«Բացարձակապես անհիմն ու անտեղի կանխատեսումների վրա կառուցված բյուջե է: Տարեցտարի նույն, կրկնվող բյուջեն է, այն դեպքում, երբ հանրությունը իշխանություններից պահանջում է ոչ թե ընդհանուր խոսքեր, այլ՝ կոնկրետ վերլուծություն եւ կոնկրետ պարտավորություններ»,-այս կարծիքին է Արցախի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը:
Նա այսօր խորհրդարանում ներկայացրեց խմբակցության կարծիքը 2021 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ:
Ըստ տիկին Հակոբյանի, երբ ընթերցում ես սոցիալական պաշտպանության հատվածն, այնպիսի տպավորություն է, որ ոչինչ չի պատահել. «Հիմնական միջոցառումներն ուղղված են դրամ բաժանելուն եւ ոչ մի խոսք ընտանիքների կարիքների գնահատման, սոցիալական աջակցության գաղափարախոսության փոփոխման մասին՝ ելնելով նոր իրողություններից»:
«Կրթության ոլորտում նշելով, որ զարգացման շարժիչը կրթությունն է, ոչ մի խոսք չկա, որ անհրաժեշտ է բարելավել եւ զարգացնել կրթությունը ՝ նկատի ունենալով այն, որ ոլորտը գեներացնում է ՀՆԱ եւ բյուջետային եկամուտներ: Պետք է արմատապես փոխել ոլորտի ֆինանսավորման մեխանիզմները»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով, գիտության ոլորտը համարյա չի ստացվել. «Խնդիր չի դրվում գիտական, գիտատեխնիկական քաղաքականության մշակման եւ իրականացման մասին՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները: Չկա որեւէ կոնկրետ առաջադրանքներ պատրաստվող կադրերի, թեմատիկ ֆինանսավորման, ակնկալվող արդյունքների մասով: Կարեւորագույն խնդիր է գիտությանը հատկացվող միջոցների ավելացումը, դրանց տեսակարար կշռի բարձրացումը ՀՆԱ-ի նկատմամբ»:
Ըստ նրա, էական փոփոխության կարիք ունի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության բաժինը, բայց բյուջեի փաստաթղթում հակառակն է՝ գրված է, որ կտրուկ կրճատվել են ոլորտի ֆինանսական ծախսերը:
«Բյուջեում եւ արտաքին քաղաքականության առնչվող հատվածում ոչ մի կետ չտեսանք Ռուսաստանի խաղաղապահ ուժերի եւ նրանց կողմից գործունեություն իրականացնելու մասին»,-նշեց նա: Ասաց նաեւ՝ անհրաժեշտ է կանխատեսել Արցախի տնտեսության կառուցվածքի էվոլյուցիան ընդհանրապես եւ 2021-ին՝ մասնավորապես և, ըստ այդմ, հիմնավորել հարկաբյուջետային քաղաքականությունը:
«Լուրջ վերլուծության կարիք ունի վարկեր, ՀՆԱ եւ ավանդներ-ՀՆԱ ցուցանիշների դինամիկան, որը ոչ մի կերպ արտացոլված չէ այս բյուջեում»,-նկատեց տիկին Հակոբյանը՝ նշելով, որ փոխարենը 2021-ի բյուջեում առաջին հայացքից աչք է ծակում պետական ապարատի գերբարձր թվերը, որի կրճատման հաշվին կարելի է զինել հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
Լուսինեն ԲՈՒԴԱՂՅԱՆ