«Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում՝ պակաս դավաճանություն չէ, այդ թվում նաեւ ներքին թշնամու ձեռամբ եւ մասնակցությամբ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը, երբ քննարկվում էր Էնֆիաջյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ անելու եւ լրտեսության, պետական դավաճանության համար պատիժները խստացնելու նախագիծը:
Արման Բաբաջանյանն ասաց. «Այն մեդիատեռորը, որն իրականացվում է մեր հասարակությունը եւ երկրի դիմադրողությունը թուլացնելու համար, պակաս դավաճանություն չէ: Այն պրոքսիպատերազմը, որն իրականացվում է մեր քաղաքացիների ու պետության նկատմամբ՝ հրապարակային քաղաքական գործիչների մասնակցությամբ, պակաս դավաճանություն չէ: Ի վերջո պետության բռնազավթումն է դավաճանություն, որին այդպես էլ այս ԱԺ-ն խիզախություն չունեցավ գնահատական տալ: Պետությունը կլեպտոկրատիայի վերածելն է դավաճանություն եւ պետության անվտանգությունը, պետության պաշտպանունակությունն այս վիճակին հասցնելն է դավաճանություն: Հոկտեմբերի 27 եւ Մարտի 1 թույլատրելն է դավաճանություն, բանակը թալանելն ու զինվորի հաշվին հարստանալն է դավաճանություն: Մի քանի անգամ թանկ խոտան զենք ձեռքբերելն է դավաճանություն: Երկիրը քրեաօլիգարխիայի վերածելն է դավաճանություն: Ապաշնորհ արտաքին քաղաքականությունն է դավաճանություն: Պետության գույքը պարտքի դիմաց օտարելն է դավաճանություն: Պետության կարեւորագույն լծակները սեփական իշխանության երկարաձգման համար այլ երկրի օտարելն է դավաճանություն: Ի վերջո, ՀՀ ինքնիշխանությունը առեւտրի առարկա դարձնելն է դավաճանություն եւ ի վերջո դավաճանություն է զինվորի վրա երկրի անվտանգության ամբողջ բեռը թողնելը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ