Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական կազմակերպությունները ԱԺ-ից պահանջում են հետաձգել Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը

Փետրվար 12,2021 20:05

Երեկ՝ փետրվարի 11-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է հնգապատկվի՝ հասնելով համապասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի։ Արձանագրում ենք, որ Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ խորը ուսումնասիրության արդյունքների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա։

Մինչդեռ, անցած տարվա սեպտեմբերի 16-ին, երբ խնդրո առարկա նախագիծն արդեն դրվել էր շրջանառության մեջ, մենք հանդես եկանք հայտարարությամբ՝ նշելով, որ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ԶԼՄ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նաև լրատվամիջոցների հիմնավորված քննադատությունն է հաճախ ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն և դատական վեճի առիթ դառնում։

Մենք վերահաստատում ենք, որ առաջարկվող փոփոխությամբ մեզանում խաթարվում է հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության իրավունքի և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Բացի այդ, անտեսվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի դրանց կոլապսին։

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն առավել մտահոգիչ է այն իրողության ֆոնին, երբ տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների լուծումը փնտրվում է ռեպրեսիվ օրենսդրական փոփոխությունների և դրանց կիրարկման տիրույթում։ Դրա վառ օրինակներից է փետրվարի մեկից շրջանառության մեջ դրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է արգելել հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելը, իսկ այդ արգելքը խախտելու համար կիրառել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով։

Այս հետադիմական նախաձեռնությունների պայմաններում ԶԼՄ-ներին վերաբերող իշխանությունների ցանկացած քայլ լրատվական ոլորտում կամա թե ակամա ընկալվում է որպես հերթական ճնշում խոսքի ազատության նկատմամբ՝ պայմանավորված նեղ քաղաքական գերակայություններով։ Ինչպես օրինակ՝ Սյունիքի որոշ տարածքներում լրագրողների աշխատանքի համար ԱԱԾ-ի կողմից մտցված սահմանափակումների դեպքում: Այդ առնչությամբ հրապարակված հայտարարություններն ու պարզաբանումները, ինչպես նաև իրականացված գործողություններն անորոշություն են  առաջացնում, հակասական են և ստիպում են դրանցում տեսնել քողարկված օրակարգեր։

Հաշվի առնելով տեղի ունեցող անընդունելի գործընթացները, ինչպես նաև վիրավորանքին ու զրպարտությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում հնարավոր բացասական հետևանքները, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

  • Ազգային ժողովից՝ հետաձգել վերոհիշյալ օրինագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի, դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ,
  • ՀՀ նախագահից՝ ԱԺ կողմից տվյալ օրինագծի ընդունման պարագայում չստորագրել այն՝ վերաբերմունք արտահայտելով հետադիմական նախաձեռնության նկատմամբ,
  • Պետական մարմիններից՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը կառուցելիս ապահովել տեղեկատվության ազատության և հասարակության իրազեկ լինելու իրավունքների իրացումը,
  • Միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել ՀՀ խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ կիրառել։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եթե Կառավարությունը ապահովում է տեղեկատվության թափանցիկություն, երբ սահմանադրական իշխանության աղբյուրը’ հայ ժողովուրդը, հարյուր տոկոսով տեղեկացված է իր ճակատագրի հետ կապված որոշումներին,միայն այդ դեպքում հայ ժողովրդին ապատեղեկացնելը հանցանք է, իսկ ճակատագրական տեղեկությունների թաքուն պահելը ժողովրդից բերում է ամեն տեսակ ճիշտ թե սխալ ենթադրությունների, որի պատասխանատուն հենց ինքը Կառավարությունն է: Ո՞վ է այդ տխմարը, որը ժողովրդից թաքցնում է ճշմարտությունը եւ միաժամանակ պահանջում ճշմարիտ կարծիքներ: Այդ տխմարին առաջին հերթին պետք է փողով պատժել, որ հասկանա’ թաքուն տեղեկատվության դեպքում ֆեյք կոչվածի նախապայմանը հենց թաքուն պահողն է, եթե դա անհրաժեշտություն է, որը հաճախ նորմալ է’ պետական գաղտնիք է, ապա էդ իրանց դեբիլ օրենքը փակ տեղեկատվությանը չի վերաբերում եւ մարդիկ իրավունք ունեն վարկածներ առաջադրել, սա տարրական բան է, միթե մերոնք այդքան ծախված են, իսկ միգուցե հեչ էլ մերոնք չե՞ն, էլ ո՞նց չկասկածես:

  2. Լավատես says:

    Պետական ծառայողը ի պաշտոնե պետք է ադամանդի նման թափանցիկ լինի եւ դրա համար պարբերաբար պետք է անցնի թափանցիկության քննություն, այսինքն’ ի տարբերություն ոչ պետական ծառայող քաղաքացիների, որոնք պաշտպանված են անմեղության կանխավարկածի իրավունքով, պետական ծառայողը շատ պատասխանատու պաշտոն է գրավում եւ պետք է ենթարկվի մեղավորության կանխավարկածին եւ պարբերաբար անցնի ԱԱԾի ու Ներքին գործերի կարանտին սմերշով 🙂 , որ ժողովուրդը հանգիստ լինի, որ պետական ծառայողները դեռեւս ծառայում են ժողովրդին եւ չեն անցել այլ ազգերի գործակալական ծառայությանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728