Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի հանքի շահագործումը կազդի ոչ միայն ջրի աղբյուրների և օդի որակի, այլ նաև վայրի կենդանական աշխարհի վրա. «CEE Bankwatch Network»-ի նոր զեկույցը

Փետրվար 12,2021 17:14

«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը հրապարակել է նոր զեկույց Եվրոպայի «Կանաչ գործարք» (Green Deal) պլանի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ «Կանաչ գործարք»-ում նշվող հումքի ձեռքբերումը չպետք է իրականացվի աշխատողների, տեղական համայնքների և բնության հաշվին: Զեկույցում օրինակներից մեկը Հայաստանի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի մասին է:

Եվրոպայի «Կանաչ գործարք»-ը միտված է՝ խթանելու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, անցնելու մաքուր, շրջանաձև տնտեսության, վերականգնելու կենսաբազմազանությունը և կրճատելու աղտոտվածությունը: Այն միտված է նաև նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները և հասնելու կայուն զարգացման նպատակներին:

«CEE Bankwatch Network»-ն իր «Հում գործարք. Արդյո՞ք ԵՄ զարգացման նոր մոդելը նշանակում է ավելի շատ նույն քայքայիչ հանքարդյունաբերությունը» զեկույցի վերաբերյալ տարածած մամլո հաղորդագրությունում նշում է, որ Եվրոպայի «Կանաչ գործարք»-ը նախատեսում է ավելացնել հանքարդյունաբերության հումքը` մաքուր էներգիայի, վերականգնվող աղբյուրների և բարձր տեխնոլոգիական այլ լուծումների պահանջարկը բավարարելու համար, որոնք ԵՄ կանաչ զարգացման օրակարգի առաջնային կետում են:

«Եվրահանձնաժողովը նախանշել է տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հետ կապված հումք ապահովելու լայնածավալ ծրագրեր, սակայն քիչ է նշում դրանց արդյունահանման հետ կապված ռիսկերի արդյունավետ լուծման մասին: Օրինակ, ԵՄ նախահաշվարկի համաձայն՝ էլեկտրական տրանսպորտային միջոցների մարտկոցների և էներգիայի կուտակման համար 2030 թ-ին անհրաժեշտ կլինի մինչև 18 անգամ ավելի շատ լիթիում (Li) և հինգ անգամ ավելի շատ կոբալտ (Co), իսկ 2050 թվականին` գրեթե 60 անգամ ավելի շատ լիթիում և 15 անգամ ավելի շատ կոբալտ»,- մասնավորապես նշված է «CEE Bankwatch Network»-ի հաղորդագրության մեջ:

«CEE Bankwatch Network»-ի զեկույցը նկարագրում է շրջակա միջավայրի ոչնչացման դեպքերը, վատ աշխատանքային պայմանները և հասարակության բավարար մասնակցության պակասը մետաղի արդյունահանման և ձուլման գործառնությունների պլանավորման և իրականացման ընթացքում, որոնց հաճախ աջակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը՝ իրենց ներդրումների միջոցով: Ամուլսարի վերաբերյալ զեկույցում նշված է. «Ոսկու հանքը Հայաստանում վտանգում է Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում գրանցված առաջավոր ասիական ընձառյուծի բնակմիջավայրը:

Ամուլսարի ոսկու հանքի դեպքը լեռնահանքային արդյունաբերության դեպքերին հատուկ օրինակներից մեկն է. մետաղի արդյունահանումը հսկայական վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության համար, և հաճախ համայնքներն են պայքարում բնությունը պաշտպանելու համար: Ամուլսարի ոսկու հանքը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում՝ սիրված Ջերմուկ առողջարանային քաղաքից ոչ հեռու: Ամուլսար լեռը սնում է խոշոր գետերը երկրի մի շարք շատ կարևոր ջրային ավազանների համար:

Կանադական «Lydian International» ընկերությունը նախատեսում էր ոսկու բացհանք շահագործել, որը, ինչպես ակնկալվում է, կազդի ոչ միայն ջրի աղբյուրների և օդի որակի, այնպես էլ նաև այս արժեքավոր բնական տարածաշրջանում գտնվող վայրի կենդանական աշխարհի վրա:

Ընկերությունն աջակցություն է ստացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD) (2009 և 2017 թթ.) և Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) (վերջինս 2017թ. դուրս է եկել նախագծից): «Lydian»-ն ի սկզբանե նախատեսում էր օգտագործել արդյունահանման և վերամշակման տեխնոլոգիա, որը հայտնի է որպես ցիանիդային տարրալվացում, ինչն անհանգստացրել է հարակից համայնքներին տվյալ տեխնոլոգիայի հավանական վտանգավոր ազդեցությունների պատճառով:

Տեղի բնակիչները, ովքեր իրենց ապրուստը վաստակում են, մշակելով ծիրանի այգիներ, հավաքելով վայրի բույսեր, բազմացնելով կենդանիներ և ձկներ, 2018թ. փակել են հանքավայրի ենթակառուցվածքներ տանող մուտքը: 2020թ. ամռանը ընկերությունն ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ ճանապարհային շրջափակումը ճեղքելու համար, ահաբեկեց և վարկաբեկեց տեղի համայնքի անդամներին, ցուցարարներին և ակտիվիստներին՝ դատական գործեր սկսելու միջոցով:

Անկախ փորձագետները, օրինակ՝ WWF Հայաստանի և Վայրի բնության բալկանյան միության (Բուլղարիա) փորձագետները պնդում են, որ ծրագրի հաստատումը խախտում է Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի մասին օրենքները, քանի որ ներդրումների իրականացումը կհանգեցնի ոչնչացման եզրին գտնվող մի շարք տեսակների թվաքանակի կրճատմանը (ինչպես դասակարգված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում): Հանքը նաև հակասում է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիային, որը հայտնի է Բեռնի կոնվենցիա անվամբ:

Բույսերի և կենդանիների վայրի տեսակների պաշտպանությունը ներառում է վտանգված տեսակների, ինչպես նաև նրանց բնակմիջավայրերի պաշտպանությունը: Այս բնակմիջավայրերը պաշտպանված են «ԷՄԵՐԱԼԴ ցանց» անվամբ տարածքների ցանցում:

Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարող է ոչնչացնել «ԷՄԵՐԱԼԴ ցանց»-ի երեք տեղանք, 11 հատուկ բնակմիջավայր և 76 պահպանվող ցեղատեսակ:

Առաջավոր ասիական ընձառյուծը՝ Կովկասի ամենախոշոր կատվազգին, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում վտանգված տեսակների շարքում է: Հաշվարկված է, որ այս տեսակից միայն 10 առանձնյակ է ապրում Հայաստանում, որոնք շարժվում են միգրացիոն երկու միջանցքով: Միջանցքներից մեկը հատում է հանքի տարածքը: Հանքի մշտադիտարկման գործընթացում ներգրավված հասարակական կազմակերպությունները բողոք են ներկայացրել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն` Հայաստանի կառավարության դեմ: Բողոքի մեջ ՀՀ կառավարությունը մեղադրվում է Բեռնի կոնվենցիային համապատասխան էկոլոգիապես արժեքավոր տարածքներում ներդրումների և պահպանվող ցեղատեսակների և բնակմիջավայրերի գնահատման ընթացակարգերը չիրականացնելու մեջ»:

CEE Bankwatch Network»-ի զեկույցը Եվրոպական հանձնաժողովին կոչ է անում նախագծել հստակ տեսլական և հատկացնել միջոցներ հումքի արդյունահանման հետ կապված խնդիրները հաղթահարելու համար: ԵՄ-ն պետք է ձեռնարկի հետևյալ գործողությունները` իր զարգացման նոր մոդելի կայունությունը ապահովելու համար.
➔ Ռեսուրսների օգտագործման կրճատում` որպես նոր հանրային ֆինանսավորվող ցանկացած ծրագրի հիմքում ընկած սկզբունք
➔ Առավել քիչ շահագործող և թույնից զերծ տեխնոլոգիաների կիրառում
➔ Հին լեռնահանքային տեղանքների վերականգնում
➔ Հանքարդյունաբերական նախագծերի համար բնապահպանական, սոցիալական և մարդու իրավունքների խիստ և արդյունավետ վերահսկողություն
➔ Հանքերից և հարակից օբյեկտներից տուժած համայնքների խոսքի իրավունք:

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով:

Էկոլուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728