Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր օրենսգիրքը շատ լավն է, սակայն եթե շարունակելու են նույն ոճով աշխատել, ունենալու ենք նույն կոտրած տաշտակը». «Ժամանակ»

Փետրվար 12,2021 11:49

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը լավ ծանոթ է օրենսգրքի առաջարկած փոփոխություններին, դրանք դրական է գնահատում, բայց խնդիր է տեսնում օրենսգիրքը կիրառողների մասով։ «Շատ լավ կարգավորումներ կան իրականում, իրավունքի տեսանկյունից շատ լավ հարցեր կարգավորվում են, բայց հիմնական խնդիրը մնացել է այն, թե դա պրակտիկայում ինչպես է կիրառվելու։ Մեր դառը փորձը ցույց է տվել, որ, որպես կանոն, օրենքների կամ օրենսգրքերի ամբողջական փոփոխությունը բավականին լավ նպատակներ է հետապնդում և լավ կարգավորումներ է առաջարկում։ Ցավոք սրտի, պրակտիկայում կիրառողները շատ անհաջող կամ շատ վատ են կիրառում։ Հուսանք, որ լավ օրենսգիրքը նաև լավ կիրառողներ կունենա»,- ասաց Պապիկյանը։

Հարցին՝ այսինքն՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը կարող է արդյունավե՞տ չկիրառվել չբարեփոխված դատաիրավական համակարգում, փաստաբանը պատասխանեց. «Միանշանակ՝ դատարանների և քննչական մարմինների, դատախազության վերաբերմունքը արդարադատության իրականացմանը պետք է համապատասխանի օրենսգրքով նախատեսված կարգավորումներին։ Բայց մենք ամեն օր բախվում ենք իրավիճակի, երբ նույնիսկ այս պահին գործող օրենսգիրքը, որը լավ կամ վատ ձևով կարգավորում է իրավահարաբերությունները, բայց իրավակիրառ պրակտիկայում քննչական մի մարմինը մի կերպ է մեկնաբանում, մեկ այլ մարմին՝ այլ կերպ, դատախազությունը լրիվ տարբերակված մոտեցում է ցուցաբերում։

Դատարանը մի դեպքում կարող է արդարացման դատական ակտ կայացնել, մեկ այլ դեպքում՝ մեղադրական։ Այսինքն՝ իրավակիրառ պրակտիկան հիմա էլ չի համապատասխանում օրենսգրքին։ Մենք անընդհատ բարեփոխում ու բարեփոխում ենք օրենսդրությունը, բայց իրավական հիմքերի փաստաթղթային բարեփոխումը, այդ թվում և քրեական դատավարության բարեփոխումը շատ լավ է, նախագիծը շատ լավ է, բայց խնդիրն այն է, թե ովքեր են կիրառելու և ինչպես են կիրառելու։ Եթե շարունակելու են նույն ոճով աշխատել բոլորը, այդ թվում և փաստաբանները, ապա մենք ունենալու ենք նույն կոտրած տաշտակը»։ Պապիկյանը նաև հավելեց, որ եթե համակարգը ուժ կգտնի իր մեջ այնքանով, որքանով իր գործելաոճը կհամապատասխանեցնի Քրեական դատավարության նոր օրենսգրքի կանոններին, ապա մենք օրերի ընթացքում փոփոխություն կզգանք, և կնճռոտ բոլոր գործերը կունենան իրենց հանգուցալուծումը։ «Բանալին ոչ թե օրենքի փոփոխության մեջ է, այլ կատարողի։ Բայց պետք է նշեմ, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը իսկապես լավն է, դա անհրաժեշտություն է։ Մնում է գտնել կիրառողներ»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728