Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։
Իրականցվում են Սևանի հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ հատվածների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ։
Ապամոնտաժվել է պարսպապատ քարե կիսակառույց շինություն, որի սեփականատիրոջ հետ առկա էր լուծված պայմանագիր։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ վերջին հանդիպման ժամանակ նախարար Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Սևանա լճի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից ու կառույցներից ազատելու Շրջակա միջավայրի նախարարության վճռականությունը։
Կարդացեք նաև
«Ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է։ Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:
Խնդրի լուծման համար անհրաժեշտ քաղաքական կամքը կա․ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է Սևանի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր, և մենք պետք է մեր ողջ ներուժով լծվենք այդ տեսլականի կյանքի կոչմանը»,-նշել է նախարարը։
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։
Շրջակա միջավայրի նախարարություն