«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա իշխանափոխության հասարակական պահանջ, ինքը դրանով վիրավորում է ժողովրդին: Պահանջ կա: Այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա եւ կտեսնի: Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ, բնականաբար, անելու ենք, բայց ասել ենք, որ այս իշխանությունների հեռացումը հակաժողովրդական ճնշման արդյունքում է լինելու, որեւէ մեկը թող չկասկածի: Մեր ժողովուրդն այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունի, դա իր բնական իրավունքն է»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե կսատարի ժողովրդական ապստամբությունը:
Նա հավելեց, որ ընդդիմությունը հետեւողական ձեւով անհնազանդության ցույցեր է անելու:
«Քանի այս մարդը գտնվում է ՀՀ վարչապետի պաշտոնում՝ մեր երկրում չի լինելու կայունություն, խաղաղություն, գնալով մաշվելու է: Կա հեռացման համաժողովրդական պահանջ, բայց այդ պահանջը այս պահին չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի»- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ նաեւ հարցադրումներ հնչեցնելով` ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերը, ԱԺ նախագահը պատերազմից երեք ամիս անց չեն գնում Արցախ, մինչդեռ մինչ պատերազմը ամեն շաբաթ գնում եւ սելֆիներ էին հրապարակում: «Անտեր են թողել Արցախի ժողովրդին, Արցախը, վաղը անտեր են թողնելու Սյունիքը»,- գտնում է Իշխան Սաղաթելյանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`քիչ ուշ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ