Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը». Անդրանիկ Քոչարյան

Փետրվար 11,2021 20:03

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ հարությունյանը կրկին խորհրդարանում էր` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման: Իր նախարար նշանակվելուց ի վեր Վաղարշակ Հարությունյանը բավական հաճախ է լինում Անդրանիկ Քոչարյանի մոտ: Լրագրողները պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին`այս անգա՞մ ինչ պատճառով է խորհրդարանում: Նա կրկին հարցերին չպատասխանեց:

Փոխարենը Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց`ասելով`դուք պետք է ուրախանաք, որ այսօր ունեք այսպիսի նախարար, որը գնում է հանդիպումների՝ խնդիր լուծելու համար։

Լրագրողները հետաքրքրվեցին`նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաճախ չէ՞ր գալիս: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Տոնոյանն էլ էր հաճախ գալիս։ Համոզված եմ՝ ոչ այդ որակի հանդիպումներ էր, այն, ինչ իրականացնում է այսօրվա նախարարը։ Մեր այսօրվա նախարարը կրում է այնպիսի ուսադիրներ, որը պարունակում է ռազմական բաղադրիչը։ Նա Սոցապ նախարար չի, Պաշտպանության նախարարին չի կարելի խանգարել։ Մի շարք օրենքներ, որոնց վրա աշխատում ենք, որոնց վերաբերյալ լինում են նախարարի հետ հանդիպումներ»։

Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ մենք լուծելիք խնդիրներ ունենք. «Հետպատերազմյան շրջանում բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, դրանք եւ օրենսդրական են, եւ գործադիրի հետ կապված խնդիրներ են, եւ բանակի համալրման հետ կապված խնդիրներն են։ Համալրումը միայն նախարարության խնդիրը չի։ Ամեն մեկն իր ներգրավվածության մասով անելիք ունի։ Ընդ որում, արմատախիլ անելով բոլոր այն անտարբերության դրսեւորումները, որոնք տարիներ շարունակ մեզ ուղեկցել են»։

Պատասխանելով`լրագրողների հարցին, որը վերաբերվում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի երեկվա այն հայտարարությանը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եղած նոյեմբերի 9-ի համաձայնագրից բացի կա նաեւ այլ պայմանավորվածություն, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչի մասին եք ասում, չեմ տիրապետում»։

Լրագրողները հիշեցրին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի աղմկահարույց հայտարարությանը՝ երրորդ համաձայնագրի մասին, Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց. «Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը։ Ամեն մի խոսքը վաղն օգտագործվելու է մեր երկրի դեմ։ Հրանտ Բագրատյանի համար մեկ վտանգավոր խոսքը՝ «Պաշտպանության բանակ գոյություն չի ունեցել»։

Լրագրողի դիտարկմանը`իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ պնդում է՝ 30 տարի Հայաստանը բանակ չի ունեցել, Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Ձեր հարցերն Անուշ Բեղլոյանին տվեք: Եթե մենք 30 տարի բանակ չունենայինք, ապա Արցախյան առաջին պատերազմը, երեւի, Մարսից են եկել, հաղթել: Ես՝ ինքս էլ գնդապետի իմ առաջին կոչումը ստացել եմ բանակում, հունվարի 28-ին»:

Այլ մանրամասները քիչ ուշ`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728