Լրահոս
Օրվա լրահոսը

«A4 ֆորմատի վրա հավաքած տեքստ է, որի մեջ ինչ ասես գրում են… եթե այդ աստիճանի է հասել մանիպուլյացիան, եկեք գնանք իմ աշխատասենյակ, ձեր ցանկացած ուզած տեքստը գրենք». Սիսակ Գաբրիելյան

Փետրվար 12,2021 13:59

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ իմքայլական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հայկ Գեւորգյանն անդրադարձան Սյունիքի հետ կապված մտահոգություններին:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի, Սյունիքի մարզի որոշ հատվածներ գնալու եւ լուսաբանելու համար ԱԱԾ-ից լրագրողները պետք է թույլտվություն ունենան: Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ որպես նախկին լրագրող՝ ինքն էլ է հետաքրքրվել. «Ռազմական դրության հետ կապված գործընթացներ են այնտեղ ընթանում: Շարժվենք չվնասելու տրամաբանությամբ: Ինչ-որ պահից սկսած՝ այնտեղ ազատ ելումուտ կլինի: Եղե՞լ է, որ գնացել եք, չեն թողել, ոնց հասկացա հաղորդագրությունից, պարզապես տեղեկացնում եք իրենց»:

Լրագրողները հարցրեցին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ կա Ադրբեջանի հետ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, ինչի՞ մասին է խոսքը, կպարզաբանե՞ք, որովհետեւ ընդդիմադիր գործիչները սրա հետ կապված փաստաթղթեր են հրապարակում:

Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում նախորդ տարի դեկտեմբերի 19-ին նմանատիպ հայտարարություն ՊՆ-ում կար, որ աշխատանքներ են տարվում: Իսկ փաստաթղթի մասով, տեսեք, տեղաշարժ է եղել որոշակի: Իմ ֆեյսբուքյան էջում էլ բերեց այդ փաստաթուղթը, ժողովուրդ ջան, եկեք հենց հիմա գնանք իմ աշխատասենյակ, 300 հատ այդպիսի փաստաթուղթ կազմենք՝ ցանկացած բովանդակությամբ: Այսինքն, ինչ է այդ փաստաթուղթը, A4 ֆորմատի վրա համակարգչով հավաքած տեքստ է, որի մեջ ինչ ասես գրում են ու տարածում՝ որպես 100%-անոց ճշմարտություն: Ես էլ ասում եմ՝ եթե այդպես է, այդ աստիճանի է հասել մանիպուլյացիան, եկեք գնանք իմ աշխատասենյակ, ձեր ցանկացած ուզած տեքստը գրենք, այդ թվում՝ ռուսերենով, անգլերենով՝ կախված որ երկրի հետ ենք ուզում դա առնչել: Ուզո՞ւմ եք ադրբեջաներեն թարգմանենք ու գրենք, որ նախկին այսինչ իքս պաշտոնյան այսպիսի համաձայնության է եկել: Դրանք թղթեր են պարզապես, որոնք յուրաքանչյուր համակարգչից օգտվող, Word-ով տեքստեր հավաքողը կարող է գրել»:

Հարցին՝ այսինքն, պնդում եք, որ Սյունիքում որեւէ անհանգստացնող գործընթաց չկա՞՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե ասեմ անհանգստացնող բան չկա, կխաբեմ, միանշանակ անհանգստացնող բան Սյունիքում սյունեցիների մոտ ընդհանուր կա: Հասկանալի է, առնվազն վերջին 25-30 տարին այս վիճակը չի եղել, հիմա այս վիճակը կարող է իրենց մոտ անհանգստություն առաջացնի»:

Հարցին՝ շատ են խոսում այն մասին, որ ճանապարհները բացելուց հետո Հայաստանը կսկսի առեւտուր անել Ադրբեջանի հետ, ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրը, որի մասին խոսել են ՀՀ տարբեր պաշտոնյաներ, այդ շուկաների ներկայությունը Հայաստանում ինչպիսի՞ վնաս կհասցնի հայկական շուկային, բոլոր վտանգները հաշվի՞ են առել՝ Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «Մեղմ ասած, այդ հարցը, այսպես ասած՝ շատ է մանիպուլյացվում, այսօր էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուր կա, այստեղ գտնվողների հագուստների մեծ մասն արտադրվել է Թուրքիայում, ինչպե՞ս է այն հայտնվել Հայաստանում: Ինչ վերաբերում է՝ պաշտոնապես ճանապարհները բացելու դեպքում ի՞նչ կարող է լինել, նախ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններն են, այսինքն՝ Հայաստանի սահմանը հատելիս՝ ոչ ԵԱՏՄ ապրանքը, այսինքն՝ թուրքական արտադրության ապրանքը, պետք է հանդիպի ԵԱՏՄ խոչընդոտներին, մաքսային սահմանափակումներին: Այսինքն՝ սահմանի բաց կամ փակ լինելն այդ ապրանքների վրա ազդում է այնքանով, որքանով որ դա ԵԱՏՄ-ի՞ ապրանք է, թե՞ ոչ: Այսօր էլ Թուրքիան եւ Հայաստանը առեւտուր անում են»

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այն բանակցությունները, որոնք այսօր ընթանում են, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության մասին չեն. «Ինչպես նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ճանապարհները զուտ ապահովելու են Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը: Այսինքն՝ խոսքը զուտ տարանցիկ ճանապարհների մասին է, այլ ոչ թե առեւտրաշրջանառության, դրանց մասին պաշտոնական քննարկում չկա: Գուցե պաշտոնյաները խոսում են դրա հնարավորության կամ հարաբերությունների մասին, բայց այն կոնտեքստում, որը քննարկվում է վարչապետների մակարդակով, խոսքը չի գնում երկու երկրների կամ եռակողմ առեւտրաշրջանառության հաստատման մասին: Եթե ՀՀ-ն ճանապարհ է տալու, որ մեր արդեն իսկ առկա ճանապարհներով մուտք դեպի Նախիջեւան, այդ դեպքում Ադրբեջանը պարտավորվում է Նախիջեւանի տարածքով Իրանի սահման հատելը: Ինքս անձամբ չեմ պատկերացնում, թե ինչպես, օրինակ, Թուրքիայի ու Ադրբեջանի, հատկապես՝ վերջին երկրի հետ այս պահին ունենանք առեւտրաշրջանառություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728