականում ինքս էլ չէի պատկերացնի, որ կարող է հետո այսքան զարգանալ, բայց մի բան հստակ էր՝ ունեինք ռեսուրս եւ փոխանցելու շատ բաներ»։

2020 թվականին Terracotta-ն սկսել է մեծ խճանկար, որը դեռ աշխատանքային փուլում է, սակայն եղանակային պայմանների պատճառով, որոշ ժամանակ կանգ է առել։ Խճանկարը դրսում է գտնվում, խոսքը «Խաղաղության լճի» մասին է, որին մասնակցել են Արցախի, Երեւանի եւ ՀՀ մարզերի փոքրիկները։ Ծրագիրը նվիրված է հայ զինվորին։ Եղանակների տաքանալուն պես նախագիծը շարունակվելու է։ Իսկ ընկերության կարեւոր ձեռքբերումներից մեկը «ԱրտիՉոք» տորթերն էին։ Հիմնադիրն ասում է, որ տորթերի արտադրությունը օգնել է իրենց գոյատեւել, պահել անձնակազմը, տարածքները, նաեւ դրա հաշվին իրագործել բարեգործական նախագծերը։

Համավարակով պայմանավորված, որոշակի ժամանակ ստուդիան ամբողջությամբ կանգնած էր, չունեին հագուստի մոդելավորման դասեր եւ մի նորություն էր պետք այդ ընթացքում։ Այդպես ստուդիան հանդես եկան նոր նախագծով` «Բարի Կենդանով»։ Նախագծի շրջանակում ստեղծվում են փոքրիկների եւ մեծահասակների բաճկոններ, որոնք ծալվում են եւ մի շարժումով դառնում փափուկ խաղալիք։ Նախագծին մասնակցում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք կարում են դրանք։ Նանան հուսով է, որ այս ծրագիրը կշարունակվի նաեւ 2021 թվականին։

Հավելենք, որ տարիքային բարձր խմբի համար Terracotta-ն արդեն 11 տարի է՝ ունի կրթական ծրագրեր՝ խեցեգործության ոլորտում։ 14 տարեկանից սկսած յորաքանչյուր անձ` անկախ մասնագիտությունից, փորձից, տարիքից, կարողանում է ուսումնասիրել խեցեգործության ոլորտը զրոյից։

«Տնական շոկոլադե փոքրիկ տորթիկներ։ Շատ շոկոլադ ու շատ կաղին մեկ տեղում, ինչի իրագործման համար օգտագործվում է միայն տնական լավ մթերք ու առաջարկվում է շուկային ոչ թե թիթիզ, այլ շատ համեղ քաղցրություն։ Եվ եթե արվեստը շատ դժվար է առաջ տանել, այն էլ ճգնաժամային շրջանում, ապա քաղցրի հանդեպ սեր ունեցողներին միշտ կարելի է գերել «ԱրտիՉոքով»,- ասում է Նանա Մանուչարյանը: Ապա հավելում է. «Շատ մեծ ոգեւորությունն է, որ ամեն անելանելի իրավիճակից կարողանում ես դուրս գալ եւ գտնել նոր քաղցր ճանապարհ։ Ցավոք, կարանտինի շրջանում մի շարք արվեստանոցներ փակվեցին, սակայն մենք դիմացանք` մեր ճկունության հաշվին»։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728