«Տեղի ունեցավ այն, ինչ չէինք սպասում: Էլի եղել են պատերազմներ, բայց ոչ ոք չէր սպասում, որ այս չափի մեծ աղետ կունենանք, որովհետեւ գիտեինք, որ մեր բանակը հզոր է, երկիրը պատրաստ է պատերազմին»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, վաստակավոր արտիստուհի, երգչուհի Աննա Մայիլյանը:
Նա ասաց, որ լինելով մշակույթի գործիչ` չի ցանկանում ինչ-ինչ որակումներ տալ, բայց նաեւ ավելացրեց. «Կարծում եմ, որ այնքան էլ սուտ չէր, որ ունեինք այն հնարավորությունը, որ կարող էր պաշտպանվել երկիրը: Մեր զինվորը իր հերոսական մարտով կարողացավ, այնուամենայնիվ, կանգնեցնել թշնամուն: Թշնամին երեւի թե կարծում էր, որ 2-3 օրվա մեջ պետք է պաշարեր ամեն ինչ, նույնիսկ ողջ Հայաստանը գրավեր, բայց դա իրեն չհաջողվեց: Իր համար դժվարություններ ստեղծվեցին մեր տղաների հերոսական պայքարով:
Ես հիշում եմ սկզբի օրերին ամբողջ ազգը ոտքի կանգնեց, բոլորս մարտական վիճակում էինք: Ազգը բռունցք էր դարձել, եւ բոլորս պատրաստ էինք, որ ազգը գնա առաջ, եւ ինչպես միշտ` կանգնեցնենք թշնամուն: Իմ երազները, ցավոք սրտի հուշեցին, որ ինչ-որ մի պահի այդպես չի լինելու»:
Աննա Մայիլյանն ընդգծեց. «Ես հավատում եմ, որ Աստված պետք է չթողնի, որ թշնամին ուրախանա: Որպես հոգեւոր մարդ` կարծում եմ, որ թշնամին պետք է պատժվի, դեռ չգիտեմ ինչպես, բայց այդ օրը գալու է, եւ սարսափելի է պատժվելու»:
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ, մեր կրթական համակարգը դեգրադացված է, իսկ եթե չկա կրթություն, չկա նաեւ մտածող մարդկանց բանակ. «Մինչդեռ փոքր պետություն ունեցող ազգը պետք է դիմի որոշակի քայլերի, որպեսզի կրթությունը պահի, էլ չասեմ բանակի մասին, հատկապես, որ երկիրն ունի թշնամիների այսպիսի հարեւանություն… Հայաստանի նման երկրի ղեկավարը, որը չի անցել ռազմական ճանապարհ, իրավունք չունի ղեկավար լինելու: Դարձար երկրի ղեկավար, առաջին քայլը, որ պետք է անես, մոնիտորինգն է, թե ինչ ունես բանակի ու ռազմական ոլորտի հետ կապված: Եվ եթե կա պատերազմի վտանգ, պետք է հաշվարկել` կարող ե՞ս պատերազմում հաղթել, թե՞ ոչ, եւ եթե չես կարող, ուրեմն դիվանագիտական դաշտում ինչ-որ բաներ արա»:
Թե ինչու ժողովուրդը իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ` դուրս չի գալիս փողոց, արվեստագետը հետեւյալ կարծիքի է. «Դուրս չի գալիս փողոց, որովհետեւ իր ողջ ներուժը, էներգիան սպառել է երկու տարի առաջ: Բոլորս այն ժամանակ հավատում էինք, որ դա ճահճից դուրս գալու շող է, անձամբ ես մտածում էի, որ օրինակ մշակույթի առումով կարող է լույս բացվել: Թեեւ հեղափոխական չեմ եւ միշտ դեմ եմ հեղափոխություններին»:
Նրա ձեւակերպմամբ, բարդ է ժողովրդի վստահությունը վաստակելը. «Իրոք «տղա» կուսակցությունը կլինի այն խումբը, որը կկարողանա «Բենթլի»-ներիով չպտտվի քաղաքով, դղյակ չունենա, գնա հասարակ խանութ ու գա տուն, ճաշ եփի… Ժողովուրդը սրան է սպասում…Եվ այն, որ պատերազմը տանուլ տված ղեկավարը պետք է հեռանա, պարզ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ