«Մենք դեմ ենք քվեարկելու 2021 թվականի բյուջեին»: Այսօր Արցախի խորհրդարանում բյուջեի վերաբերյալ քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը: Նրա խոսքով, ՀՅԴ-ն բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություն չի արել՝ հաշվի առնելով, որ 10-20 միլիոն ավելացնելով որեւէ հարց չի լուծվի: Ասաց, որ մի քանի կարեւոր մարտահրավեր պետք է տեղ գտնեին բյուջեում, սակայն անտեսվել են:
«Թիվ մեկ մարտահրավերն այն է, այս աղետից հետո կարողանանք մեր ժողովրդին պահել Լեռնային Ղարաբաղում՝ առավելագույնը մեծ քանակով: Իսկ դա անելու համար մի քանի պայման կա: Սոցիալական բաղադրիչը կարեւոր պայման է, բայց այսօր թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է: Երկրորդ խնդիրը՝ քաղաքական անորոշությունից բխող այս իրավիճակն է, որը պետք է հաղթահարվի, եւ, իհարկե, սոցիալական բաղադրիչը, որը որոշ չափով տեղ է գտել պետական բյուջեում»:
Ըստ Արթուր Մոսիյանի, անվտանգության որեւէ բաղադրիչ առկա բյուջեում արտահայտված չէ. «Խաղաղապահների առկայությունը կարեւոր է Արցախի հանրապետության համար, բայց չպետք է մոռանանք, որ դա միակ երաշխիքը չպետք է լինի: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո մեր պաշտպանական բանակը թողել է իր բոլոր բնագծերը եւ տեղավորվել նոր բնագծերում: Բերդաձորի ենթաշրջանը իր կողքի միջանցքով, շատ կարեւոր է, որի մասին որեւէ ծրագիր չկա: Եվ, այսպիսի տասնյակ խնդիրներ»:
ՀՅԴ պատգամավորի խոսքով, բյուջեի սոցիալական բաղադրիչում ողջունելի է թե՛ առողջապահական թե՛ սոցիալական ծախսերի ավելացումը, սակայն դա բաղադրիչներից մեկն է, բայց ոչ ամենակարեւորը:
Կարդացեք նաև
Ելույթի վերջում պարոն Մոսիյանը նշեց, որ 2021 թվականի բյուջեն փոքր տարբերություններով նույն՝ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն է. «Զարմանալի է, որ մենք կորցրել ենք մեր տարածքի 75 տոկոսը, բայց նախագահի, կառավարության աշխատակազմի ծախսերը չեն փոխվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ