«Ի սկզբանե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ այդ թվում մեր օրակարգում, որևէ արտահերթ ընտրությունների օրակարգ չի եղել Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում վստահեցրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա բնութագրմամբ՝ «Հայրենիքի փրկության շարժումը» արցախյան երկրորդ շարժումն է: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց՝ ինչպես արցախյան առաջին շարժումը, այս շարժումը ևս կուսակցական պայքար չէ: Սա պետք է ավելի նոր, համաժողովրդական ավելի լայն ընդվզում լինի:
Խոսելով իրենց մշակած ճանապարհային քարտեզի մասին՝ նա ասաց՝ հիմնական նպատակները չեն փոխվել ու նշեց. «Դա հողատու Փաշինյանի հրաժարականն է, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարության ձևավորումը և մեկ տարի հետո արտահերթ ընտրությունների անցկացումն ասաց Նիկոլ Փաշինյանի վարչապետության: Այս հարցերում բոլոր ուժերի շրջանում կա փոխըմբռնում»:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց՝ իրենք բոլորը, նաև խորհրդարանական ընդդիմությունը հստակ հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը՝ նա ասաց. «Այո, արտահերթ ընտրությունների պահանջ չկա: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ կա: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և վերջ: Գահավիժման ժամանակ չես կարող կանգ առնել: Մենք շատ հստակ ասել ենք՝ այս պարագայում արտահերթ ընտրությունների գնալը, այն էլ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, հղի է նոր ցնցումներով ՀՀ-ի համար, նոր խնդիրներով, նոր բախումներով: Ավելին, մի մարդ, որը ոստիկանական շքախմբով, վահաններով, զոռբայութամբ, նահատակների մայրերի վրայով սրբապղծություն անելով մտնում է Եռաբլուր, այդ մարդու հետ գնում ենք ընտրությունների ի՞նչ անենք»:
Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց՝ հետևողականորեն պիտի ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի հեռանալու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ