«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին անդրադարձ կատարելիս կարող ենք իրավամբ նշել, որ այն այլեւս մեր երկրի խորհրդանիշներից մեկն է։ 2000 թվականին հիմնված փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, գլխավոր մենեջերը՝ Սոնա Հովհաննիսյանը։
Փառատոնի շնորհիվ մեր երաժշտասերները հնարավորություն ունեցան հանդիպել, ունկնդրել հայ եւ համաշխարհային ճանաչում ունեցող օտարազգի երաժիշտ-կատարողների, նվագախմբերի եւ երաժշտական այլ խմբերի։ Մինչ փառատոնի մեկնարկը Սոնա Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում նշել էր. «Մենք սկզբից ընտրել ենք ամենաբարձր նշաձողը, որպես օրինակ ունենալով Էդինբուրգի փառատոնը, որն իսկական տոն է»։
Այսօր արդեն միանշանակ կարելի է ասել, որ գլխավոր մենեջերի խոսքը իրողություն է դարձել եւ, ինչու ոչ՝ այս տարիների ընթացքում անհավանական բան տեղի ունեցավ. Երեւանյան փառատոնը դարձավ Եվրամիության փառատոնային ասոցիացիայի անդամ եւ Էդինբուրգի փառատոնի հետ աշխարհի լավագույն 5 փառատոներից մեկն է համարվում։
Անցյալ տարի՝ համավարակով պայմանավորված, փառատոնը հիմնականում առցանց գործունեություն ծավալեց, բայց մի քանի անգամ հանդես եկավ հանդիսատեսի առջեւ՝ Ազգային ժողովի բակում բարեգործական ծրագրով Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, սահմանամերձ Բերդ քաղաքում, ապա չորս համերգով Բյուրականում՝ փառատոնի արվեստի ակադեմիայում։ Վերջինիս հանդիսատեսը հիմնականում Արցախից փախստականներ էին, երեխաներ, պատանիներ, մտավորականներ։ Վերջին երկու համերգներին էլ հանդիպեցինք ջութակահար Իզաբել Ֆաուստին եւ դաշնակահար Ալեքսանդր Մելնիկովին։ Այս առիթով մենեջերն ասաց, որ հռչակավոր երաժիշտների «Երեւանյան փառատոնի» ծրագիրը, որտեղ հնչել են Բեթհովենի, Բրամսի եւ Շումանի ստեղծագործություններից, նոմինացված է «Գրեմմիի»։
Կարդացեք նաև
Տիկին Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ ափսոսանք հայտնեցինք, որ համավարակի պատճառով չի կայացել փառատոնային նվագախմբի ստեղծումը։ Այդ առիթով նա ասաց. «Տարիներ առաջ Բյուրականում փառատոնի արվեստի ակադեմիա հիմնելուց հետո ծրագրել էինք փառատոնի գործունեության 20-ամյա հոբելյանական տարում ստեղծել փառատոնային նվագախումբը, որի կազմում կընդգրկվեն աշխարհից հրավիրված լավագույն երաժիշտներ՝ ոչ միայն հայազգի, որոնք երկու շաբաթից մինչեւ վեց ամիս կապրեն Հայաստանում, կանցկացնեն փորձեր, համերգներ, հետո էլ կշրջագայեն։ Նշեմ, որ Ստեփան Ռոստոմյանը նաեւ ծրագիր է մշակել, ըստ որի՝ մեր կոմպոզիտորները նաեւ պատվերով ստեղծագործություններ կգրեն եւ այս առումով հայ կոմպոզիտորական դպրոցն էլ ավելի կզարգանա։ Հավաստիացնեմ, որ այս տարի երկու տասնյակ հայ կոմպոզիտորներ կստանան նոր ստեղծագործություններ գրելու պատվեր»։
Դիտարկմանը, թե փառատոնը աշխուժություն, փոփոխություն մտցրեց նաեւ հայաստանյան երաժշտական կոլեկտիվների կյանքում, մեր զրուցակիցը դրական արձագանքեց. «Տարբեր տարիների փառատոնային ծրագրերում իրենց մասնակցությունն են ունեցել «Հովեր» կամերային երգչախումբը, ֆիլհարմոնիկ եւ սիմֆոնիկ նվագախմբերը, երաժիշտ կատարողներ, իսկ հայ կոմպոզիտորներից ոմանք փառատոնի միջոցով դուրս են եկել միջազգային բեմեր, ավելի ճիշտ՝ նրանց ստեղծագործությունները հնչել են արտերկրում»։ Տարիներ առաջ, երբ «Քրոնոս» քառյակը պետք է հյուրախաղեր ունենար Հայաստանում, այն տարիների ԱՄՆ դեսպանը Ստեփան Ռոստոմյանին ասել էր, թե անհնարին բան է եւ խոստացել էր, եթե հրաշքով դա իրականանա, հոնորարի մեծ մասն ինքը կվճարի։ Այս դիտարկմանը մեր զրուցակիցը հակիրճ պատասխան տվեց. «Ճիշտ է, այդպես էլ եղավ»։ Հիշում ենք տարիներ առաջ «Քրոնոս» քառյակի երեւանյան համերգի հետ կապված մի պատմություն, որը լսել ենք դրամարկղի աշխատակցից. ամերիկացի մի զբոսաշրջիկ զարմացել էր, որ տոմսն արժե 10 դոլարին համարժեք դրամ, նույնիսկ մի քանի անգամ ճշտեց, իսկ գնելուց հետո պարզապես պարում էր փողոցում, գոռալով, թե դա իրականություն չէ, այլ երազ։ Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե փառատոնի հրավիրյալ աստղերի, ճանաչված կոլեկտիվների՝ դրսում մի քանի հազար դոլարների հասնող տոմսերի եւ աստղաբաշխական հոնորարների դեպքում ինչպե՞ս են համաձայնում գալ Հայաստան։ Տիկին Հովհաննիսյանի պատասխանն այս դեպքում նույնպես հակիրճ էր. «Մեծամտություն չհնչի, բայց դա մեր դիվանագիտության շնորհիվ է»։ Հետո էլ հավելեց, որ դասական արվեստի աստղերն ու կոլեկտիվները երեւանյան փառատոնի հրավերն են ընդունում, այլ ոչ թե երկիր են գալիս. «Երեւանյան հեռանկարները» իր ազդեցությունն է թողնում շատ հարցերում, այդ թվում` սոցիալական, կրթական դաշտում, ազդել է տնտեսության վրա եւ, ի վերջո նպաստել տուրիզմի զարգացմանը։ Պատերազմի ժամանակ, երբ, օրինակ՝ ադրբեջանցի օպերային երգիչ Էյվազովը գովաբանել էր իր նախագահին եւ նրա քաղաքականության գովքն էր արել, աշխարհահռչակ Եվգենի Կիսինը, որը մեր փառատոնի բարեկամներից է, կտրուկ քննադատական արձագանք էր հնչեցրել։ Սա միակ դեպքը չէ։ Նշեմ նաեւ, որ մեր փառատոնին մասնակցած երաժիշտները ներգրավված են, այո, դիվանագիտական պայքարում եւս, իհարկե՝ մշակույթի ուժով։ Այս համատեքստում փաստեմ, որ 2022թ. Եվրոպայի փառատոնային ակադեմիայի հոբելյանական 70-րդ գագաթաժողովը անցկացվելու է մեր երկրում, կմասնակցեն Եվրոպայի մշակութային եւ քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եվրախորհրդի պաշտոնյաներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, զբոսաշրջային գործակալներ… Գագաթաժողովը կունենա շուրջ 500 մասնակից»։
Մեր զրուցակցից ցանկացանք լսել ընթացիկ տարում փառատոնային համերգների նպատակով Երեւան ժամանող մեկ-երկու արվեստագետի անուն, եթե, իհարկե, քովիդը «թույլատրի»։ «Այս տարի նախատեսված է մոլորակի թիվ մեկ երաժիշտ սըր Ջոն Էլիոթ Գարդիների ղեկավարած «Մոնտեվերդի» երգչախմբի եւ նվագախմբի այցը։ Կժամանեն Աննե-Սոֆի Մուտտերի «Վիրտուոզներ» նվագախումբը, աշխարհի լավագույն երեք տենորներից մեքսիկացի Ռոլանդո Վիլյասոնը, մեր հայրենակից, դիրիժոր Փիթեր Ունջյանը, մեր երաժշտասերներին ծանոթ Եվգենի Կիսինը եւ այլք»,- հայտնեց տիկին Հովհաննիսյանը։
Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ 20 տարի նման դեմքերի հայաստանյան համերգներից հետո փառատոնը չի ձեռնարկել նրանց CD-ների արտադրությունը, գլխավոր մենեջերը պատասխանեց. «Մենք մեր գործունեությունն արխիվացնում ենք համերգների տեսաձայնագրման միջոցով։ Փոխարենը ներկայացնում ենք Հայաստան հյուրախաղորդի մասին պատմող դոկումենտալ ֆիլմ, ինչն, ի վերջո, ոչ այլ ինչ է, քան մեր երկրի գովազդ։ Այս պահին փառատոնի յութուբյան էջում տեղադրված է Վիեննայի տղաների երգչախմբի հայաստանյան այցի մասին ֆիլմ, որը սկսվում է երգչախմբի արտիստներին Երեւանի օդանավակայանում դիմավորելուց, հետո նրանց այցերը Գառնի, Գեղարդ, Էջմիածին… Հատված կա նաեւ երգչախմբի ելույթից։ Հիշեցնեմ, որ այս երգչախումբն ունի 520 տարվա պատմություն, որտեղ երգել են նաեւ Մոցարտն ու Շուբերտը»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2021
Շատ կցանկանաի, որ փառատոնը, իրոք, նպաստեր հայ երաժշտարվեստի պահպանմանը, զարգացմանը, տարածմանը … (ինչպես նախատեսված է համապատասխան Օրենքով) … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան