«Չգիտեմ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչպիսի՞ն կարող են լինել թուրքերի հետ ախպերանալու իր նոր մոլուցքի հետեւանքները։ Արդյո՞ք նա հիշում է, թե ատելության ինչ ահռելի չափաբաժին կուտակվեց Սերժիկի նկատմամբ, երբ նա հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ կամ երբ խաբեց ապրիլյանի ժամանակ կորցված տարածքի չափի մասին, կամ երբ փորձեց «փրոթոքոլներ» ստորագրել Թուրքիայի հետ ու վերջում ստիպված եղավ չեղարկել դրանք»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Արմեն Աղայանը:
– Ձեր կարծիքով՝ ինչի՞ արդյունք էր նոյեմբերի 9-ի համաձայնագիրը եւ դրա արդյունքում նաեւ ՀՀ սահմանների ճշգրտումները` դավաճանությա՞ն, դավադրությա՞ն, տգիտությա՞ն, անփորձությա՞ն, անսխալականության բարդույթի՞… ինչո՞ւ ունենք այն` ինչ ունենք:
– Ամենը միասին։ Իսկ ավելի ճշգրիտ, այսպես կոչված՝ Երրորդ հանրապետության օրինաչափ վախճանն էր սա։ Հանրապետություն, որի քաղաքական վերնախավը, իշխանական, թե ընդդիմադիր, հաջորդաբար այդպես էլ չկամեցավ տեր կանգնել Արցախին, այդպես էլ չհասկացավ, որ Քարվաճառի ու Արաքսի ափի կորուստը կկործանի Արցախը, իսկ Արցախի կորուստը կշրջի Հայոց պատմության վերջին էջը։ Չկամեցավ իսկապես անկախ լինել, այդպես էլ մնաց հետխորհրդային հանրապետություն ու տարեցտարի զիջում էր ինքնիշխանությունը՝ երբեմն նաեւ Արեւմուտքին ու միջազգային կառույցներին, բայց հիմնականում ու կարեւոր կետերում Ռուսաստանին։
Հանրապետություն, որն այդպես էլ չհասկացավ, թե ո՞ր ազգին պետք է ծառայեր, ու թե իր օգնությամբ ի՞նչ առաքելություն պետք է իրականացներ Հայ ազգը, ի՞նչ սպառնալիքներ եւ մարտահրավերներ պետք է դիմագրավեր հայությունը, որ սրանից հետո գուցե այլեւս երբեք չկարողանա։ Արդյունքում, հետխորհրդային գոյության երեք տասնամյակների ընթացքում այդպես էլ չկարեւորվեցին բանակն ու սպառազինությունը, ժողովրդագրությունը, Արցախի բնակեցումն ու ինտեգրումը, այդ ամենը պատշաճ սպասարկող կրթությունը, գիտությունը, տնտեսությունը, հանրային կյանքի կազմակերպումն ու դիվանագիտությունը։
Սա ընդհանուր պատճառն էր։ Բայց անգամ այս պայմաններում գուցե հնարավոր լիներ դիմանալ, եթե ունենայինք հայրենանվեր, վճռական, իրավիճակին տիրապետող, ազգային հիմնախնդիրները ընկալող, այս կռվում պարտության գնի ու հաղթանակի պարգեւի մեծությունը պատկերացնող ղեկավարություն եւ գլխավոր հրամանատար։ Այնինչ ամենասկզբից հոգով եւ մտքով պարտությունն ընդունած Նիկոլ Փաշինյանի միակ հոգսը դրա պատասխանատվությունը սրա-նրա վրա գցելն էր։ Ու ոչ միայն նախկինների, այլեւ գեներալների, որոնց խորհուրդներով իբր ինքը շարժվել է, ժողովրդի, որն իբր բավականաչափ չուզեց կամավորագրվել ու վերջում գոհունակությամբ ընդունեց, որ իր զավակները այլեւս չեն զոհվի։
Կարդացեք նաև
Ու հիմա, կատարվածից հետո, ներկա ու նախկին, տգետ ու ինքնահավան դավաճաններով միմյանց մեղադրում են դավաճանության մեջ ու սպառնում են հաշվեհարդարով՝ այդպես փորձելով հուսահատվող ժողովրդի աչքին մի քիչ ավելի արդար երեւալ, սեփական հանցավոր անգործությունը թաքցնել մյուսների ոչ պակաս մեղքերի թիկունքում։
– Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են հաջորդ պատերազմին, որը ըստ տարբեր կանխատեսումների, սարերի հետեւում չէ` սպառազինությունների նոր համաձայնագրեր, փետրվարի 1-12-ը Կարսում զորավարժություններ են, հարձակողական զենքեր են ցուցադրվելու: ՀՀ-ում, իշխող ուժի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է` զորավարժություններից պետք չէ վախենալ եւ առհասարակ, մենք գնում ենք ճանապարհների ապաշրջափակման, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական, առեւտրատնտեսական հարաբերություններ ձեւավորելու եւ համակեցության ճանապարհով: «Այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»,- նախօրեին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, շեշտելով, որ Թուրքիան սահմանը փակ էր պահում Արցախի խնդրի պատճառով, իսկ այժմ այդ խնդիրը չկա։ Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:
– Կապիտուլացված Հայաստանում, երբ մարդիկ դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, այսինքն նրանցից թաքցվում է կորուստների իրական ծավալը ու դրա կարճաժամկետ ու երկարաժամկետ հետեւանքները, Նժդեհի ասած «ազգային տականքը» մեծագույն հրճվանք է ապրում։ Վերջապես «ոչմիթիզականները» էլ չեն կարող խանգարել, որ իրենք պառկեն պանթուրքիստական մայրուղու մեջտեղը, ու յաթաղանը ճաշակելուց առաջ մի քիչ թուլանան ու հաճույք ստանան։ Եթե այսպես շարունակվի, Թուրքիան այլեւս զորավարժությունների կարիք էլ չի ունենա։ Շուտով Մաշտոցի փողոցը կվերածվի թիֆլիսյան Պլեխանովկայի, որտեղ գրեթե բոլոր, նախկինում հայ հարուստներին պատկանած շենքերում թուրքական ընկերություններ են, որ հպարտությամբ իրենց մուտքերի դիմաց ծածանում են թուրքական դրոշներ։ Ադրբեջանական «Սոկարն» էլ գուցե շուտով բենզին վաճառի «Ֆլեշի» փոխարեն՝ ոչ պակաս հպարտությամբ ծածանելով իրենց դրոշակը Երեւանի փողոցներում։ Հայերին թերեւս կթողնեն հասարակաց տների բիզնեսը։ Այնպես որ, արտգործնախարար կոչեցյալը թող սկսի զբաղվել խոսակցական թրքերենի դասընթացներով, իսկ պաշտպանության ու չգիտեմ էլ ինչի հանձնաժողովի նախագահը կարող է մտածել մոթելներն ու մերսման սրահները մի քանի հարյուրով ավելացնելու մասին, որ իր թուրք եղբայրները հանկարծ չկասկածեն, որ բավականաչափ հյուրասեր չենք ու ձեռքները յաթաղանին չտանեն։
Չգիտեմ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչպիսի՞ն կարող են լինել թուրքերի հետ ախպերանալու իր նոր մոլուցքի հետեւանքները։ Արդյո՞ք նա հիշում է, թե ատելության ինչ ահռելի չափաբաժին կուտակվեց Սերժիկի նկատմամբ, երբ նա հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ կամ երբ խաբեց ապրիլյանի ժամանակ կորցված տարածքի չափի մասին, կամ երբ փորձեց «փրոթոքոլներ» ստորագրել Թուրքիայի հետ ու վերջում ստիպված եղավ չեղարկել դրանք։ Եթե բանակցությունների կամ պատերազմին պատրաստվելու անցյալի սխալների մասով Նիկոլը դեռ կարող է նախկիններին ավելի մեղավոր ներկայացնել ու իր ճակատից հեռացնել թիվ մեկ դավաճանի խարանը, զուտ այն բանի շնորհիվ, որ նախկինները իրենից 10 անգամ երկար են կառավարել, ապա հիմա, երբ փորձում է ատամներով պահել իշխանությունը ու ձեռքի հետ էլ ամեն օր ավելի շատ «թուրքիա» ներմուծել մեր տուն, նա ակամա հաստատում է իր «թուրքական գործակալի» համբավը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Նույնը բնականաբար վերաբերում է նախարարներին ու հանձնաժողովների նախագահներին։
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, Նիկոլ Փաշինյանը փոշմանեց` արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, ասում է, հանրության շրջանում չկա, դա հնարավոր կլինի միայն իր վեցամսյա ճանապարհային քարտեզի իրականացումից հետո: Ադեկվա՞տ են ներհայաստանյան զարգացումները տարածաշրջանային գործընթացներին:
– Այս իշխանատենչ գզվռտոցը՝ հանուն ավերակների վրա թագավորելու, շատ ծիծաղելու կլիներ, եթե այդքան լացելու չլիներ։ Կոնկրետ Քոչարյանի վերադարձը կարելի է նմանեցնել վարդենիսցի թալանչիների վարքին, որոնք, դեռ Քարվաճառը չհանձնած, անգղների նման լեշակերությամբ էին զբաղված, ծառ էին հատում, էլեկտրական ու Ստեփանակերտի ինտերնետի լարերն էին կտրում, անտեր մնացած տներից տանիքի թիթեղներն էին հանում ու անգամ դեռ պոստերից չիջած տղերքի տներն էին թալանում։
Ինչ վերաբերում է ընտրություններին, անկախ Քոչարյանի ակտիվանալուց, չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը շտապում էր դրանք կազմակերպել։ Նա ընդամենը փորձեց օգտագործել այդ թեման, որպեսզի հակառակ ճամբարը եւ երրորդ կողմերը գնան իր հետ զրուցելու։ Նպատակն էր դրանով վերահաստատել իր այդքան թմբկահարվող, բայց վաղուց գոյություն չունեցող լեգիտիմությունը։ Վեցամսյա ճանապարհային քարտեզը ու ցանկացած այլ անհեթեթություն նույն նպատակին են ծառայելու։ Հատկապես, եթե հոկտեմբերին տեղական ընտրությունները բացահայտեն իմքայլականների վարկանիշի մեծ անկումը։ Առայժմ նրա բախտը բերում է, որ սեւուսպիտակ մթնոլորտում, եթե ժողովրդի կեսը իրեն է սեւ ասում, մյուս կեսը՝ նախկիններին է դեռ սեւ համարում։ Հետեւաբար, արտահերթ ընտրությունը ու դրա արդյունքում Փաշինյանի հեռացումը հնարավոր կլինի, երբ ժողովուրդը կարողանա քաղաքականապես ինքնակազմակերպվել ու ինչ-որ այլընտրանքային ընտրությամբ ձեւավորել նոր՝ իսկապես ազգային պետականություն, իր անցումային կառավարությամբ։
– Նորմա՞լ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը, նաեւ նրա համախոհ-համագործակից Արայիկ Հարությունյանը դեռեւս շարունակում են մնալ իշխանության եւ օրակարգ թելադրել` ամենը նախկինների վրա բարդելով:
– Նորմալ է, քանի որ երկուսն էլ կիլոմետրերով հեռու են թե ասպետականությունից ու ընդունակ չեն ինքնասպանություն գործել, թե տարրական քաղաքական էթիկայից, որը պահանջում է ներողություն հայցել հայ քաղաքացիներից, ստանձնել ողջ պատասխանատվությունը եւ լուռ հեռանալ։ Արայիկ Հարությունյանի պարագայում դեռ նկատվում է, որ մարդը հասկանում է, որ իրեն նվիրված խաղալիք-պետությունը, որ միաժամանակ լավ կթան կով էր, այլեւս գոյություն չունի։ Բայց նա չի կարող դա բարձրաձայնել ու հենց հիմա լքել պաշտոնը։ Այդ պատճառով փորձում է ինչ-որ կերպ մեկին փոխանցել, ինչպես ասում են՝ մեկի վրա սաղացնել ու հեռանալ իբրեւ «պարտքը մինչեւ վերջ կատարած»։ Դժվարությունն այն է, որ հրաժարական տալու դեպքում ռուսները կարող են ընդհանրապես թույլ չտալ, որ իրենց զբաղեցրած, այսինքն՝ օկուպացրած գոտում որեւէ ընտրություն լինի՝ առավելագույնը ինչ-որ ժամանակավոր մարզային մարմնի։
Իսկ Նիկոլի պարագան ճիշտ հակառակն է։ Երեւանում իշխանությունը իրական է, քեզ են ստիպված ենթարկվել դատախազությունն ու ոստիկանությունը, կարող ես գնալ ու խոսել Պուտինի հետ՝ թեկուզ մի բան էլ զիջելու գնով։ Իսկ դա նաեւ անձնական անվտանգության հարց է։ Ուրեմն ատամներով պետք է պահել, քանի դեռ չի հայտնվել մեկը, որը հեռանալու դիմաց երաշխիքներ կտրամադրի։
– Ի՞նչ հանգուցալուծումներ եք տեսնում. անգամ թավշյա հեղափոխության համախոհները` Վահան Բադասյան, Պավլիկ Մանուկյան եւ շատ այլք, կատարվածից հետո իշխանությանը տապալելու բռնի կոչեր են անում: Իշխանության կեցվածքը հուշո՞ւմ է, որ ներքին բախումներն անխուսափելի են լինելու:
– Իշխանությա՞ն։ Արդեն ժողովուրդը չի՞ իշխանությունը։ Հիմա էլ Նիկո՞լն է։
Ես չգիտեմ, թե ով ինչ կոչ է անում, բայց համոզված եմ, որ եթե ինչ-որ մեկը Նիկոլին բռնությամբ տապալի ու հետո նրան դատեն ժողովրդական հանրաքվեով, նա հաստատ անմեղ չի ճանաչվի։ Ներքաղաքական հանգուցալուծումներն այսօր, իրենց մանրուքներով, թերեւս անկանխատեսելի են, բայց ընդհանուր ուղղությունը պարզ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են պահանջներ ներկայացնել եւ դրանցից ամենաանհավանականներն անգամ արագ կատարվելու են ներկա, պարտությունը հեշտությամբ ընդունած կառավարության կողմից։
Ու սա այնքան ժամանակ, մինչեւ Հայ ազգը վերջապես որոշի թաղել իր մեռելին՝ հետխորհրդային Երրորդ հանրապետությունը, ու ձեռնամուխ լինի սկզբունքորեն նոր, իսկապես ազգային պետականության կերտմամբ։ Եթե դա շատ չուշանա, գուցե դեռ փրկության վերջին պահը բաց թողած չլինենք։
Զրույցը`
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2021