«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում կրկին խոսեց «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնի խնդիրների մասին: Ասաց, որ այս պահին կենտրոնն ունի շատ լուրջ ներդրումների կարիք:
«Բժշկական ոլորտը բացի այն, որ պետք է հանրության համար արդյունավետ գործի, կարող է ապահովել բիզնես եկամուտներ, ծրագրեր, իսկ այսօր «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնն ունի 7 միլիոն եվրոյի վարկ, եւ մենք պետք է այդ վարկը փակենք 2022 կամ 2023 թվականին: Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ այս գումարներից այդ բժշկական կենտրոնների համար հատկացումներ չեն արվել՝ 2 կամ 3 տոկոսի չափով»,-ասաց պարոն Մանրիկյանը:
Նրա խոսքով, ակտիվ քննարկում են տրանսպորտի եւ վերելակների հարցը, սակայն մոռացության են մատնվում Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող առողջապահական հիմնարկների խնդիրները. «Ստացվում է, որ անցած տարվա չկատարած աշխատանքներից ունենք բավական մեծ գումար, և ցավում եմ, որ այդ գումարից շատ չնչին մաս՝ 2-3 տոկոս չի ուղղվել առողջապահական համակարգի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների, սարքերի գնման համար»:
Մանրիկյանի խոսքով՝ «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքում նոր սարքավորումներ գնելու կարիք կա.
Կարդացեք նաև
«Բժիշկներն աշխատում են այնտեղ՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալով, կարող էին գնալ մասնավոր սեկտոր եւ 2 անգամ ավելի աշխատավարձ ստանալ, այնտեղ 90-ականների տեխնիկա է դրված: Լավ է, որ վերելակները գնում եք, տրանսպորտը գնվում է, բա առողջապահությունն ինչի՞ եք անտեսել: Նախարարությունն ինչ ուզեց՝ արեց, հնազանդի նման ընդունեցիք: Բա այսքան բյուջե ունենք, այդ բյուջեից գումար չդնե՞նք առողջապահության վրա, չզարգացնե՞նք: Ներդրում չանե՞նք, որ բուժհաստատությունները կարողանան աշխատել, շտապօգնություն, պոլիկլինիկաներ ունենք, աշխատող շղթա կազմենք, որ մեկը մեկին լրացնելով՝ եկամտաբերություն ավելացնի բուժհաստատություններին՝ գումարած պատշաճ բուժսպասարկում»:
Մանրիկյանը նաեւ անդրադարձավ պատերազմի պատճառով հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նշելով, որ պետք է Երեւան համայնքը գումար փոխանցի այդ կենտրոններին.
«Եղել է պատերազմ, կան հարյուրավոր, հազարավոր հաշմանդամ երեխաներ, այս գումարներից ինչո՞ւ չենք փոխանցում վերականգնողական կենտրոններին, մասնավորապես՝ 1-ին հիվանդանոցի տարածքում գտնվող «Զինվորի տուն»-ը, որը բավականին լուրջ վերականգնողական աշխատանք է տանում պատերազմին մասնակցած տղաների համար, նրանք կարիք ունեն թանկարժեք պրոթեզավորումների, որպես Երեւան համայնք, որոշ գումար կարելի էր ուղղել այդ նպատակին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ