Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 12-ին այցելել է գլխավոր դատախազություն և կառույցի աշխատակազմին ներկայացրել նորընտիր ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Գառնիկի Ներսիսյանին:
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ հետպատերազմյան իրավիճակը թեև շատ սրբագրումներ է արել պետական բազմաթիվ ծրագրերում, սակայն օրինական պետություն կառուցելու ճանապարհին հանցավորության դեմ պայքարի և պետական շահերի պաշտպանության գործառույթները շարունակում են առանցքային մնալ:
Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել նորընտիր գլխավոր դատախազին և հույս հայտնել, որ դատախազության համակարգում ձեռքբերած նրա աշխատանքային փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն կառույցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ