Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ՄԱԿ–ի աջակցությամբ Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում իրականացված բարեփոխումները

Փետրվար 12,2021 19:55

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն  այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության հետ համագործակցության օրակարգի ընդլայնումը հատկապես հետպատերազմյան շրջանում և հույս հայտնել, որ գրասենյակի գործուն աջակցությամբ հնարավոր կլինի մեղմել համավարակի և պատերազմի հետևանքները Հայաստանի մարզերում։

Շոմբի Շարփն իր հերթին վստահեցրել է Հայաստանին տարբեր ուղղություններով աջակցելու պատրաստակամության մասին և ընդգծել, որ նախարարությունը մեծ դերակատարություն է ունեցել COVID-19-ի և պատերազմի հետևանքների մեղմման համատեղ աշխատանքներում:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ վերոնշյալ խնդիրների լուծմանն աջակցելու հարցերը գտնվում են ՄԱԿ-ի ուշադրության ներքո և այս առումով պատրաստ են համագործակցությունն ուղղել Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններով։ Շոմբի Շարփը մանրամասնել է «2021-2025թթ․ համար Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթի շրջանակում նախանշված առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդկանց բարօրության ամրապնդման և կարողությունների զարգացման, կանաչ և հարատևելի տնտեսական աճի, պատասխանատու և արդյունավետ պետական կառավարման ուղղությամբ գերակա նպատակները։

Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ–ի աջակցությամբ Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում իրականացված բարեփոխումները և հույս հայտնել, որ համատեղ ծրագրերն առաջիկայում հասանելի կլինեն Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։

Նախարարը  զրուցակցի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության համար առաջնահերթ է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանված և սահմանային մարզերում ապաստանած քաղաքացիների համար բնակապահովման, աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման և կենսապահովմանն ուղղված այլ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով յուրաքանչյուր աջակցության հասցեականության ու երկարաժամկետության կարևորությունը։

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակի ուղղություններին, ինչպես նաև դրա համապատասխանեցման հնարավորություններին երկրի ռազմավարական խնդիրների լուծմանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728