Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները նստացույց են սկսել: Նրանք լսել են, որ իրենց բուհը շուտով միավորվելու է մանկավարժական համալսարանի հետ: Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը նրանց շրջանում եւս դժգոհությունների տեղիք է տվել: Ուսանողների համոզմամբ, այդ նախագծով կասկածի տակ է դրվում թատերական ինստիտուտի արտոնագրի առկայությունը:
«Օդում կախված լուրերի համաձայն, որոնք վերջին շրջանում իրականություն են դառնում, թատերական ինստիտուտը լիցենզիայից զրկվելու է, միանալու է մանկավարժական համալսարանին: Դա հիմնական հարցն է, որն ունի ենթակետեր, օրինակ` այն, որ մենք ընդունվել ենք Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ եւ չենք ուզում ավարտել մանկավարժական համալսարան, երկրորդ՝ վերանում է ռոտացիա հասկացությունը, ինչից կոռուպցիայի հոտ է գալիս: Իսկ երրորդն այն է, որ 9 հոգուց բաղկացած կառավարման խորհրդում 5 հոգին պետք է լինի ԿԳՄՍ նախարարությունից, 4-ը թատերական ինստիտուտից, ինչը նշանակում է, որ թատերական ինստիտուտը կորցնում է ինքնավարությունը, նախարարությունն է որոշում, թե որ դասախոսը պետք դասավանդի, որ ռեկտորը լինի ինստիտուտում, ու կապ չունի, թե ուսանողը կամ կազմը ում է ուզում»,-նշեց ուսանողներից մեկը:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարությունից: Հարցրինք՝ որքանո՞վ հավաստի թատերականի եւ մանկավարժականի միավորման մասին լուրը:
Կարդացեք նաև
«Նոր օրենքով որդեգրվել է բուհերի խոշորացման ճանապարհով գնալու մոտեցումը, բայց կոնկրետ ժամկետ կամ հստակություն, թե որ բուհը՝ որի հետ պետք է միավորվի, դեռ չկա: Դրա համար դեռ վերլուծություններ են անհրաժեշտ, ուսումնասիրություններ: Այս պահին նման նպատակ դեռ չկա»,-հայտնեցին ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ