Այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հրավիրած քննարկման ընթացքում, լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանեց հիշեցմանը, որ պատերազմից ամիսներ առաջ ինքը հայտարարել էր` եթե լիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փոխարեն, կհարձակվեր Հայաստանի վրա եւ այժմ, իշխանական շրջանակներում, պնդում են, որ Ալիեւը ոգեշնչվել է Հրանտ Բագրատյանի հայտարարություններից: «Լավ եմ արել: Հունվարին ասում էի՝ Ադրբեջանը հարձակվում է, մարտին հարցնում էի՝ ԱԹՍ-ների դեմ ի՞նչ եք անելու, պարզ էր, որ մինչեւ հոկտեմբեր հարձակվելու են, ասել էի՝ 4 ամիս հետո Ադրբեջանը կհարձակվի, հարձակվեց 3 ամիս 27 օր հետո: Ինձ պետք է դրա համար շնորհակալություն հայտնեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ Ադրբեջանը 2020-ի մայիս-հունիսին սկսել էր «Բայրաքթարներ» գնել, հիշեցնելով, որ Սամվել Բաբայանն էլ էր խոսել ԱԹՍ-ների դեմ պայքարի մասին:
«Ադրբեջանը ՀՀ-ից տարածքներ է խլում. կասկածում եմ, քանի որ ԼՂ-ն մնացել է 2500 կմ քառակուսի, Սյունիքից մինչեւ Տավուշ` Ալիևը 2500 կմ քառակուսի կտոր-կտոր վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ի՞նչ կարգավիճակ տա»,- ասաց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ կասկածում է, որ գոյություն ունի այդպիսի հանցավոր գործարք։
Հիշեցնենք, օրեր առաջ Հրանտ Բագրատյանը` Սյունիք այցի ժամանակ, պատահաբար հայտնաբերել է, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտից հետո, ՀՀ իշխանությունը ևս մեկ փաստաթուղթ է ստորագրել:
«Ամբողջ ճանապարհը հայկական է, բայց ադրբեջանցիները տեղ-տեղ անցել են, խորացել են մեր տարածք, վերցրել են Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները»,-իր` Սյունիք այցից մանրամասներ ներկայացրեց Հրանտ Բագրատյանը:
Կարդացեք նաև
Այս ամենի պատասխանատուն, ըստ նրա, նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է`ՀՀ Սահմանադրության թիվ 123 հոդվածով եւ եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մասին նա ասաց, որ մամուլից է տեղեկացել, ապա հիմա, ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը ինքն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս`պետականության դեմ: Լրագրողների այս դիտարկմանը Հրանտ Բագրատյանը արձագանքեց. «Անդրանիկ Քոչարյանին կբռնենք`կնստեցնենք, խելքը կգա գլուխը: Անդրանիկ Քոչարյանը «մուտիլովկա» է անում»: Հարցին`ի՞նչ հիմքով են Անդրանիկ Քոչարյանին «նստեցնելու», Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Այն հիմքով, որ ինքը պիտի պառլամենտում վեր կենա`ասի`հողերը խի՞ եք տալիս: Խի՞ չի ասում»:
Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ