Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի Աջակցման Ծրագրի «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր 2019» հեղինակավոր մրցանակին՝ ջրի բնական ռեսուրսների խնայմանն ու արդյունավետ ջրօգտագործմանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու համար:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանն ասում է. «Կանաչ ֆինանսավորումը Բանկի ռազմավարությամբ ամրագրված գերակա ուղղություններից է, եւ ՎԶԵԲ-ի այս մրցանակը հերթական անգամ ապացուցում է էներգաարդյունավետ և կանաչ վարկավորման խթանման ուղղությամբ Կոնվերս Բանկի ջանքերի արդյունավետությունը: Նախորդ տարի այս պատվավոր մրցանակով ՎԶԵԲ-ը արձանագրեց մեր հաջողությունը՝ Էներգաարդյունավետությանը միտված նախագծում, իսկ այս տարի՝ արդյունավետ ջրօգտագործման նախագծում: Շնորհակալություն ենք հայտնում մեր երկարամյա գործընկերներ ՎԶԵԲ-ին և գերմանական Կոմմերցբանկին, շարունակական վստահության եւ աջակցության համար, ինչը թույլ է տալիս առավել հաստատուն գործել մեր միջազգային նախաձեռնություններում»:
ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժն իր խոսքում նշում է. «Մինչև համաճարակի տարածումը առևտրի ֆինանսավորումն արդեն իսկ մեծ ճնշման տակ էր գնալով աճող պրոտեկցիոնիզմի և աշխարհաքաղաքական մարտահրավերների պատճառով: Սկզբնական շրջանում համաճարակը լուրջ խաթարումներ առաջացրեց առևտրային հոսքերում, սակայն պարզվում է՝ համաշխարհային առևտուրն ավելի դիմացկուն է, քան կարող էինք ենթադրել: Այսօր այն էական դեր է խաղում համաշխարհային տնտեսության կայունության պահպանման գործում: Այդուհանդերձ, առևտուրը՝ գուցե նույնիսկ ավելի, քան տնտեսության մյուս ուղղությունները, կրում է հատուկ պատասխանատվություն համաճարակից հետո ավելի լավ աշխարհ կառուցելու հարցում. աշխարհ, որն ավելի կանաչ է և կայուն: Մենք երկար տարիներ աշխատում ենք մեր հաճախորդների հետ կանաչ առևտրի խթանման ուղղությամբ, և մենք հպարտ և ուրախ ենք ճանաչել նրանց ձեռքբերումները Green TFP մրցանակների միջոցով»:
Commerzbank-ի ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավար Հանս Կրոնը այս համատեղ մրցանակի մասին ասում է. «Commerzbank-ն անչափ ուրախ է, որ ՎԶԵԲ-ն ընտրել է հենց այս գործարքն իր հեղինակավոր «կանաչ առևտուր» մրցանակի համար: Միջազգային առևտրի աջակցությունը մշտապես եղել է առաջնահերթություն մեր օրակարգում: Վերջին տարիների ընթացքում կայուն ֆինանսավորումը ևս Commerzbank-ի հիմնական ուղղություններից մեկն է դարձել: Եվ մենք անչափ հպարտ ենք, որ մեր արժեքավոր գործընկեր Converse Bank-ը և Commerzbank-ը համատեղ արժանացել են ՎԶԵԲ-ի՝ «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր պատվավոր մրցանակին»:
Կարդացեք նաև
«ԷՅ ԸՆԴ ԷՄ Ռեյր» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ RARE) ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ Կոտայքի մարզում քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման և շշալցման գործարանի հիմնադրման նպատակով: Բնական աղբյուրի ջուրը որևէ կերպ չի մշակվում՝ կատարվում է միայն շշալցում՝ պահպանելով ջրի բոլոր բնական օգտակար հատկանիշները: Գործարանը կառուցվել է ամենաբարձր չափանիշներին համապատասխան` ներմուծվել և տեղադրվել են Գերմանական KHS ընկերության կողմից արտադրված ժամանակակից սարքավորումներ՝ Կոնվերս Բանկի կողմից փաստաթղթային ակրեդետիվի թողարկման միջոցով: Ակրեդիտիվը հաստատվել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի կողմից և ապահովվել ՎԶԵԲ-ի՝ կոմերցիոն և քաղաքական հնարավոր ռիսկերը ծածկող 100% երաշխիքով:
Նշենք, որ Կոնվերս Բանկն այս պահին նման պատվավոր մրցանակի արժանացած միակ հայաստանյան բանկն է: