Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք առավոտից բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ, փակել էին Տիգրան Մեծ պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը: Նրանց մեքենաները էվակուատորներով փորձ արվեց հեռացնել տարածքից, սակայն ցույցի մասնակիցների պայքարից հետո այդ միջամտությունը դադարեցվեց։ Այս հատվածում բավականին լարված իրավիճակ էր, հրմշտոց տեղի ունեցավ ոստիկանների եւ ցույցի մասնակիցների միջեւ։
Ծնողները հանդիպել էին Կառավարության ներկայացուցչներից մեկից հետ, սակայն շատ դժգոհ են այդ հանդիպումից, ասացին, որ որեւէ բավարարող պատասխան չեն ստացել:
Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանն ասաց, որ ծնողները հանդիպել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ․«Թորոսյանն ասել է՝ գոհ եղեք, որ հինգ գերի ենք բերել։ Գոհ լինելն էլ շնորհակալ լինելն է, գնացել ենք գինի, շոկոլադ, ծաղիկ ենք բերել, որ տանք իրեն, մեր շնորհակալությունը հայտնենք: Չեկավ, որ նվերը փոխանցենք: Ես այս կառավարությունից որևէ սպասելիք չունեմ»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Արսեն Թորոսյանն այս առնչությամբ ավելի ուշ պարզաբանել է․«Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։ Խնդրել եմ, եւ եւս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»:
Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները վրդովված են, նրանք դժգոհ են կառավարության եւ որոնողական աշխատանքներից։ Անհետ կորած զինծառայողի հայր Արտավազդ Խաչատրյանն ասաց, որ Եթե տղան զոհված է, ապա թող տան գոնե ոսկորները, տանի հողին հանձնի, եթե գերիների մեջ է, գոնե այդ մասին իմանա։
Պարոն Խաչատրյանն ասաց, որ որդին եղել է Ֆիզուլիի տարածքում, այստեղ հոկտեմբերի 25-ին 7 հոգի փրկվել են, տասից ավելի վիրավորներ են եղել, որոնց գտել են․ «7 փրկվածներին էլ եմ գտել, խոսել եմ իրենց հետ։ Զոհվածների ծնողներին էլ եմ գտել, զրուցել, որդուս գտնել չեմ կարողանում։ Մեկը տեսել է, որ տղաս մահացել է, բայց ոչ հավանական է, մնացածն ասում են՝ չգիտեն։ Նոյեմբերի 20-ին Կարմիր խաչը ռուս խաղաղապահների հետ 26 օր հետո են հանել աճյունները, անճանաչելի են եղել, հնարավոր է՝ իմ տղան էլ իրենց մեջ լինի։ 36 հոգի տեղափոխել են Գորիս, այնտեղից ցրել են տարբեր դիահերձարաններ։ Երեք օրում բոլոր դիահերձարաններում շրջել եմ, սարսափ ֆիլմերում նման բաներ չեք կարող տեսնել։ Ես հիմա պատասխան եմ ակնկալում պաշտոնական մարմիններից, մինչ օրս որեւէ պատասխան չկա։ Ես չգիտեմ էլ՝ իմ տղան զոհվա՞ծ է, կորա՞ծ է, գերի՞ է։ Ես իրենց տված փողը չեմ ուզում, ոչ էլ դիմել եմ, որ ստանամ։ Ես հարց եմ տալիս՝ եթե նախկին ու ներկա կառավարության անդամների որդիները զոհված լինեին, քանի ժամվա ընթացքում իրենց ԴՆԹ կանեին։ Բայց իրենց տղերքը չեն կարող զոհվել, իրենց տղերքը կարող են կազինոներում «կայֆավատ» լինել, մեր նմանների էրեխեքը կարող են զոհվել։ Ես կորցնելու ոչինչ չունեմ, պայքարելու եմ որդուս գտնելու համար։ Տարան մատաղ արեցին մեր էրեխեքին, մեր ընկերներին։ Ես կորցնելու բան չունեմ, շատ եմ կորցրել։ Տղայիս չեմ կարողանում գտնել, բերել եմ հասցրել Գորիս, երկրորդ անգամ կորցրել եմ։ 26 օր թուրքի հողում մնաց, 3 ամիս է՝ Հայաստանում եմ կորցրել, ով պիտի պատասխան տա։ Ինձ նման հազարավոր մարդիկ կան»։
«Մենք չգիտենք՝ ուր են մեր էրեխեքը, էս կառավարությունը, որ մեր էրեխեքին տարավ պատերազմ, այսօր չի ասում ուր են, անգամ դիակները չեն տալիս, որ տանենք լաց լինենք իրենց վրա։ Բա ի՞նչ են անում։ Այսօր առաջին խնդիրը սա է, եթե սա էլ չեն անում, թող թողնեն գնան, թող էս կառավարության շենքը դատարկ մնա, որովհետեւ անտեր է Հայաստանը»,-ասաց մեկ այլ ծնողը։
Ավելի ուշ ցույցի մասնակիցները բացեցին ճանապարհը, սակայն նշելով՝ սա վերջը չէ, պայքարը շարունակելու են, գրագետ ու ավելի պատասխանատու։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ