Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառնում են, թե չգիտեմ՝ այս ամենի հետեւում ինչեր են ինձ սպասվում». Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն

Փետրվար 11,2021 19:45

Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով դպրոցում տիրող իրավիճակին, նշեց. «Խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ մասնակցել եմ մրցույթին, եւ մյուս հավակնորդի հետ 4-ական ձայների բաշխում ենք ստացել խորհրդից: Այդ արդյունքները պետք է փոխանցվեին ԿԳՄՍ նախարարություն, որովհետեւ նախարարը պետք է որոշում կայացներ: Սակայն, մինչեւ որոշում կայացնելը դպրոցի կոլեկտիվը նախկին տնօրենի հետ միասին բողոքի ակցիաներ է կազմակերպել, նախարարության շենքում տեսակցություններ ունեցել:

Այսինքն, մինչեւ ընտրություն լինելը՝ իրենք մտածել են, որ մրցույթի արդյունքում պարտադիր իրենց տնօրենը պետք է նորից ընտրվի: Ինչ վերաբերում է ինձ, ես պարզապես իմ իրավունքներն եմ իրացրել: Իմ իրավունքն է մասնակցել ցանկացած մրցույթի, եւ իմ իրավունքը ոչ ոք չի կարող ինձանից խլել»:

Նա տարօրինակ է համարում, որ մրցույթին մասնակցելու համատեքստում իր հետ կապում են բարձրաստիճան պաշտոնյաների անուններ. «Նաեւ ինձ շատ հետաքրքիր է՝ արդյոք այդ բարձրաստիճան այրերը գիտե՞ն այդ մասին, որ իրենք ինչ առնչություն ունեն ինձ հետ: Ինձ անգամ սպառնում են, թե ես չգիտեմ՝ այս ամենի հետեւում ինչեր են ինձ սպասվում, իմ հասցեին սպառնալիքներ են հնչում: Լավ, այդ սպառնալիքներն էլ մի կողմ դնենք, անուններն էլ, ինձ համար այսօր գերակա խնդիրը ուսումնական գործընթացի վերականգնումն է, որովհետեւ գործ ունենք մատաղ սերնդի ճակատագրերի, 12-րդ դասարանների ավարտական քննությունների հետ:

Մի քանի ամիս անց ուսումնական տարին պետք է ավարտվի, երեխաները պետք է կարողանան ծրագրերն ավարտել: Այսօր երեխաներին ներքաշել տնօրենի ընտրության կարգում, կարծում եմ բարոյական չէ: Ուսուցչի առաքելությունը տնօրենի փոփոխության մեջ իր դերակատարումն ունենա՞լն է, թե՞ սաների կրթության գործընթացին նվիրվելը: Առհասարակ, տնօրեն լինելուց զատ՝ ես ուսուցիչ եմ, եւ ինձ համար գերակա խնդիրը ուսումնական գործընթացի վերսկսումն է»:

Մեր դիտարկմանը, որ անընդհատ շեշտադրվում է իր՝ ոստիկանների ուղեկցությամբ դպրոց մտնելը, տիկին Առաքելյանը նշեց, որ շահարկումն անիմաստ է, որովհետեւ ինքը որեւէ տեղ չի զանգել, ոստիկանություն չի հրավիրել, որ իրեն ուղեկցեն, իսկ ոստիկանությունը միշտ լինում է այն տեղերում, երբ անգամ փոքրիկ ցույց կամ հավաք է լինում, որպեսզի կանխի բախումները կողմերի միջեւ: Նա հիշեց, թե ինչպես առաջին օրը թույլ չտվեցին մուտք գործել դպրոց, երբ նախարարության ներկայացուցիչը պետք է իրեն ներկայացներ իբրեւ տնօրեն. «Ոստիկանների ուղեկցությամբ մտել եմ դպրոց այն բանից հետո, երբ շատ կոպտորեն խախտվել են իմ իրավունքները»:

Նորընտիր տնօրենից հետաքրքրվեցինք՝ արդյոք փորձե՞լ է երկխոսելու քայլեր անել: «Փորձել եմ երկխոսել, առանձին խոսել, բայց վախի մթնոլորտ եմ նկատում կոլեկտիվում, թող որեւէ մեկը չհերքի, որ չի վախենում: Երբ կոլեկտիվը միահամուռ է դարձել՝ ասելով, որ մեկ ընտանիք ենք, շատ լավ է, որ համերաշխ հարաբերություններ են, բայց չի կարելի պետական կառույցներում տնայնավարությունն ու գործնական հարաբերությունները տարբեր բաներ են: Ես կարծում եմ, որ օրենքի գերակայությունը պետք է լինի առաջնահերթություն, օրենքին եւ գործող կարգին ենթարկվելը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Պետք չէ անձնական շահի հետեւից սլանալը ներկայացնել հանուն արդարության ու գաղափարի փրկության պայքար»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Տնօրենից հետաքրքրվեցինք նաեւ աշխատակիցներին ուղարկված ծանուցումներից: Տիկին Առաքելյանն ասաց, որ իսկապես ծանուցումներ են ուղարկվել. «Զավեշտն այն է, որ իրենք ինձ մեղադրում են անգործության մեջ: Ես բոլորի հետ փորձել եմ հաստատել փոքրիկ կապեր: Հասկանում եմ, որ չեն ուզում ինձ հետ առնչություն ունենալ, բայց իրենք այստեղ գործ ունեն ոչ թե իմ, այլ պետության հետ, որովհետեւ ես պետության կողմից նշանակված անձ եմ, եւ ինձ չենթարկվելը, վիրավորել, իմ իրավունքները ոտնահարելը օրենքին դեմ գործել է նշանակում:

Ես ծանուցումներ եմ ուղարկել նրանց, եռօրյա ժամկետ եմ տվել, որպեսզի բացատրագիր ներկայացնեն՝ ինչու են խանգարում կարգը, խաթարում ուսումնական գործընթացը; Եթե հարկ կհամարեն բացատրություններ ներկայացնել, բնականաբար տույժեր չեն լինի, եթե տեսնեմ անհեթեթություններ են ասվում կամ բացատրություն չկա, կլինեն տույժեր, տուգանքներ: Ի՞նչ է նշանակում լայվերով, ցածրորակ բառապաշարով, էժանագին մանիպուլյատիվ սադրանքի միջոցով փորձել ինձ հունից հանել: Եվ եթե իրենք կարողանում են ներկայացնել այն լայվերը, որոնք իրենց են ձեռք տալիս, ապա պետք է կարողանան նաեւ ճշգրիտ ձեւով ցույց տալ իրենց մարդկային դիմագիծը»:

Քարմիլե Առաքելյանն ասաց, որ փորձել է կապ հաստատել նաեւ ծնողների հետ, ներկայացել է նրանց իբրեւ նորանշանակ տնօրեն եւ ցանկություն հայտնել տեսակցելու, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, երեխայի համար պատասխանատուն իր ծնողն է. «Ծնողն էլ պետք է իրավունք չունենա զրկել իր երեխային կրթությունից եւ պետք է լինի պահանջատեր՝ դպրոցի նկատմամբ, որովհետեւ այսօր խաթարված է երեխայի կրթություն ստանալու իրավունքը: Իրենք տարբեր ձեւերով հայտնում են, որ երեխաներն իրենց ցանկությամբ չի, որ չեն գալիս դպրոց: Երեխաները գիտե՞ն, որ անհիմն գործադուլի, ոչ տեղին բողոքի գործողությունների պատճառով, երբ բացակայում են դասերից, խնդիրեր են ունենալու, բարդություններ են առաջանալու կրթության բնագավառում»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ինքը զրկված է որոշ լծակներից, օրինակ Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի ֆեյսբուքյան էջը վարում է նախկին տնօրենի դուստրը, այդ պատճառով էլ ցուցարար ուսուցիչների ֆեյսբուքյան ուղիղ եթերները նաեւ այդ էջով են հեռարձակվում եւ ինչ-ինչ գրառումներ կատարվում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728