Լրահոս
Օրվա լրահոսը

Նվարդ Քոչարյան․«Համավարակի պատճառով մարդիկ չէին գնում հիվանդանոց՝ քաղցկեղի կանխարգելիչ հետազոտության»

Փետրվար 12,2021 13:38

Կորոնավիրուսի համավարակն անցյալ տարի բավականին մեծ ազդեցություն է ունեցել ողջ բժշկական համակարգի վրա, այդ թվում՝ քաղցկեղի խնդիրների կանխարգելման եւ նմանատիպ այլ միջոցառումների վրա։ Այսօր այս մասին «Արմենպրես» լրատվական կենտրոնում ասաց «Եվրոպա Դոննա Արմենիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը։ Նա նշեց, որ քաղցկեղով հիվանդների շրջանում համավարակը լուրջ ազդեցություն թեեւ չունեցավ, քաղցկեղով հիվանդների մեծ մասը, որոնք վարակվել էին կորոնավիրուսով, թեթեւ դեպքեր էին, սակայն համավարակի պատճառով կանխարգելիչ որեւէ միջոցառում չարվեց․ «Որեւէ մեկը չէր այցելում հիվանդանոց, եւ դա փաստ էր, եւ դա լուրջ խնդիր է հասարակության շրջանում, հատկապես բժիշկների համար, որովհետեւ, երբ անձը կարող էր գնալ հիվանդանոց եւ վաղ հայտնաբերեր հիվանդությունը, անցյալ տարի ոչ ոք չէր համարձակվում գնալ հիվանդանոցներ: Բոլորը մտածում էին, հատկապես համավարակի տարածման առաջին շրջանում, որ վարակ կա հիվանդանոցներում ու չէին գնում։ Եվ այս առումով ոչինչ չարվեց, որպեսզի կանխարգելման գործընթացը կանգ չառներ»։

Տիկին Քոչարյանը հույս հայտնեց, որ այս տարի գոնե կվերականգնվի կանխարգելիչ հետազոտությունների գործընթացը եւ մարդիկ կսկսեն հաճախել հիվանդանոցներ, քանի որ համավարակի տարածումը նվազել է։

Անցյալ տարի, Նվարդ Քոչարյանի փոխանցմամբ, բոլոր տիպի քաղցկեղների մոտ 7000 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում, կանանց շրջանում առաջատարը կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղն է։ Տիկին Քոչարյանը կոչ արեց ուշադիր լինել սեփական առողջությանը, քիչ օգտագործել ալկոհոլ եւ չծխել, 30-50% դեպքերը կարելի է կանխել՝ նվազեցնելով ռիսկերը․ «Արդեն ապացուցված է, որ ռիսկերը կարելի է նվազեցնել առողջ սննդակարգով եւ առողջ ապրելակերպով։ Պետք է նվազեցնել ալկոհոլը, իսկ եթե հնարավոր չէ հրաժարվել, օրինակ՝ ծխախոտից, գոնե փոխարինել այլընտրանքային՝ ծուխ չարտադրող միջոցներով։ Ալկոհոլի դեպքում էլ գոնե ցածր տոկոսայնությամբ ալկոհոլ օգտագործել, օրինակ՝ գինի, բայց ոչ մեծ քանակությամբ։ Գերմանիայում գարեջուրն է հայտնի, բայց շատ մեծ քանակությամբ են ընդունում եւ դա հավասարազոր է դառնում բարձր տոկոսայնությամբ ալկոհոլի օգտագործմանը։ Ծխախոտի մեկ գլանակն էլ վտանգավոր է, դրա մեջ մեծ քանակության քաղցկեղածին նյութեր կան»։

Տիկին Քոչարյանի խոսքով․«Եթե կինն իր կրծքում գոյացություն է շոշափում եւ չի դիմում բժշկի՝ դա հանցագործություն է իր եւ իր ընտանիքի հանդեպ։ Ուստի շատ կարեւոր է, որ փոքր կասկածի դեպքում դիմեն բժշկի»։ Նա ասաց, որ Երեւանի բնակիչները ոչ այնքան ֆինանսական խնդրի պատճառով չեն դիմում բժշկի, որքան անտարբերության, հաճախ հետաձգում են, մարդիկ չեն հետեւում առողջությանը, չնայած հասկանում են, որ անհրաժեշտ է դիմել բժշկի, բայց մտածում են՝ այսօր չէ, վաղը կգնամ ու այդպես անընդհատ հետաձգում են։

Տիկին Քոչարյանը վստահեցրեց՝ եթե անհրաժեշտ է դիմել բժշկի, հատկապես կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության, եւ կինն ընդհանրապես հնարավորություն չունի, ապա «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն պատրաստ է աջակցել, կազմակերպել հետազոտությունները։ Իսկ գյուղաբնակները, ըստ տիկին Քոչարյանի, դիմում են բժշկի այն դեպքում, երբ հիվանդությունը լուրջ անհանգստություն է պատճառում։

Նա նշեց, որ հարկավոր է հանրության շրջանում իրազեկման լուրջ աշխատանքներ իրականացնել, որպեսզի մարդիկ սկսեն ուշադիր լինել իրենց առողջությանը եւ կանխարգելման համար դիմեն բժշկի, ինչը շատ ավելի կարեւոր է եւ մատչելի, քան երբ հիվանդությունը սրվում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728