«Մենք ունենք պետականության կործանման և մեր հայ տեսակի կորստի վտանգ»,-«Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության հիմնադրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց կազմակերպության հիմնադիր նախագահ՝ ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը:
Ըստ նրա՝ մեզ պառակտում են, և այս վտանգը հենց այդ պատճառով է առաջացել. «Առաջին պառակտումը գնաց միլիտարիզացիայի գաղափարներով, պառակտումները գնացին հին ու նորերով, սև ու սպիտակներով, կուսակցականներով և անկուսակցականներով»:
Գևորգ Գևորգյանը մտահոգված է՝ ամեն ինչ արվում է, որ ոտնահարվի ազգայինը, որ մեր տեսակը չլինի:
Հանդիսավոր արարողության ընթացքում ներկայացվեց կազմակերպության կայքէջը, նպատակները, առաքելությունը:
Կարդացեք նաև
«Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Արիստակեսյանը փաստեց՝ ոչ միայն հողով, այլև հոգով ենք շատ վիրավոր ու շարունակեց. «Այդ զգացումը միայն այսօր չի եղել: Դա եկել է պետականության սկզբից, ավելի վաղ, պարզապես մենք մեր պետության և պետականության հանդեպ գուցե եղել ենք ինչ-որ չափով ոչ շատ պատասխանատու»:
Գնահատելով ներկայիս իրավիճակը՝ Կարեն Արիստակեսյանը ցավով նշեց. «Բանտեցինք ազգային գործիչների, անվանարկեցինք ռազմական գործիչների ու հանգիստ նայեցինք, թե ինչպես է վայրկյան առ վայրկյան մեր ոտքի տակից գնում մեր հողը, մեր հայրենին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ