Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները մեկ անգամ անցել են մեր տարածքով՝ Գորիսի ճանապարհներով՝ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ. Արմեն Խաչատրյան. «Հայկական ժամանակ»

Փետրվար 12,2021 09:00

Համացանցում սկսեցին տեղեկություններ շրջանառվել Սյունիքի ճանապարհների վերաբերյալ ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մասին: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու: Այս ամենի շուրջ «ՀԺ»-ն զրուցել է «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ.

– Պարոն Խաչատրյան, դուք Սյունիքից ընտրված պատգամավոր եք եւ, վստահաբար, հաճախ եք լինում Սյունիքում: Այն խնդիրները, որոնց վերաբերյալ մամուլի միջոցով բարձրաձայնում են սյունեցիները, հասնո՞ւմ են ձեզ: Խոսքը վերաբերում է միջհամայնքային ճանապարհների վրա ադրբեջանական դրոշների, ցուցանակների հայտնվելուն, ադրբեջանցի զինվորների մուտքին մեր տարածքներ: Եթե տեղյակ եք, նաեւ ՄԻՊ-ն է հայտարարություն տարածել այդ մասին:

– Չգիտեմ ինչ է նշել ՄԻՊ-ը այդ թեմայի կապակցությամբ, կուսումնասիրեմ: Երեւի առաջիններից մեկը, ով ընդունում է այդ տեղեկատվությունը, ես եմ: Նաեւ աշխատանքային խումբը, որ ստեղծվել է հունվարի 15-ից, զբաղվում է այդ հարցերով: Հարցերը շատ են, խնդիրները շատ են եւ առաջիկայում էլ դեռեւս այդ խնդիրները չեն լուծվի, սակայն 24 ժամյա ռեժիմով պետք է աշխատել, բոլոր խնդիրները լուծել, մեր բնակավայրերի անվտանգությունը ապահովել 100 տոկոսով: Թե ինչ է ասել պաշտպանը՝ չգիտեմ:

– Ասել է, որ պետք է արգելվի նրանց հայտնվելը մեր տարածքներում, եւ վերջ:

– 2 անգամ նման տեղեկություն ստացել եմ՝ տարածքում հայտնվելու հետ կապված, լավ է, որ այդ պահին գտնվել եմ Սյունիքում, անմիջապես մեկնել եմ այնտեղ, եւ պարզվել է, որ իրենց կողմում են՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

-Այսինքն` մեր տարածքում չե՞ն եղել:

– Այդ երկու անգամը մեր տարածքում չեն եղել: Մեկ անգամ անցել են մեր տարածքով՝ Գորիսի ճանապարհներով՝ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ: Գնացել են, որպեսզի իրենց զինվորների դիերը դուրս բերեն: Ամեն դեպքում այդ ամենին տեղյակ ենք: Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց ե՛ւ մեր բանակի մեջքը ե՛ւ մեր սահմանները կուղղվեն, մեր հետագա կյանքը կկարողանանք ուրվագծել այդ պայմաններում:

– Իսկ ցուցանակները հեռացնելը մեծ խնդի՞ր է, որ չենք կարողանում հասնել դրան:

– Իհարկե խնդիր է, իհարկե ադրբեջանցիները մեծ ցավով են տանում այդ ցուցանակների վրա կրակելու, վնասելու դեպքերը, նրանք էլ իրենց հերթին փորձում են սադրիչ գործողությունների դիմել, ինչը շատ վատ է այս իրավիճակում: Այս իրավիճակում պետք է կայունացնել խաղաղությունը, որ հնարավորություն ունենանք բոլոր խնդիրներին լուծումներ տալ ի շահ Հայաստանի Հանրապետության: Այդ պաստառների հանելուն նաեւ իրավական հիմքեր են պետք, հուսով եմ ՄԻՊ-ը որպես մասնագետ ցույց կտա, թե ինչ ուղիներով կարելի է դրան հասնել: Չեմ թաքցնում, շատ տհաճ երեւույթ է, բոլորիս վրա դա շատ վատ է ազդում, սակայն մենք պետք է դուրս գանք այս իրավիճակից:

– Խոսեցիք այդ երեւույթների բացասական ազդեցության մասին. Կանխատեսվում էր, որ այդ ազդեցությունը կդրսեւորվի արտագաղթի տեսքով: Նկատվո՞ւմ է արտագաղթ Սյունիքից:

– Ես մանրամասն զգայուն եմ այդ խնդրի նկատմամբ, նաեւ ուսումնասիրում եմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ հետպատերազմական իրավիճակը: Վտանգ կա, որ արտագաղթ կարող է լինել: Հնարավոր է մարդիկ դեպրեսիոն վիճակից ելնելով բնակավայրի փոփոխություն անեն: Սիսիանում, Գորիսում ես նման երեւույթ չեմ նկատում, սակայն Կապանի բնակավայրերում նկատում եմ այդ միտումը: Լավատես եմ, որ երբ անվտանգային խնդիրները կլուծվի, տեսանելի կդառնա, մարդկանց մոտ վստահություն կառաջանա, մարդիկ էլ կապրեն խաղաղ, վստահ, որ իրենց երկրում, իրենց հողում ամեն ինչ պետք է անեն դրան հասնելու համար:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728