Վաղարշապատ քաղաքում այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատությամբ, հանրապետությունում ամենաբարձր գնաճն է արձանագրվել: Ընդհանրապես հանրապետության բոլոր քաղաքներում էլ նշյալ ժամանակահատվածում ապրանքները թանկացել են: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած փաստաթղթից: Սպառողական գներն, ըստ կոմիտեի, աճել են 1.6-2.5%-ով: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 2.3%-ով:
2021թ. հունվարին, 2020 թ. հունվարի համեմատ, 6.4%-ով հիմնականում թանկացել են սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները: Դեկտեմբերի համեմատ 4.5% գնաճ է արձանագրվել: Գնաճին մեծապես նպաստել են նաեւ մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 9.5% եւ 23.0% թանկացումները: Բանջարեղենի ապրանքային խմբում 2021թ. հունվարին, 2020թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 9.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 23.0% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2021թ. հունվարին, 2020թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 12.0%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ`9.5% գնաճ:
Կոմիտեի մասնագետների դիտարկումները ցույց են տվել, որ 2021թ. հունվարին, դեկտեմբերի համեմատ, մրգի եւ բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 17.1%:
Յուղերի եւ ճարպերի ապրանքային խմբում 2021թ. հունվարին, 2020թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 16.9% գնաճ, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.2% գնաճ: Ի դեպ, արեւածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. Հունվարին, 2020թ. հունվարի համեմատ, կազմել է 44.3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 6.7%:
Կարդացեք նաև
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում այս տարվա հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գրանցվել է 8.4%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.0% գնաճ: Ըստ նույն աղբյուրի, հացի եւ ալյուրի գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.9% եւ 12.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% եւ 1.6%:
Կաթնամթերքը, պանիրը եւ ձուն նույնպես թանկացել են. 2021թ. հունվարին, 2020թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 7.7%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Ձվի գինը 2021թ. հունվարին անցյալ տարվա հունվարի համեմատ աճել է 26.4%-ով, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.7%-ով:
Այս տարվա հունվարին 40.7%-ով թանկացել են շաքարն ու շաքարավազը, իսկ 2020 թ. դեկտեմբերի համեմատ, այս ապրանքային խմբում գնաճը կազմել է 0.7%:
Մսամթերքը, սակայն, այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, էժանացել է. մսամթերքի ապրանքային խմբում արձանագրվել է 0.1% գնանկում, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021 թ. հունվարին 2020 թ. հունվարի համեմատ, գրանցվել է 10.8%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ:
Ձկան եւ ծովամթերքի գները նույնպես աճել են, սակայն մյուս ապրանքների համեմատ այս շուկայում գնաճն ընդամենը 0.1% է:
Ոչ ալկոհոլային խմիչքի գները 1.1%-ով են աճել, սուրճի, թեյի, կակաոյի պարագայում էլ գնաճը կազմել է 1.2%:
2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 5.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.7% գնաճ: 2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման եւ սպասարկման նյութերի՝ 0.2%, կենցաղային եւ այգեգործական գործիքների՝ 0.3%, գորգերի եւ հատակի ծածկերի՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի եւ տնային կահ-կարասու, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.6%, հագուստի, վառելանյութերի եւ քսանյութերի՝ 0.7%, կահույքի եւ կահավորանքի՝ 0.9%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների՝ 2.6%, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 2.9%, դեղագործական ապրանքների 4.6% գնաճ: Գրասենյակային պարագաների գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ: 2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 3.1% եւ 3.8%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.5% եւ 20.2% գնանկում:
Կոմիտեի մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծառայությունների ամենաբարձր գներն արձնագրվել են փոստային ծառայությունների ոլորտում՝ 13.1%, ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3% հավելաճով:
Արտարժույթի շուկան նույնպես վիճակագրական կոմիտեի ուշադրության ներքո է եղել: Այսպես՝ 2021 թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական եւ արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 2.2% եւ 0.4% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժեւորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.4% եւ 0.2% հավելաճ: 2021թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521.2 դրամ, ինչը 8.8%-ով բարձր է 2020 թ. հունվարի համապատասխան ցուցանիշից՝ 479.2 դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2021