Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում պետք է ձևավորվի վստահության արժանի քաղաքական այլընտրանք. Նադյա Դուգլաս

Փետրվար 11,2021 18:17

Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերը, անշուշտ, հասարակության ներսում խաղաղության վերականգնումն է և որոշակի ազգային միասնության ստեղծումը` իր պատմության այս նոր գլխում համատեղ դիմագրավելու այն մտահոգիչ խնդիրներին, որոնք կանգնած են երկրի առջև: Այս մասին հայտարարել է Բեռլինում տեղակայված Արևելյան Եվրոպայի և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Նադյա Դուգլասը:

«Այժմ խնդիր է դրված է կազմակերպել միասնական պատասխան ռեակցիոն ուժերի դեմ, քանի որ ռևիզիոնիստական ​​միտումներն այս պահին օգուտ չեն տա: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ հայերը կարող են իրենց թույլ տալ երկար ժամանակ շոկային վիճակում մնալ: Այժմ անհրաժեշտություն կա գործողությունների և թափանցիկության, մասնավորապես, ռազմագերիների և զոհերի մարմինների վերադարձ, ինչպես նաև ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների հետաքննություն, որոնք, ըստ հաղորդումների, վերջին պատերազմի ընթացքում տեղի են ունեցել երկու կողմերից: Ավելին, պետք է հստակեցվեն սահմանազատման, ականազերծման, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց ճակատագրի հարցերը: Մտահոգիչ է նաև հայկական կրոնական և մշակութային օբյեկտների ապագան այն տարածքներում, որոնք վերագրավվել են Ադրբեջանի կողմից: Հայ հասարակությունը պետք է ասելիք ունենա այս բոլոր հարցերի վերաբերյալ: Սակայն, ի վերջո, ամենակարևորը քաղաքական և տնտեսական իրավիճակի կայունացումն է, որն այժմ երերուն է: (և դրա վրա ազդել է նաև Covid-19-ի ճգնաժամը)»,- ասել է Դուգլասը:

Դուգլասը կարծում է, որ առանց Փաշինյանի հրաժարականի քաղաքական իրավիճակը չի կարող կայունանալ, քանի որ նա այլևս չունի բնակչության մեծամասնության աջակցությունը: «Նա քաղաքականապես և բարոյապես որակազրկվել է Ադրբեջանի դեմ 44-օրյա պատերազմում տեղի ունեցած ողբերգական պարտությամբ: Երկրի էլիտաները, այդ թվում նախագահը, խորհրդարանական ընդդիմությունը, երեք նախկին ղեկավարները, Հայ եկեղեցու ղեկավարները, բազմաթիվ կառավարիչներ և մտավորականներ, դեմ են արտահայտվել նրան և նրա կառավարության շարունակականությանը: Նա պետք է ճանապարհ հարթի փոփոխությունների համար՝ կլինի դա անցումային կառավարության ձևով, ինչպես պահանջում է ընդդիմությունը, կամ արտահերթ ընտրություններով, ինչի մասին խոսում է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Այնուամենայնիվ, ինչպես ինքը ՝ Փաշինյանը բազմիցս շեշտել է, նա դեռ պատասխանատու է ապահովելու, որ երկիրը քաոսի մեջ չընկնի»,- ասել է Դուգլասը:

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ պետք է առաջ գա վստահության արժանի քաղաքական այլընտրանք, քանի որ, ըստ նրա, արտախորհրդարանական ընդդիմության դաշինքը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, չի կարողանում համոզել հանրության լայն շերտերին դուրս գալ բողոքի, ինչպես որ արեց Փաշինյանը 2018թ: «Այսօրվա պայմանները բարենպաստ չեն բողոքի համար: Բնակչությունը հոգնել է պատերազմից, անհամար բողոքներից և համավարակի պատճառած սահմանափակումներից: Շատ աշխատողներ ստիպված էին վերադառնալ Ռուսաստանից և այլ երկրներից ՝ վիրուսի և ընդհանուր առմամբ ծանր տնտեսական իրավիճակի պատճառով: Այսպիսով, ներկայումս մարդկանց մեծ մասը պայքարում է անձնական, հատկապես ֆինանսական խնդիրների դեմ»,- ասել է նա:

Դուգլասը, սակայն դժվարացել է պատասխանել հարցին, թե որքանով երկարաժամկետ կլինի ստորագրված համաձայնագիրը: Նրա խոսքով, այս պահին, բոլոր քաղաքական ուժերը, անգամ Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժումը հաշտվել են այն մտքի հետ, որ չունեն այլ ընտրություն, քան ընդունել այն իրավիճակը, որ կա:

«Խաղաղության համաձայնագիրը վերանայելու լծակներ չկան: Բայց շատերը դեռ բողոքում են Փաշինյանի բանակցային ոչ համապատասխան հմտություններից և Հայաստանի համար անբարենպաստ արդյունքներից և կոչ են անում ծառացած խնդիրների շուրջ կրկին բանակցել Ռուսաստանի օգնությամբ: Շատերը չեն կարողանում գիտակցել, որ նման սցենարը չի բխում ռուսական շահերից: Ռուսաստանը, կարծես, բավականին գոհ է նոր ստատուս քվոյից»,- կարծում է Դուգլասը:

Նա նշել է, որ չնայած հայ հասարակությունն այս պահին խիստ բարոյալքված է, բայց մի քանի տարուց կարող է փոխվել, երբ վերականգնվի ինքնավստահությունը և ագրեսիվ ազգայնականություն և ռազմատենչություն քարոզող ուժերը կարողանան առավելության հասնել: «Հասարակության խոշոր հատվածները, հատկապես հենց Լեռնային Ղարաբաղում, դեռ երախտապարտ են, որ ռուսները խաղաղապահ ջանքեր են գործադրում: Բայց արդեն կան քննադատական, հակառուսական ձայներ, որոնք ժողովրդականություն են վայելում»,- ասել է Դուգլասը՝ նկատելով, որ ինչպես հետխորհրդային այլ հանրապետություններում, Հայաստանում նույնպես կարող է գլուխ բարձրացնել Ռուսաստանի ՝ օկուպանտ լինելու վերաբերյալ դիսկուրսը:

Դուգլասը կարծում է, որ վերջին իրադարձությունները և Լեռնային Ղարաբաղի պատերազմը թուլացրել են արևմտյան դերակատարների, այդ թվում ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում, հատկապես Հայաստանում: Փոխարենը, էականորեն աճել է Կրեմլի կարողությունը` միջամտելու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: «Ուստի մտավախություն կա, որ այն ժողովրդավարական վերելքը, որը երկիրը զգացել է 2018 թ. հետո, այժմ զգալի հետընթաց կունենա, և որ մենք ականատես կլինենք հետընթաց միտումների: ԵՄ-ին և ԱլԳ շրջանակներում իրականացվող ծրագրերին քիչ լծակներ են մնացել: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, ապա Ռուսաստանը հաջողությամբ հեռացրեց Մինսկի խմբի համանախագահներին (ԱՄՆ և Ֆրանսիա) և իր ձեռքը վերցրեց սանձերը: 28 տարվա միջնորդության անհաջող փորձերի ոչ բավարար արդյունքի պատճառով ոմանք դա նույնիսկ համարում են օրինաչափ: Պետք է նկատի ունենալ, որ Մինսկի խումբը նախկինում համաձայնել էր հնարավոր խաղաղապահ առաքելությանը, ինչը շարունակաբար եղել է բանակցությունների առարկա: Ենթադրվում էր, որ այն կլինի բազմազգ, իսկ զորախմբերում ենթադրաբար չպետք է ներառվեին ոչ համանախագահ պետությունները, ոչ էլ տարածաշրջանի հարևան երկրները»,- ասել է նա:

Ի վերջո, ըստ Դուգլասի, Ռուսաստանի միայնակ ջանքերը վկայում են նախկին հետխորհրդային տարածությունում հակամարտությունների միջազգային միջնորդության գործում կառուցվածքային խնդիրների մասին: Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները չափազանց քիչ ուշադրություն են դարձրել տարածաշրջանին և, մասնավորապես, հակամարտությանը: Ռուսաստանը և, որոշ ժամանակ, Թուրքիան ավելի շատ են ներգրավված եղել և, ի վերջո, միջամտել են քաղաքականորեն (Ռուսաստան) և ռազմականորեն (Թուրքիա): «Թե որքանով են այդ միջամտությունները համապատասխանում միջազգային իրավունքին և թե արդյոք Ռուսաստանի այսօրվա «խաղաղապահ առաքելությունը» համապատասխանում է խաղաղության գործողությունների միջազգայնորեն ճանաչված չափանիշներին և նորմերին՝ այլ հարց է: Համենայն դեպս, Մոսկվան չի թաքցրել այն փաստը, որ չի ցանկանում որևէ քաղաքական աջակցություն Վաշինգտոնից և Փարիզից: Նա ավելի շուտ պահանջում է օգնություն տարածաշրջանի մարդասիրական և տնտեսական վերակառուցման»,- ասել է Դուգլասը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728