Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը մի հատ որ թափ տա իրեն, երկու կես կլինի, արդեն թրով մեջտեղից խփած է, իրենք չեն զգում, տաք են, մի հատ թափ տվեց, քանդվելու է». Էդմոն Մարուքյան

Փետրվար 12,2021 12:55

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գոյություն ունեցող քաղաքական ուժերի հետ համեմատած՝ 10-20 անգամ ավելի բարձր է այսօրվա իշխանության վարկանիշը. «Այ դա է մեր խնդիրը, որ այսօր մենք ունենք ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության հետ կապված ճգնաժամ, որովհետեւ ընդդիմություն, որպես այդպիսին, չկա: Ընդդիմությունը ցավոք այն նախկիններն են, որոնք առաջարկ չունենալով՝ իրենց անձնական շահերը սպասարկելու համար քաղաքական հայտարարություններով փորձում են ինչ-որ բան ապահովել»:

Այս առնչությամբ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Այս նույն մարդիկ ասում են նաեւ, որ լրագրողներ էլ չկան: Բայց լրագրողներ չկա՞ն: Բնականաբար, ընդդիմություն էլ կա: Այդ հողից կտրված հայտարարությունները գոնե ես լսել եմ այն ժամանակներում, երբ  մեր գործընկերներին ասում էինք՝ ամեն ինչ վատ է գնում, պրոբլեմներ են լինելու, ձեզ ժողովուրդը գալու է սրբի՝ տանի: Ասում էին՝ այս ի՞նչ եք խոսում, ընտրությունները նոր են եղել, չտեսա՞ք ոնց հաղթեցինք, օրինակ, 2017-ին: Հիմա նույն իրականությունից կտրված վիճակի մեջ է այսօրվա իշխանությունը: Մի անհանգստացեք, ամեն ինչ իր տեղը կընկնի: Եթե ժողովուրդը համակերպվում է եւ ասում ՝ ես OK եմ այս վիճակի հետ, ոչ մի ընդդիմություն չի կարող այդ ժողովրդին հանի այս իշխանության դեմ: Եթե ժողովուրդը չի համակերպվում, բնականաբար, այդ պրոցեսները կառաջնորդվեն: Փորձել գցել ուրիշի վրա՝ չի ստացվի: Եթե իրենք ունեին այդ ռեյտինգը, այսպես ասած, ընտրություններ պիտի անեին, այդտեղից կերեւար: Հիմա ընտրությունները հետաձգվեցին, ինձ թվում է՝ հունիսին կլինի ու հունիսին կտեսնենք՝ կա, ընդդիմություն, չկա: Մի բան ակնհայտ է՝ իշխանության ներկայացուցիչները հանգիստ փողոցում ման գալու հնարավորություն չունեն: Ոչ թե ինչ-որ տեռոր է երկրում, այլ երես չունեն իրենց ղեկավարած, կայացրած որոշումների արդյունքում: Դա ռեյտի՞նգ է, պրոբլեմ չկա, վայելեք ձեր ռեյտինգը»:

Դիտարկմանը՝ իրենք ասում են՝ ընդդիմությունը նախկիններն են, որոնք անձնական շահ ունեն՝ Մարուքյանը արձագանքեց. «Իրենց ձեռնտու է այդպես ասեն, որովհետեւ ժողովրդին ահաբեկում են, ասում են՝ նախկինները գալիս են, եկեք, համախմբվեք մեր շուրջը, փրկեք մեզ, գալիս են մեզ կեղեքեն ձեր հետ: Բայց այդպես չի: Նախկինները ընդդիմության մի հատվածն են: Բազմաթիվ ուժեր կան, որ երբեք ՀՀ-ում իշխանություն չեն ունեցել: Այսօր իրենք են  նախկին, բայց չեն զգում: «Սասունցի Դավթի» մեջ մի դրվագ կա, երբ որ Մըսրա Մելիքին թրով խփում է, ասում է՝ Դավիթ, մին էլ արի, այսինքն, չի ստացվել, ասում է՝ լա մի քեզ թափ տուր, թափ է տալիս, երկու կես է լինում: Այս իշխանությունը մի հատ որ թափ տա իրեն, երկու կես կլինի, արդեն թրով մեջտեղից խփած է, իրենք չեն զգում, տաք են, մի հատ թափ տվեց, քանդվելու է: «Սասունցի Դավիթ» գոնե կարդան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728