ՍԴ դիմողները գտնում էին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը, 391-րդ հոդվածի 1-ին մասը եւ 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով հարգելի համարելու՝ դատարանների պարտականությունը, հակասում են Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածներին:
Նշենք, որ մինչ օրս փոփոխություններ, լրացումներ վիճարկվող հոդվածներում չեն կատարվել: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Դատավարական ժամկետները բաց թողնելը եւ վերականգնելը» վերտառությամբ 119-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը սահմանում են. 1. Դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
( …) 4. Դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Իսկ նույն օրենքի «Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը» վերտառությամբ 391-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. 1. Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
Մեզանում զգալի են բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին բողոքները: Օրինակ, բողոք բերողի կամքից անկախ պատճառներով՝ դատական ակտը փոստային առաքմամբ ուշ ստանալու պատճառով, քաղաքացին վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի համարելու, վճռաբեկ բողոքը դատական ակտն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներկայացնելու իրավունքն իրացնելու համար պետք է առանձին միջնորդությամբ խնդրի Վճռաբեկ դատարանին թույլ տալ իրացնելու իր իրավունքը:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով փետրվարի 5-ին հրապարակվել է Թարվերդյանի, Խաչատրյանների գործով որոշումը: Ներկայացուցիչն էր Գ. Թորոսյանը:
ՍԴ-ն դիմումի քննության ժամանակ ի սկզբանե բարձրացրել էր հետեւյալ հարցը. արդյոք այս գործով վիճարկվող իրավակարգավորումները երաշխավորում են անձի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի իրացման համատեքստում դատարանի մատչելիության իրավունքի պատշաճ իրացումը՝ նկատի ունենալով նաեւ դրանցով նախատեսված ժամկետային սահմանափակումները:
Օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15 օր հետո:
ՍԴ դիմած Թարվերդյանի, Խաչատրյանների գործով վիճարկվող 391-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը սահմանել է վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների՝ Վճռաբեկ դատարան բողոքարկելու մեկամսյա ժամկետ, ընդ որում՝ այդ ժամկետի հաշվարկման սկիզբ դիտարկելով դատական ակտի հրապարակման պահը:
Դիմողները խնդրում են որոշել օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի եւ 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության 3-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ բացահայտելով դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը:
Ըստ դիմողների՝ այն դեպքերում, երբ ակտն իր բովանդակային մասով բողոքաբերին հասանելի է դառնում հրապարակման օրվանից հետո որոշ ժամանակ անց, բողոքաբերը հրապարակման պահից սկսած մինչեւ ամբողջական դատական ակտն ստանալու պահը չունի այն բողոքարկելու իրական հնարավորություն, քանի որ իր տրամադրության տակ չկան բողոքի արդյունավետության համար անհրաժեշտ տվյալները: Վճռաբեկ բողոքը դատական ակտն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներկայացնելու իրավունքն իրացնելու համար բողոքաբերը պետք է առանձին միջնորդությամբ խնդրի Վճռաբեկ դատարանին թույլ տալ իրացնելու իր իրավունքը, իսկ վերջինիս հայեցողության սահմաններն ու շրջանակները որեւէ կերպ սահմանված չեն օրենքով: Բողոքաբերի կամքից անկախ պատճառով, ինչպիսին է փոստային առաքմամբ բողոքարկվող դատական ակտն ուշ ստանալը, իր բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետը փոքրանում է, եթե բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկվի ակտի հրապարակման, այլ ոչ թե դրա ստացման օրվանից: Ընդ որում, այս դեպքում որեւէ նշանակություն չունի, թե քանի օր ուշացումով է բողոքաբերն ստանում դատական ակտը:
Ստացվում է՝ ավելի սեղմ ժամկետում այդ գործողությունը բողոքաբերի վրա դնելը դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակում է:
Ըստ պատասխանողի՝ ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի, օրենսդիրը բոլոր հնարավոր ձեւերով սահմանել է անձի՝ «արդար դատաքննության իրավունքի» իրացման հնարավորությունը՝ նախատեսելով ինչպես վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու հիմքերն ու ժամկետները, այնպես էլ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձանց կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջոցներն ու միջնորդություն ներկայացնելու կարգը:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա պատասխանողի դիտարկմամբ. «Դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձանց զրկելով այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, օրենսդիրը ոչ միայն չի խախտել անձի՝ անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավունքը, այլ ավելին՝ նույնիսկ ապահովել է վերջինիս՝ ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձանց զրկելով այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից»: Միաժամանակ, օրենսդիրը, նախատեսելով որոշակի բացառություններ, դատարանին հնարավորություն է ընձեռել բավարարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Պատասխանողը գտնում է, որ սույն գործով օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու եւ դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ: Պատասխանողը խնդրել էր վիճարկվող հոդվածների առանձին մասերը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:
Ըստ Սահմանադրական դատարանի, դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցը պետք է գնահատել այն երաշխիքների համատեքստում, որոնք օրենսգրքով ապահովվում են բողոք բերող անձանց համար եւ, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտի՝ գործին մասնակցող անձին հասանելիության եւ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքով՝ վերջինիս վերականգնելիության կառուցակարգերի առկայության առումներով: Հակառակ պարագայում, եթե մի կողմից՝ բողոք բերելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դատական ակտը վերջինիս հասանելի չլինի, իսկ մյուս կողմից՝ շարունակեն հոսել դատական ակտի բողոքարկման ժամկետները, կստացվի, որ ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: ՍԴ-ի գնահատմամբ, վիճարկվող նորմերը համապատասխանում էին Սահմանադրությանը:
Նշեմ, որ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ դիրքորոշումներ է արտահայտել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Ըստ ՄԻԵԴ-ի, դատարանի մատչելիության իրավունքը ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները: Այս համատեքստում կարգավորումներ սահմանելու հարցում պետություններն ունեն որոշակի հայեցողություն: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, եւ կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջեւ պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն. հակառակ դեպքում այդպիսի սահմանափակումները չեն համապատասխանի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2021