«Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնումը: Սա բավականին երկար ու դժվար աշխատանք է պահանջել: Առկա պայմաններում շատ գործարարներ վախենում են պայմանագրեր կնքել թե համայնքի, թե պետական մասշտաբով, բայց մենք եկել ենք, վստահեցրել ենք, որ կկատարենք մեր պարտավորությունները, իրենք էլ կկատարեն մատակարարումը»,-այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով, անգլիական WYG ընկերությունը նոր ավտոբուսային ցանց է նախագծել, ըստ որի պետք է ունենանք 850 ավտոբուս, որից 450-ը պետք է լինեն 7,5-8,5 մետրանոց ավտոբուսներ, մնացածը՝ 12 եւ 18 մետրանոց:
Քաղաքապետն ասաց, որ ծրագիրը շարունակական է. «ՎԶԵԲ-ի եւ կառավարության հետ համատեղ մեկ անգամ չի կայացել 12 մետրանոց ավտոբուսների գնման տենդերը: Եվս մեկ անգամ տենդեր է դրվել, որը կբացվի մարտի 31-ին: Հուսանք, որ այս անգամ կկայանա: Այստեղ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների մասին է խոսքը»:
Հայկ Մարությանի խոսքով, ծրագրի իրագործմամբ միկրոավտոբուսները, որոնք ե՛ւ վտանգավոր են ե՛ւ խնդրահարույց ե՛ւ անհարմար, երթուղագծերից դուրս կգան. «Ուզում ենք այս առաջին քայլով ձերբազատվենք միկրոավտոբուսներից»:
Նրա խոսքով, 7,5-8,5 մետրանոց ավտոբուսներ 95 տոկոսով արտադրում են միայն Չինաստանում. «Չինաստանում ավտոբուսների արտադրությունը շատ առաջ է գնացել, եւ գերմանական, շվեդական, հոլանդական շատ քաղաքներում տենդերները հաղթում են հենց չինական ավտոբուսները, հատկապես էլեկտրաբուսները՝ որակով անցնելով եվրոպական շատ արտադրողներին: Այստեղ մեզ համար ոչ թե երկիրն է, որ արտադրում է, այլ թե ինչ պարամետրերի է համապատասխանում, իսկ մենք բարձր պարամետրեր ենք դրել: Բավականին շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար: Եթե գործարքը կայանա, կհամարեմ սա լավագույն ձեռքբերումը Երեւանի համար»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ