Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մինչեւ 2023 թիվը Աստված գիտի`Հայաստանը կլինի՞, թե՞ չի լինի». Վազգեն Մանուկյան

Փետրվար 12,2021 16:22

«Այդ ընտրությունները մենք չէինք նշանակել: Մենք ընտրությունների կողմնակից ենք եղել եւ հայտարարել էինք, բայց ի՞նչ ընտրություններ` Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում`պատասխանելով հարցին, որ արտահերթ ընտրություններ փաստորեն չեն լինելու, ի՞նչ տիպի պայքար է մղելու ընդդիմությունը`ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը`հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի ցանկություն-նախաձեռնություն ընտրություններին իրենք առանձնակի նշանակություն չեն էլ տվել, քանի որ ի սկզբանե էլ պարզ չէր`«դա խորամանկությո՞ւն է, անելո՞ւ է, չի՞ անելու. ինքն էլ հետ նահանջեց իր ասածից»: Ընդդիմության նախագիծը դրանից չի փոխվել, մնացել է նույնը` համաժողովրդական շարժումով իրեն փոխել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադռնալու մասին. միանալո՞ւ է «Հայրենիքի փրկության շարժումը» նրան, թե առանձին օրակարգ են առաջ տանելու` հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ չեն լինելու: Նիկոլ Փաշինյանը եթե փոխվի, նախատեսված էր, որ ժամանակավոր վարչապետ եւ կառավարություն կլինի, ես կլինեմ, ընտրություններ կկայանան, ես հայտարարելու եմ, որ դրանից հետո ընտրություններին չեմ մասնակցելու: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարեր ընտրություններ եւ փորձեր անցկացնել, ինչը ես անհնարին եմ համարում, նույնիսկ այդ դեպքում, ես նորից հայտարարելու եմ, որ ընտրությունների չեմ մասնակցելու»: Դիտարկմանը`ե թե մինչեւ 2023 թվականը չլինեն ընտրություններ, Վազգեն Մանուկյանը հակադարձեց. «23 թիվը գիտե՞ք ինչքան հեռու է: Մինչեւ 2023 թիվը Աստված գիտի`Հայաստանը կլինի՞, թե՞ չի լինի»:

Լրագրողները նկատեցին, որ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին հեռացնելու ուղիներ այս պահին չկա եւ հետաքրքրվեցին, թե ի՞նչ տարբերակներ է քննարկում ընդդիմությունը: Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որ համաժողովրդական շարժում լինի: Համաժողովրդականը նայեք ոնց է`մի քանի հարյուր հազար մարդ կա, որոնք որ սարսափելի էմոցիոնալ դժգոհության մեջ են, բայց միլիոն մարդ էլ կա, որոնք որ դժգոհ են Նիկոլ Փաշինյանից, բայց հավես չունեն մասնակցել այս ամեն ինչին`տարբեր պատճառներով կոտրված են: Պետք է կարողանալ այդ մարդկանց փողոց հանել, որ լինի համաժողովրդական շարժումը` իր ամբողջ տպավորիչ ծավալով»:

Վազգեն Մանուկյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը կամավոր չի հրաժարվելու`մի քանի պատճառներով, որոնցից մեկն էլ նրա վախն է, թե ի՞նչ պատասխան է տալու իշխանությունը կորցնելուց հետո: Երկրորդը`«Չտես մարդիկ մեկ էլ եկել են իշխանության եւ վայելում են, իրենք հեշտ իշխանությունը չեն տա»: Այս դեպքում, ըստ Վազգեն Մանուկյանի, պետք է կոտրել Նիկոլ Փաշինյանի հենարանները` ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը, ոստիկանության բարձրաստիճան այն սպաներին, որոնք դաժան ծեծի էին ենթարկում մարդկանց եւ էլ մեկ-երկու բան, որոնց «կոտրելու» դեպքում, ըստ Վազգեն Մանուկյանի, իշխանական համակարգը կփլվի:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728