Լրահոս
Օրվա լրահոսը

Պղծվել է Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը. մեկնաբանություններ

Փետրվար 12,2021 11:24

Մեկնաբաններն արձագանքում են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի պղծմանը:

«Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության խմբագիր Արտյոմ Երկանյանի գրառումը. «Սենց բան արածը’ մարդ չի։ Սա ոչ մի բանով հնարավոր չէ արդարացնել։ Խոսքեր չեմ գտնում։ Փորձում եմ ինձ սփոփել, ստիպելով հավատալ, որ դա ոչ թե հայ է արել, այլ թշնամական մի պետության հատուկ ծառայության գործակալ։ (Ի դեպ, իրավապահները այդ վարկածն էլ պետք է հետաքննեն:) Իմ ցավակցություն ու համերաշխությունն եմ հայտնում ազգությամբ հրեա բոլոր համաքաղաքացիներիս»:

«Սիվիլնեթի» մեկնաբան Արշալույս Մղդեսյանի գրառումը. «Ջավախքում` իմ ծննդավայրում, խոսք կա` մեռելից չեն օխում։ Այսինքն` մեռելին քեն չեն քշում։

Հասկանում եմ` պատերազմում իսրայելական դրոնների օգտագործման ու դրա հետևանքներից մեր հանրային ցասումը, բայց ի՞նչ կապ ունեն միլիոնավոր հայ և հրեա անմեղ զոհերը ու իրենց հիշատակը։

Թե՞ խիզախություններս էսքան է հերիքում, այլ բան չեն կարող անել ու ճարահատյալ հուշարձան ենք պղծում, դառնում վանդալ։

Սա ոչ թե դուխի, ոչ թե խիզախության, այլ ճարահատյալության ցուցադրություն է։

Լուրջ գործով զբաղվելու փոխարեն, մեր անզորության խուլիգանական դրսևորումն է մեռելների, հայ և հրեա մեռելների հիշատակի հուշարձանի նկատմամբ։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ինչի՞ է հուշաքարն էս վիճակում, չե՞ք ուզում մաքրել։

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia սրան առաջին հերթին դուք պետք է արձագանքեք… ոնց որ առաջին դեպքը չի»:

«Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից  իրականացվում է հուշարձանի մաքրման աշխատանքը:

Վերջին ամիսներին սա հուշարձանի պղծման երկրորդ դեպք է. հարցին՝ արդյոք քաղաքապետարանը քայլեր ձեռնարկո՞ւմ է հուշակոթողի պահպանության և նման դեպքերը բացառելու ուղղությամբ, Կարապետյանը նշեց, որ սա խիստ դատապարտելի արարք է, որը պետք է բացառվի Երևան քաղաքում, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են համատեղ ապրում, կրելով երևանցու կոչումը:

«Ցանկացած տիպի և բովանդակության հուշարձանների պղծումը ծայրահեղ անընդունելի է, առավել ևս այն հուշարձանների, որոնք առնչվում են քաղաքում ապրող փոքրամասնություններին: Կարծում եմ, որ իրավապահ գերատեսչության հետ  համագործակցությամբ այդ հարցին պետք է լուծում տրվի»,- ընդգծեց Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728