«Ոչխարաբուծությունը բարձիթողի վիճակում է, ինքնահոսի է մատնված, ինչ եղավ, եղավ, ուր գնաց, գնաց այդ ոլորտը։ Գյուղացիներից շատերը հրաժարվում են զբաղվել ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, որովհետև, ներդնում են մեծ գումար, արդյունքում նվազագույն եկամուտ են ստանում»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը։
Ըստ նրա, իրենց համայնքում ավելի շատ խոշոր եղջերավոր անասուններ են պահում, որովհետև կաթի մթերումը կազմակերպվում է․ 4-5 կազմակերպություններ, թեև էժան գնով, բայց գոնե կանոնակարգված գյուղացիներից գնում են կաթը։
Իսկ ոչխարաբածությունը դարձել է ոչ եկամտաբեր ճյուղեր, չարչարանքը շատ է, եկամուտ գրեթե չկա, քանի որ չկա սպառման շուկա։
«Մեր պետությունը կարող է չէ՞ կազմակերպել խոշոր եղջերավոր անասունների մթերում՝ մեր բանակին, մնացած կառույցներին տալու համար։ Այսօր սա բաց է մնացել, մսի մթերում չկա։
Կարդացեք նաև
Մի ժամանակ գառների մթերումներ սկսեցին․ արտահանում էին այլ երկրներ։ Ոչխար պահողի համար կարևոր չէր՝ ով էր մթերում, ուր էին տանում, իրեն գումար էին տալիս ու մթերում էին։ Երկու տարվա մեջ սկսեց աշխուժանալ այդ շուկան, մարդիկ սկսեցին ոչխարաբուծությամբ զբաղվել։ Երկու տարի հետո գնաց նորից անկում։ Ու այդ մարդիկ, որոնք գնել էին, սկսել էին զբաղվել, տուժվեցին։
Չեմ խոսում բրդի մթերման մասին, այսօր մենք սինթետիկ հագուստներ ենք առնում, հագնում, բոլորս էլ գիտենք, որ առողջությանը վատ է։ Բրդի մթերման, կաշվի մթերման առումով բացարձակ ոչ մի տեղաշարժ չկա։ Ինչու չէ, նաև մսի․ այսօր գառը ամենաթանկ միսն է։
Կոնկրետ մեր համայնքում 2020 թվականի հետ համեմատ՝ 2021 թվականին կարելի է ասել ոչխարի գլխաքանակը պակասել է, որովհետև մարդիկ չգիտեն՝ պահեն, ի՞նչ անեն։ Միայն ու միայն գառի վաճառք ն է, մեր եղբայր եզդիներն են գալիս, տանում են ու վերջ։ Սա՛ է, ուրիշ շուկա գոյություն չունի ոչխարի համար։
Մարդիկ կարող է մատաղի համար գան, գառ գնեն, բայց այնքան քիչ գումար են վճարում դրա համար, որ պահողին ձեռնտու չէ, եկամուտն այնքան քիչ է, որ ծախսը չի կարող փակել։
Տեսեք, կոնկրետ մեր համայնքը հողազուրկ է, մենք չունենք մեծ հողատարածքներ, որպեսզի կարողանանք և՛ խոտ ունենանք, և՛ հացահատիկ ցանենք, իհարկե, ջուր էլ չունենք, որպեսզի բանջարաբոստանային կուլտուրաներ մշակենք։ Բայց ժողովուրդն էլի կարողանում է գտնել ձևը, ցանքաշրջանառություն իրականացնում է, բայց ինքնարժեքը շատ բարձր է, մի հակ խոտի արժեքը 2020 թվականին 1300-1500 դրամ էր։ Այսինքն՝ գյուղացին ոնց պիտի պահի, որ մսի ինքնարժեքն իջնի, ինքն էլ եկամուտ ունենա։
Բնականաբար, եթե խոտի գինը թանկ է, մարդը քիչ եկամուտ է ունենում, ստիպված բռնում է արտագնա աշխատանքի ճանապարհը»,-ասում է համայնքապետը։
Հիշեցնենք, որ այս համայնքից տարեկան 300-350 երիտասարդ են մեկնում ՌԴ՝ արտագնա աշխատանքի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ