Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակչության 60 տոկոսը գտնվում է միջին եւ ծանր սթրեսի ազդեցության տակ». հոգեբան-մասնագետներ

Փետրվար 12,2021 15:41

ՊՆ հասարակական խորհրդի անդամ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կլինիկական տնօրեն Խաչատուր Գասպարյանը եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ Արմեն Սողոյանն այսօր խոսել են հետպատերազմյան չկարգավորվող սթրեսների աղետալի հասարակական հետեւանքների մասին:

Բանախոսները նշեցին, որ դեռեւս պատերազմից առաջ, երբ մայիս-հունիս ամիսներին իրականացրել են կորոնավիրուսով պայմանավորված բնակչության հոգեկան առողջության հետազոտություն, պարզվել է, որ ազգաբնակչության մոտ 40 %-ը գտնվում է միջին եւ ծանր սթրեսի, 35 %-ը՝ դեպրեսիայի ազդեցության տակ, իսկ 20 տոկոսի մոտ արդեն առաջացել են մարմնական խնդիրներ, հիվանդություններ՝ պայմանավորված հոգեկան առողջության հարցերով: Իսկ պատերազմը եւ դրա ոչ ցանկալի արդյունքները, այս թվերը առնվազն 50%-ով, եթե ոչ ավելի, պետք է ավելացրած լինի:

«Այսինքն, այսօր վստահաբար կարող ենք ասել, որ բնակչության 60 %-ը գտնվում է միջին եւ ծանր սթրեսի ազդեցության տակ եւ յուրաքանչյուր երեքից մեկի մոտ այսօր առկա պետք է լինեն մարմնական գանգատներ, որոնց պատճառը հոգեկան վիճակն է: Այսինքն, հասարակության հոգեկան առողջությունը գտնվում է սարսափելի վատ վիճակում: Այս պարագայում անհրաժեշտ է բավական լայնածավալ գործողություններ իրականացնել: Մեր ասոցիացիան եւ պատերազմի ժամանակ կոչով դիմեց եւ 200-ից ավելի կամավորներ աշխատեցին վիրավորների, տեղահանվածների եւ խոցելի այլ խմբերի հետ: Պատերազմի ավարտից հետո այդ աշխատանքները շարունակվեցին եւ արդեն 13 մասնավոր կազմակերպություններ եւ հիմնադրամներ հետպատերազմական շրջանից մինչեւ հիմա դեռեւս շարունակում են բոլոր թիրախային խմբերին մատուցել դեռեւս անվճար հոգեբանական, հոգեբուժական օգնություն: Բայց սա միր կաթիլ է այն մեծ օվկիանոսում, որը անհրաժեշտ է կարգավորել: Իսկ այստեղ կարիք կա պետական լուրջ մոտեցման, ինչի հետեւանքով կարող ենք այնպես անել, որ հետեւանքները շատ վատ չլինեն: Հակառակ դեպքում ունենում ենք խնդիրներ՝ սկսած դեստրուկտիվ վարքից, սեփական անձի կամ ուրիշի նկատմամբ ագրեսիայից մինչեւ ալկոհոլամոլություն, թմրամոլություն: Այսինքն, իրավիճակը իրոք աղետալի է»,- հայտարարեց Արմեն Սողոյանը:

Իսկ Խաչատուր Գասպարյանը խոսեց այն մասին, թե ստեղծված իրավիճակում ինչ է անհրաժեշտ անել: «Մենք հայտնվել ենք բավականին խնդրահարույց իրողության առաջ. ասես, արժեքային հեղաշրջում է տեղի ունեցել մեր հոգեբանական իրողության մեջ: Ինչին մենք երկար ժամանակ ապավինել, հավատացել, կամ քիչ թե շատ վստահ ենք եղել, պարզվել է, որ դրանք այլեւս չեն աշխատում՝ ջարդվել են: Հասարակության մեջ տեղի են ունենում մի շարք տրանսֆորմացիաներ, որոնց մեջ ամենագլխավորն այն է, որ առաջանում է հուսահատություն, հուսախաբված լինելու զգացում, անտարբերություն: Տրավմային սթրեսը ոչ միայն խանգարումների առումով է վտանգավոր՝ այն ինքնին խաթարում է մեր ամենօրյա կյանքը, կենսագործունեությունը: Դրա համար պետք է շատ զգուշորեն մտածել թե մատաղ սերնդի համար՝ մանկապարտեզից սկսած պետք է սկսենք աշխատել, որպեսզի ծնողներից փոխանցվող տագնապը երեխաների մեջ չներքնայնացվի եւ նորանոր խնդիրներ չառաջացնի:

Պատանիները շատ ճկուն, բայց միեւնույն ժամանակ շատ խոցելի են: Այս պարագայում էլ ԿԳՄՍ նախարարության աշխատանքների մեջ պետք է ներգրավել, որպեսզի ճիշտ դաստիարակվեն մեր ապագայի շինարարները Սա չենք կարող անուշադրության մատնել, որովհետեւ պատերազմը կարեւորում է զինվորին, զոհվածին, նրա ընտանիքին, անհետ կորածին, բայց մի տեսակ մոռացոության է մատնում մանկապատանեկան տարիքը:

Կարեւոր է հասարակության հոգածությունը վիրավորների, զոհվածների ընտանիքների նկատմամբ: Եվ, իհարկե, առանձին թեմա են անհետ կորած զինվորների ընտանիքները: Հոգեբանության մեջ հայտնի է, որ անհետ կորածի դեպքում վիշտը ամբողջ հոգեբանության տրամաբանությամբ չի ընթանում եւ հաճախ այդ վիշտը փոխանցվում է հաջորդ սերնդին: Մենք չպետք է հուսահատվենք: Պարտվածի հոգեբանության ամեն մի զգացում ձեռնտու է միայն հաղթողին:

Ես իմ համար ստեղծել եմ մի յուրահատուկ բանաձեւ: Դա այն է, որ 26 տարի շարունակ ապրել է այսօրվա մեր, նույնիսկ ավելի վատ կարգավիճակում, որովհետեւ նրանք ավելի շատ կորուստներ ունեին եւ այս ամբողջ ընթացքում ապրել են պարտվածի, բայց ագրեսիվ հոգեբանությամբ: Այսօր բոլորիս խնդիրն է՝ զբաղվել յուրաքանչյուրը իր պարտականություններով, մտածել ազգի համընդհանուր բարօրության մասին, ստեղծել հոգեբանական ծառայություններ, որովհետեւ հոգեկան առողջությունը ազգի անվտանգության կարեւորագույն գրավականներից մեկն է: Եթե մենք հոգեպես առողջ ազգ չունենանք, սպանությունների, ինքնասպանությունների, ինքնախեղումների, դեպրեսիաների եւ այլ խնդիրների աճ կարող ենք արձանագրել:

Հաջորդը, որ կարեւորում եմ այն է, որ ոչ թե պետք է երազել ապագայի մասին, այլ ինքներս պետք է կերտենք մեր ապագան»,- ասաց Խաչատուր Գասպարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728