Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Մանուկյանը, որպես «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու, կաշկանդված չէ սեփական օրակարգով հանդես գալ». Իվետա Տոնոյան

Փետրվար 12,2021 14:28

«Եթե իշխանությունն իրականացնում է կապիտուլյացիա, ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբիլիզացիա՝ համախմբում: Այսինքն, ամբողջ ժողովուրդը, ազգը պետք է դառնա ընդդիմություն այս իշխանությանը»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Aravot.am-ը հարցրեց՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքից առաջ՝ փետրվարի 12-ին իր առանձին հանրահավաքն է անում, տեղյակ եղե՞լ եք ու ի՞նչ է սա նշանակում: ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը արտառոց որեւէ բան այդտեղ չի տեսնում. «Դա պարոն Մանուկյանի անձնական նախաձեռնությունն է եղել ու այստեղ պարոն Մանուկյանը, որպես «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, կաշկանդված չէ սեփական օրակարգով, միջոցառումներով ու հանդիպումներով հանդես գալ: Մենք մասնակցության հետ կապված առանձին չենք քննարկել, բայց մեր բոլոր համակիրները, կուսակիցները, որոնք կիսում են այդ մտահոգությունը, ցանկություն կունենան մասնակցել, բնականաբար, կարող են մասնակցել»:

Հարցրեցինք՝ վարչապետի ձեր թեկնածուին փոխելու հարց դիտարկո՞ւմ եք, որովհետեւ իշխանականները հայտարարում են, որ Վազգեն Մանուկյանը, որպես թեկնածու այլեւս չկա՝ Մելքումյանը պատասխանեց. «Իշխանականները ինչ իրենց ձեռնտու է՝ ասում են: Այսօր եթե նոր բան չի հայտարարվել, այն, ինչ կա, ստատուս քվոն պահպանվում է»:

Մելքումյանն ասաց, որ ինչպես նոյեմբերի 9-ից հետո ինքնաբուխ հավաք եղավ, այդպես էլ այսօր, քանի որ նոր տարածքներ ենք տվել. «Ծղուկ լեռան հատվածում ձյունը որ գնաց, այդ ամբողջ մայրուղին GPS-ով ամբողջապես լինելու է կրակի տակ, դրոշը տեսնելու եք: Նույնը՝ Արտանիշ, Ջիլ հատվածում է: Այդպես քանի տեղ ունենք, հիմա ինչ անենք, նստենք սպասենք, որ ՀՀ տարածքը 29,8 հազարից մեկ էլ դառնան 24 հազա՞ր: Նորմա՞լ է»:

Իվետա Տոնոյանը զարմացած էր՝ մի հատ օծանելիքի կամ ժամացույցի համար «լայվով» են հանդես գալիս իշխանականները ու ուղիղ եթեր մտնում, պարզաբանում, խոսում, իսկ արդեն 3 օր է՝ Սյունիքի, Արցախի հետ կապված տարածված փաստաթղթի մասին ոչ մի արձագանք, հերքում չկա. «Հերթական անգամ պոստ ֆակտում ենք իմանում փաստաթղթի մասին»:

Շաքե Իսայանն էլ հիշեցրեց, որ փոխվարչապետ Ավինյանին հարցրել են այդ փաստաթղթի մասին ու տպավորություն է, որ կա՛մ Ավինյանը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ կան որոշակի գաղտնի պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ դեռեւս շարունակում են լռել. «Հավանաբար փորձում են դոզավորված դա ՀՀ քաղաքացիներին հրամցնել: Անգամ հարցադրում ենք անում՝ լռում են: Ես ունեմ ողջամիտ կասկած, որ այս իշխանությունը, ի դեմս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, չի տիրապետում իրավիճակին, կա՛մ կան գաղտնի պայմանավորվածություններ, գաղտնի հավելվածներ, որոնց մասին վաղուց ասել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728