Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետային զինծառայողի պապիկը խնդրում է փրկել թոռնիկին. 20-ամյա Արման Զուռնաչյանի մարմնում մի քանի բեկորներ կան

Փետրվար 12,2021 14:47

Ժամկետային զինծառայող Արման Զուռնաչյանի պապիկը՝ Գուրգեն Զուռնաչյանը չգիտի՝ էլ ում դուռը ծեծի, որ արցախյան վերջին պատերազմում վիրավորում ստացած 20-ամյա թոռանը բուժեն։ Արցախի «Եղնիկներ»-ում էր ծառայում, պատերազմի հենց առաջին օրվանից թեժ մարտերում էր։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին վիրավորվում է.անօդաչու թռչող սարք է ընկնում Արմանենց ջոկատի վրա։

«Գորիսի հիվանդանոցում էր, հետո հոսպիտալ, Օրբելու վրա հիվանդանոց, Քանաքեռ–Զեյթունի հիվանդանոց («Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-Ա․Դ․) բայց ասում են՝ չենք կարա բուժենք, եթե վիրահատենք՝ չգիտենք ինչ կլինի։ Սաղ ջանը բեկորներ են»,–Aravot.am-ի հետ զրույցում ասում է Գուրգեն Զուռնաչյանը։

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում են ապրում, պապիկը հասել է մայրաքաղաք, որպեսզի «մի բարի մարդ, մի «նաչալնիկ» գտնի», որ թոռան առողջության հարցը լուծվի։

Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովը վիրավորումից հետո Արմանին հատուկ կարգ է տվել՝ 38 Գ, այսինքն` պիտանի է ճանաչվել զինծառայության, բայց սահմանափակ ու ոչ շարային։ Արման Զուռնաչյանը ներկայում Արարատի զորամասերից մեկում է շարունակում ծառայությունը։

«Ահավոր ցավերի մեջ է, պահի տակ ՝ կարող է մի քիչ հանգիստ լինել, հետո որ ցավերը բռնում են, բեկորները շարժվում են օրգանիզմում, էդ ցավերից էլ չի կարում Արմանը հանգստանալ։ Չեմ ասում՝ բանակից ազատեն, թող բուժվի ու ծառայի»,-ասում է Գուրգեն Զուռնաչյանը։

Ինքն էլ է 1990-ականների հայ-ադրբեջանական հակամարտությանը մասնակցել, գիտի՝ ինչ է հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը եւ չի ցանկանում, որ թոռը ոչ պիտանի ճանաչվի ու տանը նստի։

Արմանը երկու փոքր եղբայր ունի, նրանցից մեկը այս տարվա աշնանն է զորակոչվելու, մյուսը՝ եկող տարին։ «Ծնողները, ես, հնարավորություն չունենք մեր միջոցներով բուժելու, հասկանում եմ՝ ասում են երեխու կյանքը կարող է վտանգվել օպերացիայի ժամանակ, բայց հո՞ սաղ կյանքը ցավերի մեջ չի լինելու։ Գոնե մի միջոց պիտի լինի էս զարգացած անտեր դարում։ Ոնց թե տենց ապրի»,–ասում է մեր զրուցակիցը։

Գուրգեն Զուռնաչյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է գնացել։ Ասել են՝ դիմում գրի, փաստաթղթերը կցի, անպայման կզբաղվեն։

«Գրելու եմ դիմումը տամ Թաթոյանին, բայց ժամանակն է քիչ, անհանգստանում եմ թոռանս կյանքի համար։ Ասի՝ մի հատ էլ թերթի տամ, կարդան մեծամեծերը, մի բան անեն»,–ասում է Գուրգեն Զուռնաչյանը։ Հասկանում է՝ գուցե իրենց նման այսօր հարյուրավոր–հազարավորներ կան, բոլորի նկատմամբ էլ պիտի ուշադիր լինեն։ «Ինչ անեմ, ուր գնամ, մի բան ասեք, որ կարան զբաղվեն թոռանս հարցերով»,–ասում է Գուրգեն Զուռնաչյանը։

Aravot.am-ը հարցում է ուղարկել նաեւ պաշտպանության նախարարություն՝ պարզաբանման համար, թե ինչու չի շարունակվում Արման Զուռնաչյանի բուժումը։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Արմանի լուսանկարները տրամադրել է Գուրգեն Զուռնաչյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728