2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը տարածեցին հայտարարություն, ըստ որի Սյունիքի մարզի անորոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ Ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը։ Սահմանապահ զորքերը, սակայն, ըստ տեղում աշխատող լրագրողների արժանահավատ պնդումների, նշված սահմանափակումները սկսել են կիրառել հայտարարությունից օրեր առաջ:
Նախ և առաջ, հարկ է արձանագրել, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահանջը իրավաչափ չէ: Հայաստանի Հանրապետության օրենքները (այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքը) չեն նախատեսում սահմանամերձ համայնքներում լրագրողների գործունեության որևէ սահմանափակում, իսկ «Ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության սեպտեմբերի 27-ի որոշման այն դրույթները, որոնք նախատեսում են լրագրողների իրավունքների (խոսքի ազատության) սահմանափակումներ, 2020թ նոյեմբերի 20-ին կասեցվել են ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից, այնուհետև՝ դեկտեմբերի 2-ին, ուժը կորցրել են ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ:
Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները երաշխավորում են կարծիք արտահայտելու ազատությունն ու տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ սահմանելով, որ իրավունքները կարող են սահմանափակվել միմիայն օրենքով՝ սահմանադրությամբ թվարկված նպատակների համար: Նույնը սահմանված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:
Հետևապես, Հայաստանի Հանրապետության տարածքում լրագրողների մասնագիտական գործունեությունն օրինական է անկախ ԱԱԾ թույլտվության և դրա խոչընդոտումն արգելված է ինչպես «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով:
Կարդացեք նաև
Պայմանավորված Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ, լրագրողների գործունեությունը կարող է սահմանափակվել միայն կառավարության և Ազգային ժողովի կողմից օրենքով և ոչ երբեք Ազգային անվտանգության ծառայության կամայական որոշումներով կամ ցանկությամբ։
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստիվ դատապարտում են ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտող հայտարարությունը: Գտնում ենք, որ դա ոչ միայն քրեորեն արգելված արարք է, այլև հակասում է ժողովրդավարական և իրավական պետության նվազագույն չափորոշիչներին: Ազգային անվտանգության մարմինների կողմից Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված գործառույթները, ըստ էության, իրենց վրա վերցնելը հակասում է մայր օրենքով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին, քանի որ ոչ միայն խախտվում է 42-րդ ու 51-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները, այլև 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված իշխանությունների բաժանման, իրավական նորմերի աստիճանավորման ու օրինականության սկզբունքները:
Համարում ենք, որ «չեկիստական» գրաքննության այս գործելաոճը չի կարող արդյունավետ լինել ժողովրդավարական պետության ազգային անվտանգության տեսանկյունից (տե՜ս 2020 թվականին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը) և, որպես կանոն, բերում է հանրության շրջանում իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության անվստահության աճին և նպաստում է ապատեղեկատվության ու խուճապի տարածմանը:
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս կոչ ենք անում.
- ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին՝ օր առաջ դադարեցնել հակասահմանադրական, մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններին հակասող և, միաժամանակ, ազգային անվտանգությանը վնասող՝ լրագրողների գործունեության ապօրինի խոչընդոտումը,
- ՀՀ Ազգային ժողովին՝ պատշաճ խորհրդարանական վերահսկողություն սահմանել ԱԱԾ-ի նկատմամբ՝ պարտավորեցնելով վերջինիս հարգել սահմանադրական կարգի հիմունքները և քաղաքացիների տեղեկություններ ստանալու ազատության իրավունքը:
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ պետական սահմանի և սահմանամերձ գոտիների անվտանգության ապահովման նպատակով լրագրողների գործունեության կանոնակարգումը և դրա որոշ սահմանափակումները կարող են իրականացվել Ազգային ժողովի կողմից՝ «Պետական սահմանի մասին» օրենքում այնպիսի փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական պետության անվտանգության ապահովման նպատակներից ելնելով։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ