Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կընտրվի բաց քվեարկությամբ. փոփոխություններ՝ դպրոցի տնօրենի ընտրության կարգում

Փետրվար 11,2021 17:38

ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարվել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում:

Գործող կարգում առկա են տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց պատճառով մրցույթներն անհարկի երկարաձգվում են` գործընթացի վրա բացասական հետևանքներ թողնելով: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում: Փոփոխություն է կատարվել նաև տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում: Վերացել է հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին նշանակելու կարգավորումը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս:

Նոր կարգում մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագրի ներկայացման նպատակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաստատվել էր դպրոցի զարգացման ծրագրի ձևաչափը, որտեղ սահմանվել են ծրագրին ներկայացվող հիմնական պահանջները:

ՀՀ կառավարության նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ փոփոխություն էր կատարվել հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում:

Նախկին տնօրենը չի կարող պաշտոնակատար նշանակվել

Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կա՛մ մարզպետը, կա՛մ Երևանի քաղաքապետը, ըստ ենթակայության, թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին:

Լիազոր մարմնի ղեկավարը տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող կարող է նշանակել նաև բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Հստակ ամրագրվում է, որ նախկին տնօրենը, ում լիազորությունների դադարեցման արդյունքում է առաջացել տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող։

Մրցույթ հայտարարելը. նոր ժամկետներ

Դպրոցի կառավարման խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում: Խորհուրդը տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված՝ առավելագույնը եռամսյա ժամկետում (չներառելով դպրոցական արձակուրդների, արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածը), կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ:

Կառավարման խորհրդի նախագահը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը և մրցույթի հայտարարությունն առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին:

Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է www.azdarar.am կայքում, ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` escs.am, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացվելուց հետո՝ առավելագույնը 2 աշխատանքային օրում:

Մրցույթի մասնակիցների հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ: Սահմանվում է, որ հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվում է մեկ անգամ՝ տասնհինգ աշխատանքային օրով: Եթե երկարաձգված ժամանակահատվածում ևս դիմող չի լինում, ապա հայտարարվում է նոր մրցույթ:

Հայտերն ընդունում են կառավարման խորհրդի երկու անդամները, որոնք լիազորված են մրցույթ հայտարարած հաստատության խորհրդի կողմից:

Ով կարող է դառնալ դպրոցի տնօրեն

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադիր է: Հավակնորդը հաստատության խորհրդի նախագահին ներկայացնում է դիմում, ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ), ինքնակենսագրություն, հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ), դպրոցի զարգացման ծրագիրը, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է դպրոցի պաշտոնական կայքում և տրամադրվում խորհրդի անդամներին:

Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Այդ դեպքում փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են մրցույթի օրը:

Հաստատության տնօրենի պաշտոնակատարը պարտավոր է առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել բոլոր հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության սովորողների հետ և տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ:

Ինչպես են արձանագրվում ծնողական և մանկավարժական համայնքի ձայները. նոր կարգավորում

Հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպվում է քննարկում` հավակնորդի, մանկավարժական խորհրդի (անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ) և ծնողական ընդհանուր ժողովի անդամների մասնակցությամբ: Եթե տնօրենի հավակնորդը չներկայանա քննարկմանը, ապա չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է փակ քվեարկություն, որի արդյունքները պարտադիր են մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար: Նրանք պարտավոր են քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին:

Մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից ըստ քվեարկության արդյունքների թեկնածու չընտրելու պարագայում խորհրդում առաջադրված անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ: Նշենք, որ տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը), եթե նա տնօրենի պաշտոնի հավակնորդ է, չի մասնակցում մյուս հավակնորդների զարգացման ծրագրերի քննարկմանը և քվեարկությանը:

Տնօրենի ընտրություն` բաց քվեարկությամբ

Մրցույթն անցկացնում է կառավարման խորհուրդը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում եզրակացություն` դրական կամ բացասական: Ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին:

Մրցույթի ընթացքն արձանագրվում և ձայնագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը ձայնագրվում է, իսկ ձայնագրությունը պահպանվում է ուսումնական հաստատությունում:

Հիմնական նորություններից մեկն այն է, որ տնօրենն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:

Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ, և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն, որի արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում դարձյալ հայտարարվում է նոր մրցույթ: Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո՝ մինչև նիստի ավարտը, հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները, որոնք կարող են բողոքարկվել 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:

Նշենք, որ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` խորհրդի նախագահին նախապես ներկայացնելով դիմում:

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728