Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղը այժմ Ադրբեջանին է հանձնված, Կիլիկիա գյուղը գտնվում է չեզոք գոտում: «Երկու տուն ունեի. մեկը հիմա թուրքինն է, մյուսն էլ անվտանգ չէ…»,- պատմում է Էլիզան`հիշելով, թե ինչքան «ամակ» են դրել այդ տների կառուցման վրա: «Աչքիս առաջ է, Արմենս, ոնց էր դույլերով հողը պարաններով քաշում տան կտուր, ինչքա՜ն չարչարվեցին երեխեքս …»:
Արմենը զոհվեց 44-օրյա պատերազմում: Հոկտեմբերի 13-ին`Մարտակերտում`Չայլու գյուղի մոտակայքում: Արմենի եղբայրը`Արամազդը, որ Շուշիի համալսարանի նախկին ուսանող է, իսկ այժմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է, եղբոր սխրագործության մասին պատմում է տխուր հպարտությամբ. «Մի սնարյադով երկու տանկ է խփում, մի քիչ հետո մի տանկ էլ է խփում. 48 վայրկյանում`երկու տանկ է խփում, երկու սնարյադով»: Իր կենսագրության այս դրվագի համար Արմենն Արիության մեդալի պետք է արժանանար, բայց զոհվեց: Ընտանիքը հույս ունի, որ պատկան այրերը գոնե հետմահու կգնահատեն Արմենի արարքը: Դա իրենց համար հիմա ընդամենը մխիթարություն է:
Կարդացեք նաև
«Քրոջ հարսանիքի 12-րդ օրը պատերազմը սկսվեց: Քրոջ հարսանիքից մեկ ամիս անց ինքը զոհվեց…»,- արցունքները աչքերին պատմում է Էլիզան եւ մի պահ կտրվում իրականությունից`հիշելով աղջկա հարսանիքի ուրախ օրը, երբ Արմենն իրենց հետ էր նաեւ ֆիզիկապես. «Հարսանիքի օրը քրոջն ասում էր`հիմա ամուսնանում ես, մի տարի հետո քեռի եմ դառնալու. գիտես ինչե՜ր եմ անելու…Ես էլ ասում էի`հաջորդը դու ես… Մի ամիս առաջ տանս հարսանիք էր, ո՞վ կպատկերացներ, որ մի ամիս հետո որդուս հուղարկավորությունն է լինելու…»:
Արմենի մարմինը մարտի դաշտից ընկերն է հանում` Անդրանիկը: Արմենի մահանալու պահին, մյուս ընկերը`Ժորան ձեռքի ծանր վիրավորում է ստացել, մի քանի վիրահատություն արդեն տարել է, պատրաստվում է հերթական վիրահատությանը: Նա թշնամու հինգ տանկ է խոցել:
«Ով ողջ է մնացել, ով ճանաչում է Արմենիս, եթե մարտի դաշտից որդուս նկարներից ունեն`խնդրում եմ փոխանցեն ինձ»,- Էլիզայի խնդրանքն է:
Այս պահին նա մի նպատակ ունի`որդու գերեզմանը կարգի բերել եւ խաչքար տեղադրել այն վայրում, որտեղ որդին է զոհվել: «Այդ տարածքը մերն է, եթե չտան»,- 44 օրերի ընթացքում կատարվածի հետ իր անհամաձայնությունն է արտահայտում Էլիզան ու նույն հարցն է, որը այդպես էլ պատասխան չի ստանում. «Բա երկիրը ծախած ա`ծախած, բա մեր լույս երեխեքը ինչի՞ գնացին: Էնքա՜ն լույս տղերք գնացին»: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խոստացել է զբաղվել խաչքարի տեղադրման հարցով, ասել է մարտի 15-ից հետո: Էլիզան սպասում է:
Էլիզայի հայրը 1992-ի պատերազմում է անհայտ կորել, Լաչինի մարտերի ժամանակ: Ինքն այդ ժամանակ 14 տարեկան էր, փոքր եղբայրը`2, 5 տարեկան: Ապրեցին, մի կերպ հաղթահարեցին կատարվածը, փորձում էին մեջքը ուղղել ու… «Ասում են`Էլիզն ուժեղ է, կդիմանա: Որ ուժեղ եմ, սաղ ցավն ի՞նձ պիտի տան…»: Էլիզան երկու որդի էլ ունի`Արամազդն ու Մխիթարը: Աղջիկը`Կարինեն, եղբոր`Արմենի մահվան յոթնօրյակի արարողության օրն է իմացել, որ հղի է: Իր ամուսինն էլ էր առաջնագծում: Կարինեի ընտանիքը այժմ վերադարձել է Ստեփանակերտ, Կարինեն էլ բարդ հղիություն է տանում, բժիշկներն ասել են`սթրեսներից է: «Ձեռքի հինգ մատներն իրար նման չեն. ախպերներն Արմենի տեղը չեն տա: Մխիթարս նմանվում է Արմենին, որ քնած է լինում, շատ է նման, գրկում եմ, համբուրում, կարոտը չեմ առնում…»,- ասում է Էլիզան ու հիշում, որ գյուղից վերջինն ինքն ու միջնեկ որդին`Արամազդն են դուրս եկել. «Ասում էի`ամուսինս ու տղաս դիրքերից կգան`բաղնիք կանեն: Արամազդն էլ սնարյադ էր բարձում: Համ էլ մտածում էի`խմոր կհունցեմ, վառարանի վրա հաց կթխեմ, ճիշտ է`տեսքը մի բան չէր լինի, բայց ուտելու բան կլիներ»:
Արմեն Սարմենի Բաղդասարյանը ծնվել է 1999 թվականի հուլիսի 14-ին`հոր եւ քեռու ծննդյան օրերի «ճամփաբաժանին»:
Էլիզայի ամուսինը` Սարմեն Բաղդասարյանը բարձրաստիճան զինվորական է, այժմ`պահեստազորի սպա: Մարտակերտի Վանք գյուղից են, ամուսնու աշխատանքի բերումով ընտանիքով շրջել են`Մոսկվա`ամուսնու ուսանելու տարիներին, ապա բնակվել են եւ Մարտակերտում, եւ Հորաթաղում, եւ Մադաղիսում, եւ Հաթերքում: Արմենն Այգեստանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 2015 թվականին, ընդունվել է Շուշիի համալսարանի քոլեջը, սովորել կառավարման ֆակուլտետում, ապա ընդունվել է Շուշիի համալսարանի սննդարդյունաբերության բաժին: Երկրորդ կուրսի ուսանող էր: Զուգահեռ նաեւ աշխատում էր`ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար: 2018-ին զորակոչվել է բանակ, 2020-ն`զորացրվել: 44-օրյային մասնակցում էր իբրեւ կամավոր: Կոռնետի մասնագետ էր: Զինվորական ծառայության առաջին վեց ամիսները Գյումրիում է անցնում, 1,5 տարին`Հորաթաղում: Օրինակելի ծառայության համար զինվորական պարգեւների է արժանացել: «Երեք մեդալ ունի»,- մայրն է պատմում:
Վերջին անգամ Էլիզան որդու հետ հեռախոսով խոսել է հոկտեմբերի 11-ին: Իրենց զրույցներից մեկի ժամանակ Արմենը պատմել է. «Մամ, պապայի սիրածներից (ամուսինը տանկիստ է. Ն. Գ.) չորսին խփել ենք`երկու տիկին, երկու աղջիկ… կոդերով էինք խոսում… երկու տանկ էին խփել, երկու աղջիկն էլ երեւի փոքր տեխնիկա էր: Իր երազանքն էր`կոռնետով խփել: Իր երազանքը արեց, իմը`թողեց: Իմ երազանքն էր իրեն տեսնել բարձր պաշտոնում, ամուսնացած, իր երեխաներին պահեի: Ինքն ուրիշ տղա էր, ես կուզեի, որ բոլորն իրեն ճանաչեին: Ուզում եմ ամբողջ աշխարհը իմանա, որ իմ տղան զոհվել է թեժ մարտերում…»:
Էլիզայի եւ նրա մեծ ընտանիքի հետ հանդիպել էինք նաեւ հոկտեմբերի 1-ին, պատերազմից երեք օր անց: Այդ ժամանակ նա եւ բոլորը լավատես էին, մտածում էին`մի քանի օր է`կհաղթահարենք, կանցնի: Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում ապաստանել էին 17 հոգով`կանանցով. Էլիզայի ընտանիքն էր, աղջկա ընտանիքը`խնամիները, ամուսնու քրոջ ընտանիքը: Տղամարդիկ բոլորն առաջնագծում էին: «Երբ կրակոցներն ուժեղացան, ես փոքր որդուս՝ Մխիթարին պատահական տաքսիով ուղարկեցի Երևան, առանց իմանալու՝ ով է: Աստված պահի այդ վարորդին, ով երեխայիս անփորձանք տեղ հասցրեց: Միջնեկ որդիս ծառայում է:
Աղջիկս Կարինկան, տաքսի էր պատվիրել, որովհետև բոլորին հորդորում էին տարհանվել: Ամեն դեպքում, առաջին գիշերը լուսացրինք «Ցորի» մոտի եկեղեցում:
Չորս ընտանիքով, երեք մեքենաներով եկել ենք այստեղ: Տաքսիստները բերել են իրենց հաշվին, մեզ ուտելիքով են ապահովել, Աստված պահապան բոլորին: Մեզ դիմավորել են դերասանները, երգիչ-երգչուհիները:
Այս գյուղն իրոք Հայթաղ է: Բոլորն ամեն ինչ սրտանց են անում: Նույնիսկ տղամարդիկ-տղերքը օգնում են անկողին պատրաստել, կերակուր պատրաստել: Ուրախությունից լաց էի լինում, թե ինչպես են մեզ դիմավորում. քիչ է մնում՝ գդալով կերակրեին: Ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ: Ես արդեն որոշել եմ ամբողջ կյանքումս այս գյուղ գնալ ու գալ, հորս օջախի նման բարեկամություն անել:
Ես խնդրում եմ իշխանություններին, որ, եթե Աստված չանի, պատերազմը երկար տևի՝ կազմակերպեն երեխաների կրթության հարցը»,- այն ժամանակ մեզ հետ զրույցում ասում էր Էլիզան: Առողջական խնդիրների պատճառով միջնեկ որդու ծառայությունը հետաձգել էին: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մայր ու տղա այդ ժամանակ փորձում էին անել ամեն հնարավորը, որպեսզի Արամազդը մեկնի մարտի դաշտ, թեկուզ ոչ առաջնագիծ. չէ՞ որ նրա հայրն ու եղբայրը առաջնագծում էին: Իսկ Էլիզան տունը լքելիս իր հետ վերցրել էր ամուսնու եւ որդու զինվորական հագուստները. պատերազմ էր, ի՞նչ կլիներ`ոչ ոք չգիտեր, ասում էր`«գոնե հագցնելու բան ունենամ»:
Հիմա դեռ Հայթաղում են, իրենց միակ տունը չեզոք գոտում է եւ անվտանգ չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ