Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժե՞շտ կորոնավիրուսին․ Գյումրի այցելած առողջապահության նախարարի պարզաբանումը

Փետրվար 12,2021 19:21

Այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր մարզային այցերը սկսել է հենց Գյումրիից, եկել է ծանոթանալու ընթացիկ խնդիրներին, հասկանալու, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչ մարտահրավերներ են եղել։

Նա շրջայցը սկսեց Գյումրի բժշկական կենտրոնից, որտեղ մասնակցեց թթվածնային նորաստեղծ կայանի ու ինսուլտի ծրագրով համակարգչային տոմոգրաֆիայի նոր սենյակի բացման պաշտոնական արարողությանը։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարելի՞ է ասել հրաժեշտ ենք տվել կորոնավիրուսին՝ ելնելով հիվանդների նվազող թվաքանակից և արդյո՞ք սպասելի է մեր երկրում երրորդ ալիքը, նախարարն ասաց․ «Շատ կուզենայինք այդպես մտածել և իսկապես շատ ուրախ ենք, որ հաջողվեց վարակը կառավարելի շրջանակներում բերել։ Եվ մենք այս պարագայում որևէ խնդիր չունենք բժշկական օգնություն տրամադրելու ճիշտ ժամանակին, բայց ասել, որ կորոնային հրաժեշտ ենք տվել, իհարկե, վաղ է շատ։

Եվ կանխատեսումներ անելը բավական բարդ է։ Վարակի ալիքային բնույթն ընդհանրապես տեսանելի է և հասկանալի է, և շատ կարևոր է, որ փոքրաթիվ միջոցառումները, որոնք դեռ առկա են, բնակչության կողմից շարունակվեն հետևել։ Եթե հետևեն, եթե պատվաստանյութերի հետ կապված գործընթացը բարեհաջող սկսվի, և բնակչության ռիսկային խմբերը պատվաստվեն, պիտի որ հնարավորություն ունենանք նման բարձր ալիքներ այլևս չունենալ։

Բայց դա մեր ցանկությունն է, պիտի դրա համար աշխատել, միջոցառումներին հետևել, զգույշ լինել, զգոն լինել։ Այսինքն՝ գիտենք, որ հոգնել են մարդիկ, բայց գիտեք վարակը չի հարցնում հոգնածություն, և զգոնությունը պիտի պահել»։

Պատվաստումների հետ կապված էլ նախարարն ասաց, որ մի քանի հարթակներով բանակցություններ են վարում Հայաստանի համար պատվաստանյութն ապահովելու։

Ըստ նախարարի, արդեն իսկ վերջնական փուլի են հասել ռուսական «Սպուտինկով» պատվաստանյութի ձեռք բերման գործընթացում։ «Փոքր խմբաքանակ արդեն իսկ բերվել է՝ որպես նվեր տրված, ավելի մեծ խմբաքանակի սպասում ենք մոտ ժամանակներս»,-հայտնեց նախարարը։

Նա ասաց, որ այս պատվաստվողների մոտ կողմնակի որևէ արդյունք չի գրանցվել, ընթացքը եղել է բավականին հանգիստ։

Թե քանի հոգի է պատվաստել, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հստակ թիվ չի կարող ասել։ «Ռիսկային խմբերը, որոնք պիտի ընդգրկվեն պետության կողմից պատվաստման ծրագրի մեջ, 65 տարեկանից բարձր անձինք են, բուժաշխտողներ են, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ են, նաև փակ հաստատություններում՝ ծերանոցների, մանկատների աշխատողներ են։ Նրանք կլինեն առաջնային ծրագրում։ Պատվաստումը Հայաստանում կամավոր բնույթ է կրում»,-հայտարարեց նախարարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728