Լրահոս
Օրվա լրահոսը

Հադրութցիները ՀՀ իշխանություններից ու միջազգային հանրությունից պահանջեցին ճանաչել Արցախի անկախությունը

Փետրվար 12,2021 15:03

«Պահանջում ենք Հադրութ վերադառնալու իրավունքը». այսօր այս բովանդակությամբ ցուցապաստառով մի քանի տասնյակ հադրութցիներ եւ Արցախի այլ բնակավայրերից տեղահանված բնակիչներ կառավարության առաջ բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց խոսքով՝ հատուկ ընտրել են այս օրը, որովհետեւ 1988 թվականից սկսած՝ այս օրը ազգային ազատագրական պայքարի օրն է, որը սկսվել է հենց Հադրութից:

Ցույցը կազմակերպել էին Հադրութից տեղահանված բնակիչները, սակայն, ասացին, որ հրավիրել են նաեւ Քաշաթաղի, Շուշիի, Մարտունու եւ այլ բնակավայրերի բնակիչներին, որպեսզի բոլորի խնդիրները բարձրաձայնեն. «2020 թվականին սկսած պատերազմի արդյունքում մենք զրկվել ենք մեր տներից: 88 թվականին տեսնելով ու կանխազգալով Ադրբեջանի գործելաոճը, մասնավորապես՝ Չարդախլուի դեպքերը, մենք հասկացանք, որ մեզ վրա նույնպես կախված է ցեղասպանության վտանգը եւ կազմակերպեցինք ազգային ազատագրական շարժում, որպեսզի ազատվենք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից: Մենք այդ ժամանակ ունեցանք մեծ հաջողություն, որովհետեւ մեր ազգային ոգին եւ կազմակերպվածությունը բարձր էր: Տարիների ընթացքում ձեռք բերված այդ մեծ հաջողությունը, որը Արցախի հանրապետությունն էր, մենք մսխեցինք՝ կորցնելով մեր անվտանգային համակարգը»:


Ցույցի կազմակերպիչների խոսքով, «իշխանություններն իրենց տեղում չէին եւ չգնահատեցին այն գանձը, որն ընկել էր իրենց ձեռքը»: Ասացին նաեւ, որ իշխանություններն այդ 30 տարիների ընթացքում պատշաճ ուշադրություն չեն դարձրել պաշտպանական հարցերին:

Հայաստանի իշխանություններն էլ, ըստ նրանց, Ղարաբաղը չճանաչեցին: Այդ ամենի համար ցույցի մասնակիցները մեղադրեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Ռոբերտ Քոչարյանն այնքան էր խորացել այդ ամենում, որ, նույնիսկ, Ղարաբաղը բանակցային գործընթացից հանեց: Հաջորդ իշխանությունները նույնպես չճանաչեցին: Անընդհատ ուզում էին տեսնել մի իշխանություն, որն իրենց ստվերն է ու գտնվում է իրենց ստվերում»:

Ցույցի կազմակերպիչները նշեցին, որ այսօր իրենց պահանջն է ՀՀ իշխանություններից, միջազգային հանրությունից ճանաչել Արցախի անկախությունը, որը կլինի Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը:

Հադրութցիների խոսքով, չեն ընդունում ու համակերպվում՝ այն ինչ տեղի ունեցավ ու պետք է պայքարեն, որպեսզի վերադառնան հայրենիք:
Նրանց խոսքով, վերջին պատերազմում պարտվել են միայն ու միայն Հայաստանի եւ Արցախի իշխանությունների անկազմակերպ լինելու պատճառով: Իսկ անկազմակերպությունը սկսվել է 1980-90-ականներից, երբ իշխանությունները վեր են դասել սեփական շահը պետական շահից:

Ցույցի մասնակիցները երթով շարժվեցին ՀՀ-ում գործող միջազգային կառույցներ եւ դեսպանատներ՝ նամակներ հանձնելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728